HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԵՄ-ի ֆինանսավորած 4 մլն եվրոյի ծրագրի ղեկավարի և ևս երեք անձի գործը ուղարկվել է դատարան

Եվրամիության ֆինանսավորմամբ Վանաձորում և Գյումրիում իրականացված ծրագրի շրջանակում մի քանի անձի մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, գումարների հափշտակության, պաշտոնեական կեղծիքի և փողերի լվացման համար։ Գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Մեղադրանքի համաձայն՝ ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է ծրագրի միջոցները, ստացել առանձնապես խոշոր չափերով կաշառք, հափշտակել իրեն վստահված գույքը և կատարել փողերի լվացում։

Ն. Լափաուրիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021-2024 թվականներին եղել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացված «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կանաչ և կայուն կառավարման» ծրագրի ղեկավարը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։ Վանաձոր և Գյումրի համայնքները նույնպես մասնակցել են համաֆինանսավորմանը։

Լափաուրին պատասխանատու էր եղել ծրագրի տեխնիկական ղեկավարման, վարչական վերահսկողության, պայմանագրերի և ֆինանսների կառավարման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ԵՄ-ին ֆինանսական և գործունեության հաշվետվություններ ներկայացնելու համար։ Նա նաև ծրագրի անունից հարաբերություններ էր վարում համայնքների, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների հետ։

Ըստ մեղադրանքի՝ Լափաուրին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով գումարի վատնում, ստացել առանձնապես խոշոր չափերով կաշառք, իր լիազորություններն օգտագործել ծառայողական շահերին հակառակ՝ վնաս պատճառելով ծրագրի և Վանաձոր ու Գյումրի համայնքների օրինական շահերին։ Նրան մեղադրում են նաև պաշտոնեական կեղծիք կատարելու, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Դավիթ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նա ծրագրի շրջանակում հասարակական տրանսպորտի քաղաքականության և կառավարման փորձագիտական ծառայություններ է մատուցել։ Մասնավորապես, աջակցել է Վանաձորում և Գյումրիում էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտի վերաբերյալ քաղաքականության և իրավական փաստաթղթերի մշակմանը, էլեկտրական ավտոբուսների շահագործման, տոմսերի և դրանց վավերացման համակարգերի, լիցքավորման ենթակառուցվածքների ու երթուղիների նախագծման հարցերով խորհրդատվություն տրամադրելուն։

Ըստ մեղադրանքի՝ Մելքոնյանը խորհուրդներ, միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է Լափաուրիին և ինքնությունը չպարզված այլ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Մկրտիչ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել նույն կաշառքի ստացմանը օժանդակելու համար։ Նա փոխկապակցված անձ է «Սենա Մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Գիա Ալիխանաշվիլիի հետ։ Ընկերությունը ծրագրի շրջանակում կազմակերպված միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել։

Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է Լափաուրիին և ինքնությունը չպարզված այլ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Ղուկաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ծրագրի միջոցների հափշտակությանն ու պաշտոնեական կեղծիքին օժանդակելու համար։ Նա ծրագրում ֆինանսական և վարչական հարցերով օգնական է եղել։

Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանի պարտականություններից էր աջակցել հաշվապահական հաշվառման վարմանը, ֆինանսական հաշվետվությունների կազմմանն ու ներկայացմանը, ստուգել և հաշվառել վճարային փաստաթղթերը, աջակցել ծրագրի աշխատակիցների հետ պայմանագրերի կնքմանը, կատարել ֆինանսական և վարչական առաջադրանքներ, ինչպես նաև տրամադրել ծրագրի ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ և կազմակերպել ծրագրի վարչական ու լոգիստիկ աշխատանքները։

Մեղադրանքի համաձայն՝ Ղուկասյանը միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է Լափաուրիին և այլ անձանց՝ խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հարցում։

Նշենք, որ նշվածը նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզածն է։ Սակայն մեղադրյալների մեղավորությունը հաստատված է համարվում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։

«Ազատություն» ռադիոկայանը դեռևս 2026թ.-ի փետրվարին անդրադարձել էր ծրագրի իրականացման ընթացքին։ Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ 2021թ.-ից Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին 4 միլիոն եվրո էր տրամադրել՝ Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, էկոլոգիապես մաքուր տրանսպորտ ներդնելու, փողոցների մաքրման ավելի հարմարավետ սարքեր ձեռք բերելու, աղբի վերամշակման հոսքագծեր և տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու, ինչպես նաև ուսուցման ծրագրեր կազմակերպելու նպատակով։

Սակայն, ըստ լրատվամիջոցի, ծրագրի մեկնարկից հինգ տարի անց Գյումրիում նախատեսված հինգ էլեկտրական ավտոբուսները դեռևս չէին գործարկվել, իսկ շինարարական սալիկների արտադրության համար նախատեսված վերամշակման հաստոցները, որոնք կարող էին օրական մեկ տոննայից ավելի արտադրանք թողարկել, քաղաքում չկային։ Ծրագրի մյուս բաղադրիչների իրականացման վերաբերյալ ևս հստակ տեղեկություններ չկային։

Վանաձորում էլեկտրական ավտոբուսները, թեև ուշացումով, այնուամենայնիվ, դուրս էին եկել երթուղի։ Այդուհանդերձ, ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին դեռ մեկ տարի առաջ «Ազատությանն» ասել էր, որ ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանից պահանջել է վերադարձնել ծրագրի գումարի մի մասը՝ պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ 

«Ազատության» տեղեկություններով՝ երկու համայնքներին հասցված վնասը գնահատվում է շուրջ 2,5 միլիոն եվրո։ Դա ծրագրի ընդհանուր գումարի կեսից ավելին է։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter