Արտաշարում ՔՊ-ի վստահված անձինք ընտրողներին դիմավորում էին ընտրատեղամասի մուտքի մոտ
Բաղրամյան համայնքի Արտաշար գյուղում ընտրատեղամասի դիմաց կանգնած էին վարչական ղեկավար Նարեկ Օհանյանն ու նրա հայրը՝ Մանվել Օհանյանը։ Մինչև համայնքների խոշորացումը Մանվել Օհանյանը եղել է Արտաշարի համայնքապետը։
Ավագանու ընտրությունների քվեարկությունն անցկացվում է գյուղի մանկապարտեզի շենքում։ Հայր ու որդի Օհանյանները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք են, սակայն իրենց աշխատանքն իրականացնում էին ոչ թե քվեարկության սենյակում, այլ ընտրատեղամասի մուտքի մոտ։ Նրանց էին մոտենում ընտրողները, ողջունում, ապա մտնում քվեարկության։
Արտաշարում ընտրելու իրավունք ունի 640 քաղաքացի։ Քվեարկության ակտիվությունը ցածր էր․ օրինակ՝ ժամը 12։00-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել ընդամենը 37 ընտրող։
Ընտրողների ցածր ակտիվության պայմաններում վարչական ղեկավար Նարեկ Օհանյանը հեռախոսով կապ էր հաստատում քաղաքացիների հետ՝ հորդորելով նրանց գալ և մասնակցել քվեարկությանը։
Ընտրողներից մեկը կատակեց, որ մանկապարտեզում ավելի տաք է, վարչական ղեկավարը դրա համար է այնտեղ եկել։
Մանկապարտեզի շենքը վերջին տարիներին է կառուցվել։ Դրա հարևանությամբ գտնվող նախկին գյուղապետարանի շենքը, որտեղ այժմ վարչական նստավայրն է, ավերակ վիճակում է։ Նարեկ Օհանյանը մեզ ասաց, որ շենքը նորոգելու փոխարեն նախատեսվում է նույն տեղում նոր վարչական շենք կառուցել։


Սակայն գյուղում նոր վարչական շենք կառուցելու մասին խոսվում է արդեն շուրջ 20 տարի, և մինչ օրս այդ ծրագիրը չի իրականացվել։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։ Ցուցակները գլխավորում են համայնքի գործող ղեկավարը և նրա տեղակալը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել