Նյութական պահուստի նոր համակարգ․ առաջարկվում է չծանուցել տնտեսավարողներին ստուգումների մասին
Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել նյութական պահուստի ձևավորման և կառավարման գործող համակարգը։ Նախատեսվում է առանձնացնել պետական և ռազմավարական պահուստները, ներդնել ռիսկերի գնահատման վրա հիմնված պլանավորում, մասնավոր ընկերությունների համար սահմանել պաշարներ ապահովելու պարտավորություններ, իսկ դրանց կատարումը ստուգել՝ առանց տնտեսավարողներին նախապես տեղեկացնելու։ Նախագծով առաջարկվում է նաև ռազմավարական պահուստի վերաբերյալ տեղեկությունները հանել պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկից։
«Նյութական պահուստի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը մշակել է Ներքին գործերի նախարարությունը, և ներկայացրել հանրային քննարկման։
Նյութական պահուստը կձևավորվի երկու բաղադրիչից
Նախագծով առաջարկվում է նյութական պահուստի համակարգը կազմավորել պետական և ռազմավարական պահուստներից։
Նոր համակարգի նպատակը ճգնաժամային իրավիճակներում պետության պատրաստվածությունն ապահովելն է, կենսական նշանակության համակարգերի անխափան աշխատանքը պահպանելը և բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ ապրանքների հասանելիությունն ապահովելը։
Հիմնավորման համաձայն՝ գործող մոտեցումը պետք է փոխարինվի այնպիսի համակարգով, որը հաշվի կառնի ոչ միայն անհրաժեշտ ապրանքների պաշարների կուտակումը, այլև հնարավոր սպառնալիքները, ճգնաժամային իրավիճակները և մատակարարման շղթաների խոցելիությունները։
Այսինքն՝ պետությունը պետք է նախապես գնահատի, թե ինչ ապրանքների կարիք կարող է առաջանալ արտակարգ իրավիճակներում, որքանով են դրանք հասանելի շուկայում և ինչ խնդիրներ կարող են առաջանալ դրանց մատակարարման ընթացքում։
Առաջարկվում է, որ այն ապրանքները, որոնց ձեռքբերումը ճգնաժամային պայմաններում շուկայական մեխանիզմներով հնարավոր չէ հուսալիորեն ապահովել, անմիջապես կուտակի պետությունը։ Իսկ այն ապրանքների դեպքում, որոնք անհրաժեշտ ծավալներով հասանելի են մասնավոր հատվածի միջոցով, կկիրառվեն ընկերությունների համար սահմանված պարտավորություններ և համագործակցության մեխանիզմներ։
Մասնավոր ընկերությունները պարտավորություններ կունենան
Նախագծով նախատեսվում է զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը և ներդնել պարտադիր պաշարավորման մեխանիզմներ։
Դրա նպատակն այն է, որ անհրաժեշտ ապրանքների որոշակի պաշարներ ապահովվեն ոչ միայն պետական պահեստներում, այլև մասնավոր ընկերությունների միջոցով։
Միաժամանակ նախատեսվում է ներդնել թվային մշտադիտարկման և տեղեկատվության շարունակական փոխանակման մեխանիզմներ։ Դրանք հնարավորություն կտան հետևելու առկա պաշարներին, գնահատելու դրանց բավարարությունը և անհրաժեշտության դեպքում վերանայելու ապրանքների ցանկն ու քանակը։
Ըստ հիմնավորման՝ այս մոտեցմամբ հնարավոր կլինի նաև պետական միջոցներն ավելի նպատակային օգտագործել և նախապես բացահայտել նյութական ապահովվածության հնարավոր բացերը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել նաև նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման ստուգումների կարգը։ Մասնավորապես՝ ստուգումները հնարավոր կլինի իրականացնել առանց տնտեսավարող սուբյեկտին նախապես տեղեկացնելու։
Նախարարությունը սա հիմնավորում է նրանով, որ ստուգումների նպատակը միայն փաստաթղթերի կամ հաշվառման համապատասխանությունը պարզելը չէ։ Կարևոր է նաև ստուգել՝ արդյոք ընկերությունն իրականում ունի անհրաժեշտ նյութական պաշարները, ինչ քանակությամբ և ինչ վիճակում են դրանք, ինչպես են պահպանվում և արդյոք կատարվում են պահուստավորման մյուս պահանջները։
Հիմնավորման համաձայն՝ նախնական ծանուցումը կարող է թուլացնել ստուգումների արդյունավետությունը։ Տնտեսավարողը, նախապես իմանալով ստուգման օրը և ժամը, կարող է միայն ստուգման պահին ժամանակավորապես ապահովել անհրաժեշտ պայմանները՝ առանց իր պարտավորություններն իրականում կատարելու։ Հետևաբար, նախարարությունը կարծում է, որ առանց նախնական ծանուցման ստուգումները հնարավորություն կտան պարզելու պարտավորությունների փաստացի կատարումը։
Ռազմավարական պահուստի մասին տեղեկությունները կարող են այլևս պետական գաղտնիք չլինել
Առաջարկվում է ռազմավարական պահուստին վերաբերող տեղեկությունները հանել պետական գաղտնիք համարվող տեղեկությունների շրջանակից։
Նախարարությունը նշում է, որ գործող կարգավորումները գործնականում դժվարություններ են առաջացնում։ Մասնավորապես՝ նյութական պահուստի հետ կապված պարտավորություններ ունեցող մասնավոր ընկերությունների աշխատակիցները ոչ միշտ կարող են ստանալ պետական գաղտնիքի հետ առնչվելու թույլտվություն։ Բացի այդ, ընկերությունների տարածքներում մարդկանց տեղաշարժը լիարժեք վերահսկելը դժվար է։
Պետական գաղտնիքի պաշտպանության հատուկ պահանջները նաև լրացուցիչ կազմակերպչական և փաստաթղթային բեռ են առաջացնում։ Ըստ հիմնավորման՝ դա բարդացնում է ռազմավարական պահուստի ձևավորումն ու կառավարումը և մեծացնում տեղեկությունների ոչ պատշաճ շրջանառության կամ բացահայտման վտանգը։
Փոխարենը առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները դասել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին։ Այսպիսով՝ դրանց հասանելիությունն ու փոխանցումը նույնպես կսահմանափակվեն, սակայն պետական գաղտնիքի պաշտպանության ամբողջ հատուկ ռեժիմը չի կիրառվի։
Զորահավաքային պահուստը կառանձնացվի
Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև տարանջատել նյութական պահուստի և զորահավաքային պահուստի գործառույթները։
Հիմնավորման համաձայն՝ զորահավաքային պահուստը նախատեսված է երկրի զորահավաքային կարիքների բավարարման համար, իսկ պաշտպանության ոլորտի կարիքների պլանավորումն ու ապահովումն իրականացնում է այդ ոլորտի իրավասու մարմինը։
Ուստի առաջարկվում է ինստիտուցիոնալ առումով առանձնացնել նյութական պահուստի կառավարումը պաշտպանական կարիքների կառավարման համակարգից։
Նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման։ Սակայն հիմնավորման մեջ նշվում է, որ այս փուլում հնարավոր չէ գնահատել լրացուցիչ ծախսերի չափը՝ համապատասխան տվյալների բացակայության պատճառով։
Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել