HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Շարմաղի «շարմաղ» խարդախությունների զոհերը

«Կան մի խումբ քաղաքացիներ, որոնք ընդհանրապես բանկի հետ գործարք չեն կնքել ու բանկի հետ ոչ մի առնչություն չունեն: Նրանք մասնավոր անձ` Շարմաղ Գրիգորյանի հետ բավականին մեծ տոկոսներ ունեցող ստացականով գործարք են կնքել», - «Հետքի» հետ զրույցում ասաց ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը:

Տարիներ առաջ ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում մեքենայություններ են հայտնաբերվել. մոտ մեկ տասնյակ հաճախորդներ ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանի և գանձապահ Վալյա Գրիգորյանի միջոցով ավանդներ էին պահ տվել բանկին` ստանալով մասնաճյուղի կնիքով ավանդատուի գրքույկ կամ երկու տարի ժամկետով պարտավորագիր: Սակայն Շարմաղ Գրիգորյանը մի քանի քաղաքացիներից նաև ստացականներով է գումար վերցրել` մոտ 20 միլիոն դրամի չափով (ինչը նա չի ժխտել դատավարության ժամանակ):

«Այդ մարդկանց մենք բացատրել ենք, որ նրանք տուժողի կարգավիճակ չեն ստանալու, ավելին` նրանք ԼՂՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ կատարել են վաշխառություն, իսկ այս դեպքում տուժողը` Շարմաղ Գրիգորյանը, բողոք չուներ, և տուժողի բողոքի բացակայության հիմքով` գործը կարճվել է: Եթե շատ են ուզում, թող դատի տան Շարմաղին, իրենց հարցերը դատական կարգով պետք է լուծեն, բոլորի մոտ էլ ստացական կա»,- ասում է Սերգեյ Ստեփանյանը:

Սակայն Համեստ Իշխանյանը, Ռոբերտ Բաբայանը, Հրանտ Սաֆարյանը և 85-ամյա Աշխեն Սահակյանը, ովքեր ստացականով գումար են հանձնել ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանին, իրենց վաշխառու չեն համարում:

«Նրանք չգիտեն, թե ով է վաշխառուն: Հանրագիտարաններում, տնտեսական բառարաններում գրված է, որ վաշխառուն նա է, ով նպատակ ունի մարդկանց կախվածության մեջ գցել ու հափշտակել մարդու հարստությունը, կալվածքները և այլն: Իսկ այսօր բոլոր լոմբարդները 5 տոկոսից ցածր տոկոսով գումար չեն տալիս: Այդ ինչո՞ւ Շարմաղն այն ժամանակ չի ասել, որ դուք վաշխառուներ եք: Վերջում, երբ արդեն Շարմաղը ծուղակում է հայտնվել, մեզ ուզում են վաշխառության մեջ մեղադրել: Մենք հոգնել ենք դատարաններից, նորի՞ց դատարան», - ասում է Ռոբերտ Բաբայանը եւ ավելացնում, որ նրանք 5 տոկոսից բարձր ստացականով գումար չեն հանձնել Շարմաղին:

Ռոբերտ Բաբայանը համարում է, որ Շարմաղ Գրիգորյանը մենակ չի գործել. «Նրա հետևում կազմակերպված խումբ կա, նրանք ուժեղ լծակներ ունեն ու ամեն կերպ մեզ փորձում են խանգարել: Իսկ այդ մի քանի ամսվա ընթացքում տրված տոկոսներով խաբել են մեզ, պարզապես խայծ են տվել»:

Համեստ Իշխանյանն ու Ռոբերտ Բաբայանը ուղղակի ծիծաղելի են համարում, որ իրենց վաշխառու են համարում. «20 տարվա գործազուրկն ինչպե՞ս կարող է վաշխառու լինել, սա խելքին մո՞տ բան է: Կամ 70 հազար ստացող բուժքույրը ի՞նչ վաշխառու: Իսկ 85-ամյա Աշխեն տատը՞… Վաշխառուները հատուկ խավ են, իսկ մենք… »:

«Հետքի» հետ զրույցում ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը նաև ասաց, որ այդ մարդիկ տոկոսների հաշվին արդեն հասցրել են մայր գումարի չափ փող ստանալ. «Նրանք քաջ գիտակցում էին, որ իրենց գործարքը ոչ մի առնչություն չունի ՎՏԲ-ի հետ: Իսկ բանկի հետ գործարք կնքողները պարզապես խարդախության զոհ են դարձել, նրանց իրոք խաբել են»: 

Պարտավորագրերից մեկի համաձայն` 2007 թվականին Շարմաղ Գրիգորյանը վեց ամսով ամսական 5 տոկոսով 1000 դոլար է վերցրել Համեստ Իշխանյանից, իսկ երկրորդ պարտավորագրի համաձայն` 2009-ին Շարմաղ Գրիգորյանը Համեստ Իշխանյանից արդեն 22 հազար դոլար է վերցրել, որտեղ նշված չէ, թե ինչ տոկոսով:

«Եթե 2009-ին Շարմաղին արդեն կալանավորել են, ապա ես ո՞նց եմ տոկոսները ստացել»,- ասում է Համեստ Իշխանյանը:

Համեստ Իշխանյանը ցույց է տալիս նամակները, որոնք
գրել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններին

Ըստ էության, ով բանկի կնիքով համապասխան փաստաթղթեր չունի, նրա վնասները չեն վերականգնվելու: Սրան ի պատասխան` Համեստ Իշխանյանն ասում է, որ այդ գումարները նրանք Շարմաղին բանկի տարածքում են տվել ու տեսախցիկնեը ամեն ինչ ֆիքսել են. «Նույնիսկ փողերը ստուգել է բանկի գարնձարանում»: Բայց Համեստ Իշխանյանը նաև ասում է, որ Շարմաղը հանձնված գումարը վերջում դրել է պայուսակի մեջ:

Շ. Գրիգորյանը պարտավորագրով 300 հազար դրամ է վերցրել արդեն հանգուցյալ Ժյուլա Սարգսյանից, Ռոբերտ Բաբայանից` 4,3 միլիոն դրամ, Հրանտիկ Սաֆարյանից ու Գրետա Ղազարյանից՝ 2-ական միլիոն, 85-ամյա Աշխեն տատիկից ՝ 1 600 ԱՄՆ դոլար, Համեստ Իշխանյանին՝ 22 հազար դոլար և Նելսոն Սարգսյանից` 1 մլն 540 հազար դրամ: Այս ամենը կազմում է մոտ 20 միլիոն դրամ: Իսկ կեղծված փատաթղթերով Շարմաղ և Վալյա Գրիգորյանները բանկում ավանդ պահ տված հաճախորդներից 94 միլիոն դրամ են հափշտակել: ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքէջի համաձայն` տուժողների վնասի գերակշռող մասը ներկա պահին արդեն վերականգվել է:

Մարտի 12-ին դատարանը վճռեց հաշվապահ Շարմաղ Գրիգորյանին դատապարտել 7, իսկ գանձապահ Վալյա Գրիգորյանին` 4,5 տարվա ազատազրկման: Սակայն Ռոբերտ Բաբայանը վստահ է, որ «շուտով նրանց ամունիստիայի կենթարկեն»:

Զրուցակիցներս` Ռոբերտ Բաբայանն ու Համեստ Իշխանյանը, ՎՏԲ-ից խնդրում են վերադարձնել իրենց պատկանող գումարները, նրանք նույնիսկ հրաժարվում են տոկոսներից ու պատրաստ են ներել Շարմաղին:

«Ես չգիտեմ, թե Շարմաղը մեր գումարներն ինչ է արել, բայց մենք, այնուամնենայնիվ, բանկի տարածքում ենք գումարը հանձնել»,- ասում է Համեստ Իշխանյանը:

«Համ էլ ՎՏԲ-ն ինքն է այդ երեք խարդախներին աշխատանքի վերցերլ. Սեվիլ Սահակյանին` որպես մասնաճյուղի կառավարիչ, Շարմաղին` որպես գլխավոր հաշվապահ, և Վալյա Գրիգորյանին` որպես գանձապահ»,- ավելացնում է Ռոբերտ Բաբայանը:

Վերջինս վստահ է, որ «խարդախությունների միջոցով ձեռք բերված գումարներով Շարմաղը հացրել է Երևանում տներ ու ավտոմեքենաներ է գնել»:

Նշված պարտապանները տուժած մարդիկ են. Ռոբերտ Բաբայանի եղբայրը «Ղարաբաղ» թիմի ավագ Վարուժան Գրիգորյանն է, ով 1992 թվականին ազատամարտի ժամանակ անհայտ կորել է: Բաբայանը հենց անհայտ կորած եղբոր հողատարածքն է վաճառել ու ստացված գումարը տվել Շարմաղին: Ռոբերտը 20 տարի է, ինչ գործազուրկ է ու խնամում է իր երկու եղբայրներին, ովքեր երկրորդ կարգի հաշմանդամ են (հոգեկան խնդիրներ ունեն): Իսկ 85-ամյա Աշխեն Սահակյանի թոռը, Համեստ Իշխանյանի հարսների ու փեսայի հայրերը զոհվել են արցախյան հերոսամարտի ժամանակ:

Հ. Գ. Շատերը հարցնում են, թե այսքանից հետո ինչու պատասխանատվության չի ենթարկվել ՎՏԲ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Սեվիլ Սահակյանը: ԼՂՀ դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանն էլ է համաձայն, որ «հարցի մեջ, իրոք, տրամաբանություն կա», սակայն ասում է, որ իրենք «միայն դրանով» չեն կարող առաջնորդվել. «Համ բավարար ապացույցներ չկան, համ էլ Սեվիլի վերաբերյալ ցուցմունք չի եղել»: 

Մեկնաբանություններ (1)

Հայկ Ղազարյան
«Մարդիկ արդեն հույսները կորցրել էին, որ կարող են իրենց գումարները ստանալ, բայց մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք վերականգնել տուժողների վնասները: Եվ այդ ամենը մեր աշխատակիցների շնորհիվ: Դուք պատկերացրեք, այս գործի համար միայն 18 հատորանոց քրեական գործ է կազմվել»,-խնդրել է փոխանցել ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանը: ԼՂՀ Դատախազությանը հատուկ շնորհակալություն է հայտնում Հմայակ Մարությանը, ով ստացել էր ՎՏԲ մասնաճյուղի կնիքով ավանդատուի կեղծ գրքույկ: Նրա վնասները վերականգնված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter