HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է ստեղծել կենդանիների առողջության, հաշվառման և շարժի վերաբերյալ տվյալների շտեմարան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ստեղծել «Հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ» տվյալների շտեմարան, որը կներառի կենդանիների առողջության, համարակալման, հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկություններ։

Շտեմարանի կառավարիչը կլինի հենց էկոնոմիկայի նախարարությունը։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով նախատեսվում է սահմանել շտեմարանի կառուցվածքը, տեխնիկական և անվտանգության պահանջները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար տվյալներից օգտվելու կարգը։

Շտեմարանում կներառվեն կենդանիների հաշվառման, տեղաշարժի, անասնաբուժական տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ անասնատերերի և տնտեսությունների մասին։ Կսահմանվեն նաև տվյալների հավաքագրման աղբյուրները, պաշտպանության մեխանիզմները, գործողությունների գրանցման և տեղեկատվական անվտանգության միջադեպերին արձագանքելու պահանջները։

Նախարարության հիմնավորմամբ՝ ներկայում շտեմարանի կառուցվածքը, տվյալների հասանելիության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև դրանց պաշտպանության ու գործողությունների գրանցման կարգը միասնական իրավական ակտով սահմանված չէ։ Դա դժվարացնում է տվյալների ամբողջականության, ճշգրտության, արդիականության և հետագծելիության ապահովումը, ինչպես նաև շահագրգիռ մարմիններին և անձանց տվյալների հասանելիության թափանցիկ ու կանխատեսելի տրամադրումը։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարձրացնել տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության մակարդակը, պարզեցնել վարչարարությունը և զարգացնել ոլորտի վիճակագրական ու վերլուծական կարողությունները։

Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter