Աղանդավորական «քույր-եղբայրներին» փողոց չի վաճառվել
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ վերջերս աղանդավորական խմբերից մեկը գյուղում մի ամբողջ փողոց է գնել: Նա չցանկացավ, որ իր անունը հրապարակենք` պատճառաբանելով, թե գյուղում աղանդավորական խմբերն այնքան շատ են, որ հնարավոր է` իրեն և ընտանիքի անդամներին վնասեն տեղեկատվական արտահոսքի համար:
Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ գյուղում տարբեր աղանդավորական խմբեր են գործունեություն ծավալում, սակայն հերքեց, թե աղանդավորականներին փողոց է վաճառվել:
«Նախ չենք թույլատրի, որ փողոց գնեն, հետո էլ նման բան չկա, չգիտեմ, թե որտեղից է եկել այդ խոսակցությունը: Ո՞նց կարող է աղանդավորները գան ու ամբողջ փողոցը գնեն, ո՞նց կլինի այդպես»,- ասում է Կամո Կակոյանը:
Գյուղապետը հստակ չգիտեր, թե Նոր Խարբերդում քանի աղանդավորական կազմակերպություն կա, քանի որ աղանդավորները տեղից տեղ շարժվելով են գործունեություն ծավալում:
«Մեր բնակչության թիվն ահագին մեծ է` մոտ 10.000 մարդ: Երևի գիտեք, թե ոնց է, խմբերով «քույր-եղբայրներ» են, ով որտեղ ուզում գնում է, դրա համար կոնկրետ չեմ կարող ասել»,- ավելացրեց գյուղապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել