
Գյումրիի 8-րդ Բիենալեն շահեկանորեն տարբերվում է նախորդներից տեղացի արվեստագետների ընդգրկուն կազմով
Գյումրիի 8-րդ Բիենալեի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի դահլիճում: Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը ողջունեց հավաքվածներին եւ ազդարարեց Բիենալեի սկիզբը: Փոքրիկ դահլիճում հիմնականում երիտասարդ արվեստագետներ էին, բեմին` Բիենալեի հիմնադիրներն ու համադրողները:
Այս անգամ եւս իր տեսակի մեջ մշակութային եզակի միջոցառումն իրենց ներկայությամբ չէին պատվել ոչ մարզային, ոչ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գոնե մշակույթի բաժնի ղեկավարների մակարդակով: Նախորդ Բիենալեի ժամանակ եւս նույն իրավիճակն էր: Համաքաղաքային տոնի վերածելու հիմնադիրների գաղափարը, փաստորեն, իրականություն դարձավ միայն առաջին երկու Բիենալեների ժամանակ:
Սակայն նկատելի էր, որ 8-րդ Բիենալեն շահեկանորեն տարբերվում է նախորդից տեղացի արվեստագետների ընդգրկուն կազմով: Թեեւ Բիենալեի սկիզբն ազդարարվել էր ժամը 15-ին, դա չէր խանգարել կազմակերպիչներին` մասնակիցների ու հյուրերի համար ակցիաներով հագեցած օր կազմակերպելու: Նախ պերֆորմատիվ ակցիա Ակադեմիայի հետնաբակում հայտնի աբստրակտ նկարիչ Քիքիի` Գրիգոր Միքայելյանի ներկայացմամբ: Գետնին փռված սպիտակ մեծ թղթի վրա Քիքին դնում է ավելն ու ներկով դույլը, հանում է կոշիկներն ու սկսում…ստեղծագործել:
«Այն, ինչ հայտնվում է սպիտակ թղթին, երկրորդ անգամ չի կրկնվելու` դրանք այդ պահին ինձ տանջող մտքերի խառնաշփոթն է, որից ազատումն ահա այսպիսի պատկերներ է ծնում,- ասում է Քիքին,-թղթի վրա մեր ներսում գտնվող «Բոբոն» է: Դա հակամարդն է, որ նստած է մեր ներսում, այն վախն ու սարսափը, անհայտն ու անբացատրելին, որ կա մեր ներսում»:
«Կազա» հիմնադրամի սրահներից մեկում գյումրեցի երիտասարդ արվեստագետների գործերի ցուցադրումն է: Կրկին գետնահայաց ցուցադություն: Գյումրեցի Ալեքսեյ Մանուկյանի «10 մետր» նախագիծն է, որտեղ ժամանակն ու տարածությունը խաչաձեւվում են` ստեղծելով տարբերություն, ինքնություն, անցյալի եւ ներկայի բարդ համակցություն: Արտատպելով գետինը հեղինակը փորձում է վերանայել ավանդական վերաբերմունքը արվեստի նկատմամբ` թանգարանային արվեստի «не трогать руками» կարգախոսը հակադրելով փողոցային գետնարվեստի «топтать ногами»-ով: Կոյակը հեղինակի կողմից դիտարկվում է որպես նոր ելք ակնկալող ճանապարհի մուտք`ազատություն: Գետնարվեստի արտատպման միջոցով հնարավոր է դառնում մի տարածքի իրական չափի տեղափոխումը մեկ այլ տարածք, որպես իրականության հետ իրական հաղորդակցում: Որեւէ երկրից հեղինակի ֆիզիկական բացակայության ժամանակ այլ մասնակիցների կողմից արտատպված գետնային հատվածը առաջացնում է հեղինակի մոտ այդ երկրի վիրտուալ ներկայության զգացողություն:
Մեկնաբանել