HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ալժիրի չորս քաղաքացիներ փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը. գործը դատարանում է

Ալժիրի չորս քաղաքացիներ մեղադրվում են նախնական համաձայնությամբ խմբով Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։ Դեպքը տեղի է ունեցել 2026թ.-ի հոկտեմբերի 9-ին՝ Արմավիրի մարզում՝ «Բագարան» սահմանային ուղեկալի պահպանության տարածքում։ Նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ մեղադրանքի՝ Ալժիրի քաղաքացիներ Իլյաս Քոուաշին, Մուհամեդ Շերիֆը, Սոֆիան Քոուաշին և Մուհամեդ Բիլկասմին նախապես համաձայնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության հատել Հայաստանի պետական սահմանը և մուտք գործել Թուրքիա։

Մեղադրանքի համաձայն՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, չորս քաղաքացիները ժամանել են Արմավիրի մարզում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության զորամասի «Բագարան» ուղեկալի պահպանության տարածք։

Նրանք, ըստ մեղադրանքի, քաղաքացիական անձանց համար արգելված տարածքում փորձել են հաղթահարել ինժեներատեխնիկական արգելապատնեշները և անցնել հայ-թուրքական սահմանը։ Սակայն սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են նրանց, ինչի հետևանքով սահմանը հատելու փորձը չի ավարտվել։

Չորս քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին և վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ կայացված չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter