HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասման գերյալները

Նվարդ Ալեքսանյան

Հետահայաց ընթերցումը խորախորհուրդ ծես է, որն ավելի հասուն հայացքով օգնում է նորովի դիտարկելու քեզ ծանոթ գրական գործը:  Եվ եթե  բացահայտում ես գրողի ստեղծագործության նոր ելևէջներ, ապա հոգիդ ցնծում է այն ուրախությամբ, որն ապրում ես միայն  գրական լավ գործի ընթերցումից: 

Արձակագիր Լևոն  Խեչոյանի գործերը վերընթերցելու ժամանակ, ինձ համար  ընտրության հնարավորությունը  վերանում է, քանզի  կարող եմ բացել ցանկացած էջ և գիտեմ պատումից պատում դեպի ընթերցող բերող ճանապարհը նորից կանցնեմ` հուզմունքով, հաճախ էլ հևասպառ, բայց խոր, դրամատիկ իրավիճակների մեջ արևի շողի տուտը բռնած, ինչպես 1989 թվականին, երբ «Գարուն» ամսագրում նա ներկայացավ ընթերցողին իր առաջին գործ` «Խնկի ծառեր» վիպակով:

Եվ ամեն անգամ մտասևեռումով կառանձնացնեմ գործերից մեկը, որպես  առանցք`  գրողի ստեղծագործության, ասես, յուրատեսակ բանալի` մտքի յոթնակողպեքը բացելու համար:

«Սպասում» փոքրիկ պատմվածքը  հենց նման  դերակատարություն ունի   արձակ գործերի  ժողովածուի համար: 

Պատմվածքի հերոսները  սպասման մեջ են,  ավելի ճիշտ` սպասումից մի տեսակ տենդահար, ինչն էլ այնպես  ցավագնորեն  տիրական է նրանց կյանքում:  Պատմվածքի հենքում  ոչ այնքան սովորական դեպք է,  որը չգիտես որտեղից եկել պատուհասել է  խեղճ ու կրակ Աղաբեկ  տացուի ընտանիքին:  Հատկանշական է, որ հեղինակը պատմվածքը հյուսել է տան փոքրի` երեխայի շուրթերով, այսինքն ընթերցողը կասկածելու իրավունք չունի,  երեխայի լեզվով խոսում է ինքը ճշմարտությունը:  Իսկ ճշմարտությունը, շատ հաճախ, իր դառնությամբ սրտի ծակոց է և դրանից էլ տարաբախտության կսկիծը ավելի է ուժգնացնում:

Աղաբեկ  պապը, կամ  վիրահայոց լեզվով   Աղաբեկ  տացուն, հաշմվել է Մեծ Հայրենականում և թեև տարիքն առած  ու մի ոտանի,  գարունից-աշուն ստիպված աշխատում է  ջրաղացում` որդու  ընտանիքի հոգսը փոքր-ինչ թեթևացնելու համար: Իր համար դժվար աշխատանքը ամենևին էլ  հաշտություն չի դառնում ոչ որդու,  ոչ էլ  հարսի  առջև:  Առաջինը  դեմ է հոր  երկորդ անգամ ամուսնանալուն,  իսկ հարսը  առիթը բաց չի թողնում կեսրայրին անպատվելու համար:  Աղաբեկ տացուին ավելի շատ վիրավորում է թուլակամ որդու անտարբերությունը, ով չի կարողանում նույնիսկ կնոջ լեզվի կապերը քաշել: Նման անհաշտ ընտանիքում, թեև ժամանակ է անցել,  սերունդները հաջորդում են իրար,բայց  հոգսերը չեն թեթևացել,  սպասումը, չի թեթևացել նրանց բեռը:

Մի օր էլ, երբ ջրաղացի ջուրը կտրվում է, պապ ու թոռ շտապում են ջրատարն ուղղելու և ականատես լինում զարհուրելի տեսարանի: Առավոտյան այդ կողմերով շուկա ոչխար տարած թուրքը հիմա ընկած է քարերի մեջ առնաշաղախ և օգնություն է հայցում: Քիչ այն կողմ  հեծյալին գետնած   ջորին է` արդեն չար ուրվականի տեսքով: Այդ պահից  սպասումը առավել է շիկանում, հետզհետե դառնալով այրող կրակ, որն արգելում է պապին օգնել վիրավորին և  հուշում սպասել նրա մահվանը`  փողով լի խուրջինին տիրանալու համար:

Դեպքը հայտնի դառնալուց հետո Աղաբեկ տացուի դեմ դատական գործ է բացվում և դատն էլ պիտի կայանա գյուղում, ցուցմունք տվողն էլ պետք է հարազատ թոռը լինի: Հեղինակը սրանով ավելի հակոտնյա է դարձնում իրավիճակը.  երեխան անկեղծորեն խոստովանում է ամեն ինչ, բայց նրա վկայությունը ոչ պապի օգտին է:  Ինչո՞ւ հենց գյուղում է կազմակերպվում դատը: Այստեղ է հեղինակի սպասումը հենարան  փնտրում դժվար կացության մեջ հայտնված իր հերոսների համար, հենց նրանց հարազատ միջավայրում, քանզի համոզված է, որ  միայն այստեղ  կարող է  կրկին ամբողջացնել նրանց մարդկային նկարագիրը` խաթարված  հանգամանքների  բերումով:  Հենց իրենց գյուղում է պետք նրանց` հարգանք, պատիվ ունենալ, հենց համագյուղացիների  շրջանում  են նրանք  փափագում, որ իրենց էլ մարդատեղ դնեն: Բայց խեղճությունը, որ չար բախտի պես հետամուտ է  Լևոն Խեչոյանի «Սպասում» պատմվածքի հերոսներին, նույն այդ  միջավայրի  դրոշմն է,  խարանը,  որը կամեցել է թոթափել Աղաբեկ տացուն, այն էլ`  օր  ծերության,  չվախենալով նույնիսկ վատ օրինակ  դառնալ թոռան համար:  Թեև սայթաքած ջորուց վայր ընկած  թուրքին նա օգնության չհասավ, միաժամանակ էլ չարագացրեց նրա այն աշխարհ գնալը: Մեռնողի փողով լի խուրջինը ինքն իր համար բարեբախտ նշան համարեց, հավատալով, որ դրանով կփոխի ոչ միայն իր, այլև ողջ գերդաստանի կյանքը: Շիկացած սպասումը չթողեց կանխատես լինել,գուշակել,որ այդ ճիգն էլ ապարդյուն կլինի և  ,որ ամենասարսափելին է, ավելի ցցուն կդարձնի իր թշվառությունը: Նույնիսկ կզրկվի Հայրենական մեծ պատերազմի  մասնակցի պատվից,  միակ  ապավենից, որն իրեն պահում էր արժանավորների շարքում: Ախր, թշվառ ներկան ինքը հաղթահարում էր  հենց անցյալի  այդ  ստվերով: Իրեն նվաստացնելու, ավելի ճիշտ, վերջնականապես  հոգեպես ընկճելու համար փաստաթղթեր կհայտնվեն` հաստատելու, որ  ոտքը ոչ թե  կտրել են  մարտական գործողությունների ժամանակ ստացած վերքերի հետևանքով, այլ  զինվորական սապոգն է հարել, վնասել: Եվ հենց հիմա պետք է հայտնվեն նման փաստաթղթերը:  Հիմա, որ  դատ ու դատաստան ընկավ, իսկ դատավարության ընթացքում նույնիսկ աչքից հեռու պահված   մանրամասներ են երևան հանվում և հրապարակավ խեղճությունը այս անգամ ձաղկվում է   հազարերես:

Հեղինակի ստեղծած գյուղական կոլորիտը բազմատեսարան է, տրամադրող հանգուցալուծման, այսինքն`  ուր որ է բոլորս կիմանանք, թե ինչ պատիժ որոշեցին Աղաբեկ տացուի համար: Սակայն դա անհնար է, քանզի սպասումը  չի ավարտվում և որպես հույս` ոչ հեռանում է, ոչ էլ` ջերմացնում, միաժամանակ հիշեցնելով, որ  հենց հեղհեղուկ, ոչինչ  չխոստացող սպասման միջով է մարդկային կյանքը հոսում:  Ավելին,  սպասումն իր պայմաններն է առաջադրում, գուցեև  ժամանակ` որոշումներ կայացնելու համար. «Մինչև քարը սառչի, գորտը ջուրը թռնի, մինչև ջորու աչքերը չերևան»:

Ջորուց ընկած թուրքն Աղաբեկ տացուին  մեկ այլ ցավ է հիշեցնում: Սոնա մորը պղծեց հենց թուրքը,  այն թուրքը,  որ կա բոլոր տաճիկների մեջ, նրանցից մեկն էլ սա է, որը հիմա անօգնական, արյունոտ ընկած է քարերի արանքում և օգնություն է հայցում:  Ասել է թե դեպքը, եթե առիթ է անցածի վերապրման, ապա փողով լի խուրջինը նոր` ապահով կյանքի սպասումն է,  որը մի ակնթարթ Աղաբեկ տացուին երանելի տեսիլք պարգևեց:

Իսկ սպասման տված ժամանակը դառնում է դեպի ներս ուղղված հայացք, որը մարդուն տանում է նաև հավատալիքների աշխարհով և որի անդեմ ներկայությունը հաճախ դառնում է շոշափելի. «վրացիները տղոցկան կանանց համար չուլ են վառում»  չարը փախցնելու համար:

Աղաբեկ տացուն, չնայած  կյանքի դառնություններին, պահել է  հոգու զուլալությունը, որի հայացքը թեև տվյալ պահին վանում է, օգնության ձեռք չի մեկնում վիրավորին, սակայն կրկին վերադառնում է մարդեղեն իր ակունքը. «Տացուիս մազերը  ճերմակեցին...», - ասում է թոռը` այլ մանրամասների հետ: Դա աննկատ չի կարող մնալ, քանզի հոգեվարք ապրողի կողքին կանգնած  մարդը ամեն ինչ  բյուր անգամ անցկացրել է սրտովն ու թոռանն ուղղված հորդորները ուղղված էին հենց իրեն, այդ ինքն էր իրեն հորդորում հանգիստ նայել տեսարանին: Եվ զարմանալի չէ, երբ սպասման տված ժամանակը սպառվեց, ինքը որպես տառապյալ  երևաց թոռանը: Այս  հանգամանքն էլ, անշուշտ, կբացառի պապի արարքը թոռան համար որպես օրինակ ծառայելուց: 

Պատմվածքը սկսվում է սպասումով. որդին ամաչում է հոր արարքից և  նույնիսկ չի ներկայանում դատավարությանը: Ինչ կփոխվեր նրա գալով, հայտնի չէ, բայց հազիվ թե դատավարությունը այլ ընթացք ստանար, սակայն Աղաբեկ տացուի թաքուն սպասումը  ներումն էր, որն ուզում էր կարդալ որդու տարտամ հայացքում, ինչն էլ իր համար կրկին կյանք վերադառնալու հույսն էր: Ասել է թե` Աղաբեկ տացուն որդու գալուն սպասելով  իրեն այլ սպասման մեջ էր ուզում տեսնել, որը  փրկության թվացյալ պայման է: Ու սպասումից ավելի է դառնանում նրա ծխախոտի ծուխը, որն անսխալ ջոկում է  թոռը` ծխով լցված ակումբում: Թոռը, թեև անկեղծ խոստովանությամբ զվարճացնում է բոլորին, ենթագիտակցորեն զգում է, որ իր խոսքը որքան իրենից հեռացնում է Աղաբեկ տացուին, այնքան իր հարազատին ավելի է մոտեցնում, քանզի  խոստովանանքը  չի սպառում սպասումը, այլ սպասման անցյալը դառնում է ներկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter