Թևակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարևոր փուլը. վարչապետ
Կառավարությունը հավանություն է տվել «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ Որոշմամբ գործադիրը լիազորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ՀՀ Կառավարության անունից՝ «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել համաձայնագիրը։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, այն ՀՀ-ի և ԱՄՆ-ի՝ 2026 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրի կիրարկման կարևորագույն քայլերից մեկն է։ Ըստ փոխնախարարի՝ բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։
«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը։ Միաժամանակ, համաձայնագրով ամրագրվում է ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերով որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության շատ գործուն մեխանիզմներ։ Այս առումով հատկապես կարևոր է համաձայնագրի, այսպես կոչված՝ վերապահված հարցերի ինստիտուտը։ Համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի՝ այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը և ծրագրերին 3-րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրի պայմանների սահմանումը, ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության առանցքային որոշումները, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը և գնումների քաղաքականությունը։ ՀՀ Կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,-ասել է ՏԿԵ փոխնախարարը։
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ այսպիսով՝ բաժնետիրական համաձայնագրով ձևավորվում է կառավարման այնպիսի մոդել, որը մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների ներգրավման և ընկերության արդյունավետ կառավարման գործում, իսկ մյուս կողմից՝ ՀՀ մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը, և երաշխավորում է մեր պետական ու տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները։
Նախարարի տեղակալը հավելել է նաև՝ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական փուլ տեղափոխելու, տարածաշրջանային հաղորդակցության զարգացման և Հայաստանի տնտեսական ու տարանցիկ ներուժի իրացման ուղղությամբ։ «Համաձայնագրի ստորագրմանը արդեն կհաջորդի TRIPP զարգացման ընկերության հիմնադրումը և գործունեության ծավալումը ՀՀ-ում»,-ասել է փոխնախարարը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այսպիսով՝ թևակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարևոր փուլը։ Եվ այս փուլում արդեն իսկ արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելը։ Այն 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա իրականացնել աշխատանքները։ Արդեն իսկ այս երկուշաբթի սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ տեղում, մասնավորապես, երկաթուղային հատվածում, մաքրման, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ հիմա նաև ճանապարհի և ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներ ենք իրականացնում։ Այդ ամենն անում է ՀՀ կառավարությունը։ Երբ TRIPP զարգացման ընկերությունն արդեն ամբողջությամբ ձևավորված կլինի, գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն, և հնարավորինս քիչ ժամանակ կորցնենք»։ Վարչապետը հավելելով՝ շեշտել է, որ սա անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել