HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է ՔԶԱԿ-ի համաժողովի 31-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը: Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։

Անդրադառնալով միջազգային անվտանգության առկա մարտահրավերներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՔԶԱԿ-ի կարևոր դերակատարությունը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում՝ նշելով, որ Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային զինաթափման և չտարածման համակարգի հիմնասյուներից է։ Այս համատեքստում կարևորվել է մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության, թափանցիկության և կառուցողական համագործակցության ամրապնդումը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նոր և զարգացող  տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և քիմիական գիտությունների առաջընթացին՝ ընդգծելով դրանց պատասխանատու և խաղաղ նպատակներով կիրառման կարևորությունը, ինչպես նաև հնարավոր չարաշահումների կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև քիմիայի խաղաղ կիրառության խթանման, միջազգային գիտական համագործակցության և մասնակից պետությունների գիտատեխնիկական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել ՔԶԱԿ-ի ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության, գիտելիքների փոխանակման և տեխնիկական կարողությունների զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվել է նաև կենտրոնին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության և աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքների վրա՝ ընդգծելով մասնակից պետությունների միջև կառուցողական երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter