Արդյունավետ են համարվել խոզերի ժանտախտի և մորեխների դեմ պայքարի ծրագրերը
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյոււղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների գնահատման պատվիրակության մի խումբ անդամների՝ Մեթյու Քահանեի գլխավորությամբ: Նախարարը գոհունակություն հայտնեց ՊԳԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ընդգծելով վերջիններիս առանձնահատուկ դերն ու նշանակությունը ՀՀ գյուղատնտեսության զարգացման համար:
«Այստեղ կուտակված փորձը մեզ հուշում է, որ առանձին դեպքերում աշխատակարգերի պարզեցման պայմաններում հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների»,- նշեց նա:
Պարոն Քահանեն տեղեկացրեց, որ խմբի անդամները Հայաստանում ունեցել են շուրջ 100 հանդիպումներ, ուսումնասիրել 16 ծրագրեր, այցելել մարզեր՝ տեղում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:
Անցած տարիներին իրականացված ծրագրերը դրական և արդյունավետ գնահատելով՝ պարոն Քահանեն նշեց, որ դրանք հիմնականում նպատակ են հետապնդել բարելավելու գյուղատնտեսական կենդանիների առողջության, կենսաբազմազանության, անտառային տնտեսության, բույսերի պաշտապանության և գենետիկական ռեսուրսների պահպանության ոլորտների գործունեությունը:
Առանձնապես արդյունավետ և ժամանակին իրականացված ծրագրեր համարվեցին խոզերի աֆրիկյան ժանտախտի և մորեխների դեմ պայքարի ծրագրերը:
Այդ ընթացքում, ըստ պարոն Քահանեի, Հայաստանում ավելացել են ՊԳԿ ծրագրերի իրականացմանը մասնակցող հայ փորձագետները: Ձեռք բերված դրական արդյունքներին նպաստել է նաև ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի նպատակասլաց աշխատանքը:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հույս հայտնեց, որ ՊԳԿ-ՀՀ գյուղնախարարություն հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել