Քննարկվել են Հայաստան-Ռումինիա բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպմամբ: Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Նիկուշոր Դանը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը: Միաժամանակ, Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ այս այցը կարևորում է երկկողմ բազամոլորտ փոխգործակցության առկա ներուժն իրացնելու առումով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի խորացմանն ուղղված քայլերին: ՀՀ վարչապետն ընդգծել է նաև վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խթանման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները և նշել, որ երեկ տրվել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել