Ժորժ Բրասենս. Մեռնել հանուն գաղափարի
Մեռնել հանուն գաղափարի՝
ի՛նչ վեհասքանչ գաղափար է,
Այդ հանճարեղ գաղափարից ես չունեի գաղափար,
Սակայն դրա կրողները
կտրեցին իմ ճանապարհը՝
Հորդորելով ինձ դարձի գալ ու մտնել իրենց ճամբար.
Վրա տվին, և իմ մուսան,
Որ ապրում էր իր աշխարհում՝
Տարվեց նրանց գաղափարով, տեղի տվեց անճարակ՝
Հոգու խորքում, այդուհանդերձ,
անելով մի վերապահում՝
«Մեռնե՛նք հանուն գաղափարի, սակայն ո՛չ՝ այդքան արագ»։
Քանի որ մեզ կոտորելու
Պատճառ չկա իրականում,
Քայլենք դեպի էն աշխարհը՝ թրև գալով ճամփեքին,
Որ չպարզվի էգուց-էլօր
Թե՝ մեռել ենք գուցե հանուն
մի այնպիսի գաղափարի, որը պետք չէր ոչ մեկին,
Շատ անարդար բան կլինի
Խոստովանել վերջին պահին,
Որ պայքարի ճանապարհին մոլորվել ենք անճըրագ,
Ուստի՝ եկեք, ի սեր Աստծո,
Մի քիչ դանդաղ տրվենք մահին,
Մեռնե՛նք հանուն գաղափարի, սակայն ո՛չ՝ այդքան արագ։
Ամեն Հովհան Ոսկեբերան՝
Հանդերձյալ կյանք քարոզելիս
Ոտքը մի քիչ կախ է գցում՝ մնալով էս կողմերում,
Մեռնել հանուն գաղափարի՝
Ուրիշներին համոզելիս
Նախընտրում է է՛ս մի կյանքը, դա է նրան փող բերում,
Ու էդ բոլոր դերվիշները,
Որոնք Նոյին տարեկից են,
Դեգերում են ճամբարներում ու մատուցում պատարագ
Բոլոր մեռնող ջահելներին,
Մինչդեռ իրենք կողմնակից են
Մեռնել հանուն գաղափարի, սակայն ո՛չ՝ այդքան արագ։
Եւ ամեն մի նոր գաղափար
Պահանջում է Զոհաբերում,
Ու ձգվում են շարվեշարան աղանդները՝ ձեռք-ձեռքի
Ցուցանելու մի նոր ճամփա,
Պատրաստելու մի նոր սերունդ
Մեռնել հանուն գաղափարի՝ կապ չունի՝ թե ո՞ր մեկի,
Ու՝ քանի որ բոլոր դրանք
Երազում են իրենց հետքը
Թողնել մարդկանց շիրիմներին անիմաստ ու անառակ,
Խելոք մարդը տարակուսած
Կմտածի՝ գուցե պետք է
Մեռնել հանուն գաղափարի, սակայն ո՛չ՝ այդքան արագ։
Էլի ոչինչ, եթե գոնե
Մի բան փոխվեր ու վերջապես
Բոլոր կյանքները խորտակված մի օգտակար բան տային,
Եթե մի պահ դադար առներ
Մահվան պտույտն աղետաբեր,
Գուցե մի օր հայտնվեին մենք դրախտում երկրային,
Սակայն անվերջ ձգձգվում է
Մեզ խոստացյալ Ոսկեդարը,
Քանզի անկուշտ են Կուռքերը, նրանց ծարավը՝ անհագ,
Ու վերստին մեզ կանչում ու
հմայում է մահվան պարը.
Մեռե՛ք հանուն գաղափարի՝ ինչքան կարող եք՝ արագ։
Ո՜վ դուք, բարի առաքյալներ,
Որ՝ գերանդին ձեր ուսերին,
Հնձում եք արտը մարդկային աննահանջ ու աններում,
Մենք մեր տեղը ձեզ ենք զիջում,
Հանգիստ թողեք մյուսներին,
Կյանքը գուցե միակ բանն է, որ ունենք էս կողմերում։
Առա՜ջ, մահվան բարեխոսներ,
Մենք մեր հերթը ձեզ ենք տալիս,
Պետք չի այդպես գցել-բռնել այդքան երկար ու բարակ,
Եթե այդքան շատ եք ուզում,
Եթե այդքան դուր է գալիս՝
Մեռե՛ք հանուն գաղափարի՝ ինչքան կարող եք՝ արագ։
Թարգմանություն՝ ըստ Վահագն Աթաբեկյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել