Ամասիայի համայնքապետը 9.2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը՝ 200 հազար դրամ
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ ավագանին 9.2 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել է և այն 20 տարով՝ տարեկան ընդամենը 200 հազար դրամով, վարձակալության է հանձնել «Լիչի» ՍՊԸ-ին։ Ընկերության սեփականատերը համայնքապետի ամուսինն էր, իսկ տնօրենը՝ որդին։ Այսպիսով, համայնքապետը մասնակցել է իր ընտանիքին պատկանող բիզնեսի համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը։ Թեև ընկերության սեփականատերը հետագայում փոխվել է, համայնքապետի որդին շարունակում է ղեկավարել այն։ «Լիչի» ՍՊԸ-ն զբաղվում է Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում հրաբխային խարամի արդյունահանմամբ։
Ընդերքօգտագործման իրավունքը և հողամասի վարձակալությունը
2023 թվականի օգոստոսին «Լիչի» ՍՊԸ-ն դիմել է ՏԿԵ նախարարություն Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի տարածքում՝ Կապույտկոխի (Կապույտ-Կոխի) հրաբխային խարամի հանքավայրում ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար։ 2024 թվականի մարտին նախարարությունը տրամադրել է ընկերությանը այդ իրավունքը։
Ընդերքօգտագործման իրավունք ստանալուց մեկ ամիս առաջ էլ «Լիչի» ՍՊԸ-ն ստացել էր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը։
ՇՄԱԳ դրական եզրակացությունը ստանալուց հետո Ամասիա համայնքի ավագանին որոշել է 9.2 հա մակերեսով հողամասը, հրաբխային խարամների արդյունահանում իրականացնելու նպատակով, վարձակալությամբ տրամադրել «Լիչի» ՍՊԸ-ին՝ 20 տարի ժամկետով։ Հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է 200.000 դրամ։
Հողամասը վարձակալության տրամադրելուց առաջ էլ ավագանին փոխել էր դրա նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով արդյունաբերական և ընդերքօգտագործման։
Ավագանու այս որոշումներն ընդունվել են Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ։ Նա նաև կողմ է քվեարկել այս որոշումների ընդունմանը։
Ի՞նչ է հրաբխային խարամը
Հրաբխային խարամը հրաբխային ապարների փքված, անկանոն, ծակոտկեն բեկորն է: Այն առաջանում է պայթյունային հրաբխային ժայթքման ժամանակ։ Հրաբխային խարամն օգտագործվում է շինարարության մեջ։ Այն օգտագործվում է բետոնի, ձայնամեկուսիչ իրերի արտադրության մեջ։ Հայաստանում հրաբխային խարամի պաշարները տարածված են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում և Երևանի շրջակայքում։
Ո՞վ է «Լիչի» ՍՊԸ-ի սեփականատերը
«Լիչի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերության հիմնադիրը Լիլիթ Չիլչիլյանն է։ 2023-ին ընկերության 100% փայատեր է դարձել Մարսել Կարապետյանը։ Նա Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ամուսինն է։ Նույն թվականին ընկերության տնօրեն է դարձել համայնքապետի որդին՝ Հայկ Կարապետյանը։
Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ համայնքի ավագանին կողմ է քվեարկել նախ 9.2 հա մակերեսով հողամասի կատեգորիան փոխելու, ապա այդ հողամասը 20 տարով «Լիչի» ՍՊԸ-ին վարձակալության տալու որոշումներին։ Հետաքրքրական է նաև, որ հողամասի վարձակալության մեկ քմ-ի տարեկան վճարը սահմանվել է 2.17 դրամ։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում ասվում է, որ պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց։ Նույն հոդվածում նաև նկարագրված է, թե ինչ է շահերի բախումը։ Ըստ այդմ, շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:
«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
- իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
- իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը
- իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը
- իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»,- նշված է օրենքում։
2026 թվականի հուլիսին, երբ ընկերությունը բարեհաջող ստացել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և համայնքից վարձակալել էր հողամասերը, Մարսել Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից։ Ընկերության սեփականատերն այժմ Միհրանուշ Աբգարյանն է։ Իսկ համայնքապետի որդին՝ Հայկ Կարապետյանը, շարունակում է ղեկավարել ընկերությունը։
Ջեմմա Հարությունյանից փորձեցինք պարզել՝ արդյոք նա այս իրավիճակում շահերի բախում չի՞ տեսնում։ Համայնքապետն ասաց, որ ամուսինը այլևս «Լիչի» ՍՊԸ-ի սեփականատերը չէ, և ինքը շահերի բախում չի տեսնում։ Հիշեցնենք՝ որոշումների ընդունման պահին (2024-2025 թթ.) սեփականատերը հենց ամուսինն է եղել, իսկ օրենքն արգելում է հենց որոշման կայացմանը մասնակցելը։ Անգամ հիմա՝ 2026-ին, ընկերության տնօրենը շարունակում է մնալ համայնքապետի որդին, որը նույնպես օրենքով փոխկապակցված անձ է։
Այլ հարցերի Հարությունյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ քարոզարշավի մեջ է և առաջարկեց զանգել երկու ժամ հետո։ Իսկ երբ պայմանավորված ժամին զանգեցինք համայնքապետին, նա կրկին ասաց, որ զբաղված է և խոստացավ ավելի ուշ զանգել։ Սակայն, մինչև օրվա ավարտը այդպես էլ մեզ հետ կապ չհաստատեց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել