
«Հույսի տնտեսությունը»՝ Գյումրիի 8-րդ Բիենալեի շրջանակներում
«Հույսի տնտեսություն». այսպես է կոչվում ԱԺԶ-ի նախագիծը, որ ներկայացվել է 8-րդ Բիենալեի շրջանակներում: Նախագծում ընդգրկված գործերը հույսին մոտենալու տարբեր ուղիներ են առաջարկում` մերթ այն ներկայացնելով որպես անհատական ու հավաքական ցանկություններին հասնելու մի մղում, մերթ՝ որպես ապրանք, որն արտադրվում ու միաժամանակ հարկադրվում է այնպիսի իրարից տարբեր համակարգերում, ինչպիսին են կրոնը, սնոտիապաշտությունը, ադաթները:
Կարեն Միրզոյանի «Մի փորձիր ապրել» նախագիծը կազմված է փոքրի վիդեոների շարքից, որտեղ իրենց ինքնասպանության չհաջողված փորձերի մասին պատմող մարդկանց հարցազրույցները համադրված են լուսանկարչական պատկերաշարով: Վիդեոյում օգտագործված սեւ-սպիտակ պատկերներից որոշները` լրացված տեքստային հատվածներով ցուցադրվում էին փողոցներում`պատերին եւ ցուցափեղկերին: Նախընտրական պաստառների նմանությամբ ցուցադրվող լուսանկարների շարքն, ի տարբերություն նախընտրականների մարդկանց, ոչինչ չի խոստանում, սակայն զգուշացնում այն հսկայական ճեղքի մասին, որ առկա է քաղաքական գործիչների խոստացած կյանքի եւ իրականության միջեւ:
![]() |
![]() |
Նվարդ Երկանյանն իր «Այլընտրանքային շուկա» նախագծում ապրանքայնացման գաղափարը խաղարկում է մեկ այլ ճանապարհով` ներկայացնելով շրջանառության մեջ դրված հույսը: Քաղաքով ցրված հայտարարությունները ազդարարում են տարատեսակ հույսերի առքի, վաճառքի եւ փոխանակման մասին: Ուշագրավ է դրանցից մեկը, որն առաջարկում է փոխանակել Հայաստանը չլքելու հույսը աշխատանք գտնելու հույսի հետ: Դնելով հույսը վիրտուալ շրջանառության մեջ եւ ներկայացնելով այն ուղղակի պահանջարկի եւ առաջարկի տեսքով՝ Նվարդ Երկանյանը ի ցույց է դնում Հայաստանի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պայմանների փոփոխության հանդեպ հուսալքությունը, որ հաճախակի շահարկվում է զանազան քաղաքական ուժերի կողմից:
Սթիվեն Լեւոն Ունանյանն իր «Հույսի բանկ» կոչվող օնլայն նախագծում ապրանքայնացված եւ դրամայնացված հույսի վերը նշված գաղափարը մարմնավորել է գովազդային 4 հոլովակներից եւ ցուցապաստառներից բաղկացած մի շարքով: Գրասենյակային աշխատողի կեցվածքով մի տղամարդ պատմում է «Հույսի բանկի» մասին՝ նկարագրելով այն իբրեւ հույսի օնլայն մի պահեստ եւ վերաբաշխման կենտրոն: Տեսանյութերում եւ պաստառների վրա հայտնվող կարգախոսներն առաջարկում են ծառայություններ, որոնք հասանելի են անգամ հետմահու:
ԱԺԶ-ի մասնակիցների համոզմամբ, ներկայացված բոլոր գործերը դիտարկում են հույսը տարբեր դիտակետերից` մերկացնելով նրա զանազան կողմերը: «Նյումեն» անունը կրող իր գործում Իզաբել Վիշերան անդրադառնում է հատուկ դեպքի, երբ առանձին անհատի համար ցանկություններն ու հույսերն առաջանում, տեղում յուրացվում, սպառվում ու պատկերայնացվում են «բաժակ նայելիս»`տնային մի ծես, որը լայն տարածում ունի Բալկաններից մինչեւ Միջին արեւելք: Քողազերծելով, ինչպես Վիշերան է ասում, «արխետիպային կոդերը եւ թունդ սիմվոլիզմը կանխագուշակություններում, որտեղ բացահայտվում է լեզվի, երազի եւ կոլեկտիվ անգիտակցականի միջեւ կապը» «Նյումենը» ի ցույց է դնում իրական ժամանակի մեջ հույսի այս յուրահատուկ արտադրության ու սպառման մեխանիզմները`շեշտելով միաժամանակ մեր հակումը` ընդունելու հարկադրած հույսերի ստացողի ու սպառողի պասիվ դերը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել