Դպրոցականների 35%-ը առնվազն մեկ անգամ նարգիլե է օգտագործել․ առաջարկում են արգելել դրա օգտագործումը հանրային վայրերում
Հայաստանում առաջարկվում է արգելել հանրային սննդի օբյեկտներում և հանրային այլ տարածքներում նարգիլեի օգտագործումը, դրա վաճառքը և նարգիլեի միջոցով որևէ ծառայության մատուցումը։ Արգելքը կտարածվի ոչ միայն ծխախոտ կամ նիկոտին պարունակող, այլև այսպես կոչված «բուսական» նարգիլեների վրա։
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ։ Նախագծի հեղինակները փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում են հատկապես անչափահասների շրջանում նարգիլեի տարածվածությամբ և դրա անվնաս լինելու մասին թյուր պատկերացումներով։
Նախագծով սահմանվում է նաև նարգիլեի հասկացությունը։ Այն սարք է, որի միջոցով ծխախոտի կամ ծխախոտի տերև չպարունակող արտադրանքի այրման կամ տաքացման արդյունքում առաջացած աերոզոլը, գոլորշին կամ ծուխը ներշնչվում է հեղուկով լցված անոթի միջով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022թ.-ին Հայաստանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոցահասակ երեխաների 35 տոկոսը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ նարգիլե է օգտագործել։
Հետազոտության տվյալներով՝ 13 տարեկան տղաների 18 տոկոսը և աղջիկների 4 տոկոսն են երբևէ նարգիլե օգտագործել։ 15 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը տղաների դեպքում կազմել է 43, աղջիկների դեպքում՝ 13 տոկոս։ 17 տարեկան տղաների շրջանում ցուցանիշը հասել է 53 տոկոսի, իսկ աղջիկների շրջանում կազմել է 10 տոկոս։
Նախագծի հեղինակները նշում են, որ նարգիլեի օգտագործման վտանգները հաճախ թերագնահատվում են, հատկապես երբ այն ներկայացվում է որպես ծխախոտից կամ սիգարետից ավելի անվտանգ այլընտրանք։
«Բուսական» նարգիլեն նույնպես անվտանգ չէ
Հիմնավորման մեջ ներկայացված ուսումնասիրությունների համաձայն՝ նարգիլեի ծուխը պարունակում է ածխածնի մոնօքսիդ, խեժ և այլ թունավոր նյութեր։ Նույնիսկ այն արտադրանքները, որոնք չեն պարունակում նիկոտին կամ ծխախոտի տերև, կարող են առողջության համար վտանգավոր նյութեր արտազատել։
Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ նարգիլե ծխելիս օրգանիզմը ենթարկվում է զգալիորեն ավելի մեծ ծխային ազդեցության, քան մեկ սիգարետ ծխելիս։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նարգիլեի մեկ ժամ օգտագործելու ընթացքում մարդը կարող է ենթարկվել 100 անգամ ավելի մեծ ծխի ազդեցության՝ համեմատած մեկ սիգարետի հետ։
Հեղինակները շեշտում են, որ նարգիլեի ջրով լցված անոթը չի մաքրում ծուխը վնասակար նյութերից։ «Բուսական» նարգիլեների օգտագործման ընթացքում նույնպես կարող են առաջանալ ածխածնի մոնօքսիդ, մանր մասնիկներ, ծանր մետաղներ և այլ թունավոր միացություններ։ Որոշ ուսումնասիրություններում հայտնաբերվել են կապար, քրոմ, նիկել և մկնդեղ։
Հիմնավորման մեջ անդրադարձ կա նաև երկրորդային ծխին։ Նարգիլեի օգտագործման վայրերում օդի որակի ուսումնասիրությունները ցույց են տվել մանր մասնիկների և ածխածնի մոնօքսիդի բարձր մակարդակներ։ Այսինքն՝ վտանգի են ենթարկվում ոչ միայն նարգիլե օգտագործողները, այլև նույն տարածքում գտնվող մյուս մարդիկ։
Մեկ այլ խնդիր էլ նարգիլեի ընդհանուր օգտագործումն է։ Այն սովորաբար օգտագործում են խմբերով՝ նույն գուլպանը հերթով փոխանցելով միմյանց։ Ըստ նախագծի հեղինակների՝ այս հանգամանքը կարող է նպաստել վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի և հերպեսի փոխանցմանը։ Անգամ անհատական, մեկանգամյա գուլպաների օգտագործումը լիովին չի վերացնում այդ ռիսկը։
Նարգիլեի փաթեթավորման վրա նշված տվյալները կարող են մոլորեցնել
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նարգիլեի արտադրանքի փաթեթավորման վրա ներկայացված տեղեկատվությունը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։
Որպես օրինակ՝ բերվում է ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունը, որի ընթացքում ուսումնասիրվել է հինգ արտադրողի 15 տեսակի բուրավետ նարգիլեի ծխախոտ։ Պարզվել է, որ դրանցից 12-ի՝ 80 տոկոսի դեպքում նիկոտինի իրական պարունակությունն ավելի բարձր է եղել, քան նշված էր փաթեթավորման վրա։
Ուսումնասիրության համաձայն՝ այդ արտադրանքներում նիկոտինի իրական պարունակությունը փաթեթավորման վրա նշված ցուցանիշից 20-160 տոկոսով ավելի բարձր է եղել։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ սա կարող է մոլորեցնել սպառողներին, հատկապես երիտասարդներին, որոնք արտադրանքի մասին տեղեկություն են ստանում փաթեթավորման վրա նշված տվյալներից։
Այլ երկրներում նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում արգելված է
Հիմնավորման մեջ որպես միջազգային փորձի օրինակ ներկայացվում է Շվեդիան, որտեղ հանրային սննդի օբյեկտներում և սպասարկման այլ վայրերում նարգիլեի օգտագործումն արգելված է։
Նշվում է, որ նարգիլեի օգտագործումն արգելված է նաև Ուգանդայում, Տանզանիայում, Ռուանդայում, Պակիստանում, Հորդանանում, Սինգապուրում, Սաուդյան Արաբիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Այդ երկրներում արգելքը վերաբերում է նարգիլեին՝ անկախ դրա մեջ ծխախոտի կամ նիկոտինի առկայությունից։
Նախագծի հեղինակները վկայակոչում են նաև Եվրամիության 2014/40/ԵՄ դիրեկտիվը, որը կարգավորում է ծխախոտային և հարակից արտադրատեսակների արտադրությունը, ներկայացումն ու վաճառքը։ Դրա շրջանակում կարգավորվում է նաև ծխելու համար նախատեսված բուսական արտադրանքի օգտագործումը։
Նախագծով առաջարկվում է արգելել ոչ միայն նարգիլեի, այլև այն բոլոր սարքերի և սարքավորումների օգտագործումը, որոնք նախատեսված են օրգանիզմ աերոզոլ, գոլորշի կամ ծուխ ներշնչելու համար։
Արգելքը կվերաբերի նաև այդ սարքերի իրացմանը և դրանց օգտագործմամբ ցանկացած այլ ծառայության մատուցմանը։
Սահմանափակումները նախատեսվում է կիրառել հանրային սննդի օբյեկտներում և հանրային այլ տարածքներում։ Այսպիսով, կարգավորումը չի սահմանափակվի միայն նարգիլեի սրահներով կամ ծխախոտային արտադրանք պարունակող սարքերով։
Նոր կարգավորումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նախատեսվում է վերապահել տեղական ինքնակառավարման մարմիններին։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման հիմնական նպատակը հանրային սննդի օբյեկտներում և այլ հանրային տարածքներում նարգիլեի օգտագործումն ու դրա հետ կապված ծառայությունների մատուցումը կանխելն է՝ բնակչության առողջությունը պաշտպանելու համար։
Լուսանկարը՝ pixabay.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել