HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Հայկական ակնաբուժության նախագծի նոր ծրագիր

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր մասնակցեց ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովին։

Ուղիղ 20 տարի առաջ ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունն անգնահատելի ներդրում ունեցավ Հայաստանում ձեռքբերովի կուրությունը կանխարգելման և ժամանակակից ակնաբուժությունը անգամ հեռավոր գյուղում ապրող հայի համար հասանելի դարձնելու գործում։ Բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ ՀԱՆ Երևանում միջազգային ակնաբուժական 11 համաժողով է անցկացրել, որոնք նպաստել են գործնականում կիրառվող բուժման նորագույն եղանակներն ակնաբուժական մեր բուժհաստատություններում ներդնելուն։

Համաժողովը բացելու պատիվը տրվեց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին։ Համաժողովին իր բարեմաղթանքներն էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ակնաբույժներին ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։

Դիմելով համաժողովի մասնակիցներին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց. «Այսօր, ներկայացուցչական այս համաժողովում ոչ միայն կամփոփվի անցած 20 տարիների բեղմնավոր աշխատանքը, այլև կմեկնարկի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» նոր ծրագիրը, որ ՀԱՆ-ն կիրականացնի ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոն, որի նպատակն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը: Մի ծրագիր, որ համահունչ է  ՀՀ կառավարության գերակայություններին` նպատակաուղղված երեխաների առողջության պահպանմանը և բարելավմանը»:

12-րդ համաժողովում բացի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի մեկնարկը, կամփոփվի ՀԱՆ-ի 20-ամյա արդյունավետ աշխատանքը և կանցկացվեն մասնագիտական քննարկումներ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter