HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ինչ են հայտարարագրել թեկնածուները

Նոյեմբերյան խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Համայնքում ընդգրկված է 19 բնակավայր։ Այստեղ ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նոյեմբերյանում ավագանու անդամ կարող է լինել 27 անձ։

Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։

Ովքեր են գլխավորում կուսակցությունների ցուցակները

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրել է 43 անձի թեկնածություն։ Կուսակցության ցուցակում են Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, Բաղանիս, Ոսկեվան, Ջուջևան, Բերդավան բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ և այլք։

Կուսակցության ցուցակի առաջին թեկնածուն Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն է։

Նա հայտարարագրել է ընդհանուր 1,6 հա մակերեսով համատեղ սեփականությամբ 11 կտոր հողատարածք և 2024թ. արտադրության  Honda CMX  մակնիշի մոտոցիկլետ։ Ընթացիկ տարում նրա եկամուտը կազմել է 5 մլն 522 հազ. դրամ։ Դրամական միջոց չի հայտարարագրել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է 10 թեկնածուի, նրանց թվում են հսկիչ, ընկերության տնօրեն, գանձապահ, վաճառողուհի։ Կուսակցության թեկնածուներից 5-ը չի աշխատում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է «Անփորձանք» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Սիրադեղյանը։

Նա հայտարարագրել է բնակարան Այրում քաղաքում, որի համասեփականատերն է, 2 հողակտոր, որոնցից մեկը վարձակալությամբ է։ Հայտարարագրել է նաև 3 ավտոմեքենա՝ 1983թ. արտադրության Վազ-21, 1999թ. Opel Astra և 2004թ. BMW։

Ընթացիկ տարում Սիրադեղյանն ունեցել է 8 մլն 56 հազ. դրամ եկամուտ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ էլ ունեցել է 3,8 մլն դրամ և 5000 դոլար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է 51 անձի թեկնածություն, նրանց թվում են անհատ ձեռնարկատերեր, ՍՊ ընկերությունների տնօրեններ, համայնքապետարանի և դպրոցների աշխատակիցներ և այլք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Դիլիջանի գազի շահագործման մասնաճյուղի պետ Մխիթար Խաչիկյանն է։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 180,8 քմ մակերեսով բնակելի տուն Երևանում, 2 հողակտոր և 62,93 քմ մակերեսով մեկ հասարակական նշանակության շինություն Նոյեմբերյանում, ինչպես նաև՝ 2026թ. արտադրության Geely EX5 ավտոմեքենա։ Ընթացիկ տարում ունեցել է 16 մլն 372 հազ. դրամ եկամուտ։ Դրամական միջոցները կազմել են 8 մլն 520 հազ. դրամ և 7000 դոլար։

Ամենաշատ եկամուտ և դրամական միջոց ունեցող թեկնածուները

3 կուսակցություններից ամենաշատ եկամուտ ունեցող երեք անձինք «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն են։

Ամենաշատ եկամուտն ունեցել է ցուցակի 38-րդ համար Սեյրան Գաբրիելյանը։ Նա «Արարատբանկ»-ում հաճախորդների սպասարկման մասնագետ է, ընթացիկ տարում հայտարարագրել է ընդհանուր 29 մլն 549 հազ. դրամ եկամուտ, որից 28 մլն 699 հազարը «ԴԵՅԹԱ ԷՔՍՉԵՅՆՋ ԹԵՔՆՈԼԻՋԻՍ» ՍՊԸ-ից շահութաբաժին է ստացել, իսկ մնացած՝ 848 հազար դրամը, «Արարատբանկ»-ից աշխատավարձ։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 12,5 մլն դրամ և 3700 դոլար։ Ի դեպ, Սեյրան Գաբրիելյանն ամենաշատ դրամական միջոցներ ունեցող 2-րդ թեկնածուն է։

Գաբրիելյանը հայտարարագրել է նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 2 բնակելի տուն, 3 հողակտոր և մեկ Opel մակնիշի ավտոմեքենա։

Ամենաշատ եկամուտ ունեցող երկրորդ թեկնածուն ՔՊ ցուցակի 22-րդ համար Վահագն Մարտիրոսյանն է։ Նա «Քարդ Ագրոկրեդիտ» ՈւՎԿ ՓԲ ընկերությունում խնդրահարույց վարկերի բաժնի ղեկավարն է, նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,36%-ը։ Վահագն Մարտիրոսյանն ընթացիկ տարում ունեցել է ընդհանուր 18 մլն 820 հազ. դրամ եկամուտ և 800 հազ. դրամ գումար։

Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան և բնակելի տուն, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018թ. արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։ 

Ամենաշատ եկամուտ ունեցող երրորդ թեկնածուն 16 մլն 372 հազ. դրամ եկամուտով  ցուցակը գլխավորող Մխիթար Խաչիկյանն է։ 

Ամենաշատ դրամական միջոցներն ունեցողները նույնպես ՔՊ-ից են։

Ցուցակի 11-րդ համար Արայիկ Թորոսյանը 24 մլն 151 հազ. դրամով առաջատարն է։ Նրա դրամական միջոցները կազմել են 11 մլն 300 հազ. դրամ և 35 600 դոլար։ Ընթացիկ տարում ունեցել է 4 մլն 705 հազ. դրամ եկամուտ։ Հայտարարագրել է 2 հողակտոր Բագրատաշեն բնակավայրում։

Ամենաշատ դրամական  միջոցներ ունեցող հաջորդ թեկնածուները Սեյրան Գաբրիելյանն ու Մխիթար Խաչիկյանն են։ Ինչպես նշել էինք, նրանք նաև ամենաշատ եկամուտ ունեցողներն են։

3 քաղաքական ուժերի թեկնածուներից ամենաշատ գույքը հայտարարագրել է «Ապրելու երկիր» կուսակցության 2-րդ համար Քաջիկ Անանյանը։ Նա անհատ ձեռնարկատեր է, հայտարարագրել է ընդհանուր 1,3 հա մակերեսով 10 կտոր հողամաս և 4 ավտոմեքենա (1952, 1997, 2001 և 2004թթ. արտադրության)։ Նրա եկամուտն ընթացիկ տարում կազմել է 900 հազ. դրամ։

1.jpg (239 KB)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուները 10-ն են, նրանց կեսը գործազուրկ է։ Կուսակցության թեկնածուներից 7-ը տղամարդ է, 3-ը՝ կին։ Միջին տարիքը 34-ն է։

ԼՀԿ թեկնածուներից 5-ը եկամուտ չի ունեցել, մինչև 1 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել 3 անձ, իսկ դրամական միջոց՝ թեկնածուներից 5-ը։

2.jpg (209 KB)3.jpg (185 KB)

ՔՊ 51 թեկնածուներից 34-ը տղամարդ է, 17-ը՝ կին։ Կուսակցության թեկնածուների 29%-ը չի աշխատում։ 

4.jpg (244 KB)

Թեկնածուներից 31-ը հայտարարագրել է մինչև 5 մլն դրամ եկամուտ, 10 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել 3-ը։ Թեկնածուներից 16-ը դրամական միջոց չի հայտարարագրել։ 

5.jpg (207 KB)6.jpg (191 KB)

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում նույնպես գերակշռում են տղամարդիկ։ Կուսակցության 43 թեկնածուներից 29-ը տղամարդ է, 14-ը՝ կին։

7.jpg (261 KB)

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում յուրաքանչյուր երրորդ թեկնածուն չի աշխատում։

8.jpg (224 KB)9.jpg (188 KB)

Թեկնածուներից 9-ը եկամուտ չի հայտարարագրել, իսկ 28-ը՝ նաև դրամական միջոցներ։

Գլխավոր լուսանկարում՝ ձախից Նարեկ Սիրադեղյանը, Արսեն Աղաբաբյանը, Մխիթար Խաչիկյանը

Գլխավոր լուսանկարի ձևավորումն ու ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter