HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է շուրջ 141․6 մլն դրամ հատկացնել մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման և ժամանակակից գիտական սարքավորման ձեռքբերման նպատակով։ Ստորեւ՝ ԿԳՄՍՆ հաղորդագրությունն այդ մասին։

2026 թ․ բյուջեի վերաբաշխման արդյունքում 42,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԳԱԱ նախագահության վարչական շենքի հարակից՝ «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող շուրջ 700 քմ ընդհանուր մակերեսով շինության հիմնանորոգմանը։ Մարշալ Բաղրամյան 24/6 հասցեում գտնվող այս շինությունում ՀՀ անկախացումից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Հիմնանորոգումից և բարեկարգումից հետո տարածքը կվերածվի բազմաֆունկցիոնալ գիտական և հանրային կենտրոնի, որտեղ կանցկացվեն միջազգային և հանրապետական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, երիտասարդ գիտնականների համաժողովներ, համահայաստանյան դպրոցական և ուսանողական գիտական փառատոներ, գիտության հանրայնացման միջոցառումներ։

Միաժամանակ, ըստ նույն որոշման, 98,7 մլն դրամ կհատկացվի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար գենետիկական անալիզատորի ձեռքբերմանը՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում։

Նոր սարքավորումը կնպաստի ինստիտուտի հետազոտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից գիտական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների բարելավմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter