Ժամը 16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում. ՆԳՆ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
«Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 44 դիմում։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզի 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք, Նոյեմբերյան, համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել