Նաիրի, Աբովյան և Նոր Հաճն համայնքներում ավագանու մանդատի համար պայքարում են ՔՊ–ն և նրան աջակից կուսակցությունների թեկնածուները
Նաիրիի երկարամյա ղեկավարն այս անգամ առաջադրվել է ՔՊ-ի հետ դաշինքով
Դեկտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ տեղի կունենան Կոտայքի մարզի Նաիրի, Աբովյան և Նոր Հաճն համայնքներում։ Այս համայնքներում ավագանու մանդատի համար հիմնականում պայքարում են իշխող քաղաքական ուժը ու նրան հարող կուսակցությունները։ Բացառություն է Նաիրի համայնքը, որտեղ հինգ քաղաքական ուժ է մասնակցում ավագանու ընտրություններին, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Իշխանությունը ներկայացել է «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքով, որում միավորվել են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Միասին հանուն համայնքի» կուսակցությունները։ Մասնակցում են նաև իշխանամետ «Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցությունը» և «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»։ 2026թ․-ի ավագանու ընտրությունների համար իշխանության ընտրած՝ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով ներկայանում է Նաիրի համայնքի երկարամյա ղեկավար Նորայր Սարգսյանը։
Նորայր Սարգսյանը 1999թ․-ից Եղվարդ համայնքի ղեկավարն էր և արդեն 27 տարի զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը։ Սկզբում եղել է անկուսակցական, այնուհետև անդամագրվել է «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»։ Շարունակաբար վերընտրվել է և գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ Եղվարդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է եղել։ Միայն 2008թ․-ին է մրցակից ունեցել, որից կրկնակի ավել ձայներ է ստացել։ 2017թ․-ին ընտրվել է Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար։
2021թ․-ի ՏԻՄ համամասնական կարգով ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Վերակազմյալ սոցիալ–դեմոկրատ հնչակյան» կուսակցության կողմից, բայց՝ անկուսակցական։ 2021թ․-ին խոշորացված Նաիրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում էր ևս 5 կուսակցություն, նրա հիմնական մրցակիցը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր Նորայր Սարգսյանի գլխավորած ընտրացուցակի օգտին, նրանք ունեցան 13 մանդատ, ՔՊ-ն՝ 8։
Առաջիկա՝ դեկտեմբերի 13-ի ավագանու ընտրություններին ՔՊ-ն որոշեց միավորվել «Միասին հանուն համայնքի» կուսակցության հետ և Նաիրի համայնքի երկարամյա, անպարտելի մրցակցին ներկայացնել դաշինքի թեկնածու։ Ն․ Սարգսյանը գլխավորում է «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի ավագանու ընտրացուցակը։ 2026թ․-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի դաշնակից «Միասին հանուն համայնքի» կուսակցությունը հանդիսանում է «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» իրավահաջորդը։
Մամուլում տարբեր հրապարակումներ են շրջանառվում Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի նկատմամբ վերջին տարիներին հարուցված քրեական գործերի վերաբերյալ, սակայն քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան։
Ո՞ւմ բաժին կհասնեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեները
Աբովյան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է Հովհաննես Աբրահամյանը։ Նա Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է և Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի նախագահը։ ՔՊ-ն երրորդ անգամն է Աբովյան համայնքում ընտրությունների մասնակցում։ Նախորդ երկու ընտրությունների ժամանակ պարտվել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ)։
Աբովյան համայնքի ղեկավարի 2019թ․ հունիսի ընտրություններում, ՔՊ–ի առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվեց ԲՀԿ–ի առաջնորդի աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գևորգյանին։ 2021թ․–ին խոշորացված Աբովյան համայնքում ՏԻՄ համամասնական կարգով ընտրություններին ՔՊ–ի ավագանու ցուցակը գլխավորում էր կուսակցական Պավել Ցուգունյանը, որը պարտվեց ԲՀԿ-ից առաջադրված ներկայիս գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին։
Դեկտեմբերի 13-ի ընտրություններին ևս երկու կուսակցություն է մասնակցում՝ իշխանամետ «Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցությունը» և Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Սակայն այս անգամ էլ Աբովյանում հիմնական մրցակցությունը լինելու է ՔՊ-ի և համայնքի գործող ղեկավար Էդուարդ Բաբայանի միջև։ 2021թ․-ին վերջինիս քաղաքական հենարանը ԲՀԿ-ն էր, և նրանք 13 մանդատ ունեցան ավագանու կազմում։ ՔՊ-ն 10 մանդատ ստացավ, նախորդ ընտրություններում ՔՊ–ի ընտրացուցակները գլխավորող երկու թեկնածուներն էլ այժմ Աբովյան համայնքի ավագանու անդամ են։
Գործող ղեկավար Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ կուսակցությունն է ներկայացրել 2021թ․-ին, այժմ իշխանամետ «Գործարար» կուսակցության ավագանու ընտրացուցակն է գլխավորում։ Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ նա աջակցեց ոչ թե ԲՀԿ-ին, որի աջակցությամբ ընտրվել էր համայնքի ղեկավար, այլ ՔՊ-ին։ Այդուհանդերձ, ՔՊ-ն նրան ուղղակիորեն իր թեկնածու չառաջադրեց՝ փոխարենը հնարավորություն տալով անկուսակցական ներկայացող Է․ Բաբայանին մասնակցել իրեն աջակցող «Գործարար» կուսակցության ցուցակով։
Եթե կարողանա հաղթել մրցապայքարում՝ համայնքը կղեկավարի ՔՊ-ի աջակցությամբ։
Նոր Հաճն համայնքում երեք թեկնածու կպայքարի ՔՊ-ի վստահությունը շահելու համար
Նոր Հաճնում պայքարը «Քաղաքացիական պայմանագրի» և նրա քաղաքական աջակից կուսակցությունների ներկայացրած թեկնածուների միջև է։ Այս համայնքում ՔՊ-ին ներկայացնում է կուսակցության անդամ, «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերության վաճառքի ցանցի ղեկավար Գրիգորի Երանոսյանը։
Նոր Հաճնը արդեն 17 տարի ղեկավարող Գագիկ Մաթևոսյանը ներկայանում է «Միասին հանուն համայնքի» կուսակցության անունից։ Նա 2009թ․-ից մինչ օրս Նոր Հաճն համայնքի ղեկավարն է, եղել է ԲՀԿ անդամ։ 2021թ․–ին նրա գլխավորած «Գագիկ Մաթևոսյան դաշինք»-ում միավորվել էին իշխանամետ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը» ( նախագահ՝ Լևոն Շիրինյան) և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը» (այժմ՝ «Միասին հանուն համայնքի»)։ 2021թ․ դեկտեմբերին «Գագիկ Մաթևոսյան» դաշինը ստացել էր ընտրողների 50.7% ձայները և ստացավ 11 մանդատ՝ ավագանու կազմում ապահովելով մեծամասնություն։
2025թ․ օգոստոսին որոշ լրատվամիջոցներ տարածեցին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հաղորդագրությունը, ըստ որի՝ «ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նոր Հաճն համայնքի ղեկավարը 122 մլն դրամ արժողությամբ հողերը վաճառել է 193 հազար դրամով։ Համայնքի վարչական սահմաններում գտնվող 0.05 հա-ից մինչև 4.5 հա մակերեսներով ընդհանուր շուրջ 121 մլն 796 հազար դրամով 6 ընդհանուր օգտագործման արոտավայրերը 2022-2023թթ. ընթացքում ուղղակի վաճառքով օտարել է 1 իրավաբանական և 5 ֆիզիկական անձանց՝ ընդամենը շուրջ 193 հազար դրամով։ Կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե»։
Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ մի տեղեկություն չի հայտնել այս գործի մասին։ Գլխավոր դատախազության 2026թ․ սեպտեմբերի հաղորդագրությունը հավանաբար, այս դեպքին էր վերաբերում։ «Դատախազության և ֆիզիկական 4 անձանց միջև պետական շահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների հիման վրա՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքին կվերադարձվեն Մրգաշեն բնակավայրում գտնվող 21.12 հա ընդհանուր մակերեսով, 341 մլն 686 հազար դրամ շուկայական արժեքով 4 հողատարածքներ»,– ասվում էր հրապարակման մեջ:
Գագիկ Մաթևոսյանի անունը կապվում է ևս մեկ սկանդալային դեպքի հետ․ 2023թ․ հոկտեմբերին Ոստիկանությունը հաղորդեց, որ Նոր Հաճնում երկու քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը: Այնուհետև տեղեկացվեց, որ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել:
Նոր Հաճնում ավագանու մանդատի համար հայտ ներկայացրած երրորդ քաղաքական ուժը «Գործարար» կուսակցությունն է։ Նրա ավագանու ընտրացուցակը գլխավորում է Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար, նախկին ՔՊ-ական, ներկայումս «Գործարար»-ի անդամ Վարդան Պապյանը։ Նա 2018թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2019թ.-ին ընտրվեց համայնքի ղեկավար։ Պաշտոնավարել է մինչև 2021թ․-ը, երբ համայնքը խոշորացվեց և Նոր Գեղին ընդգրկվեց Նոր Հաճն համայնքի կազմում։
Վ․ Պապյանը Նոր Հաճն համայնքի 2021թ․-ի ավագանու ընտրություններին առաջադրվել էր «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքով («Արդարություն» և «Արդար Հայաստան» կուսակցությունների կողմից)։ Վ․ Պապյանի գլխավորած դաշինքի ընտրացուցակը 4 մանդատ ստացավ Նոր Հաճն համայնքի ավագանու կազմում։ 2024թ․ հունվարի 22-ի նիստում ավագանին նրա լիազորությունները դադարեցրեց «մեկ հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերի և քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայության հիմքով»։ Վերջինս ավագանու որոշումը բացատրեց համայնքի ղեկավար Գ․ Մաթևոսյանի հետ ունեցած տարաձայնություններով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել