HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատ մեղք է փոքր բնակչություն ունեցող գյուղը. Ծաղկաշատի համայնքապետ

Լոռու մարզի փոքր գյուղերն անուշադրության են մատնված: Մարզի Ծաղկաշատ համյանքի ղեկավար Հրաչիկ Պարանյանը գտնում է, որ ահավոր դժվար է փոքր գյուղ ղեկավարելը, քանի որ, երբ գյուղի զարգացման որևէ ծրագիր է ներկայացվում իշխանություններին, անմիջապես բնակչության թվաքանակն են ուզում:

«Ինձ ասում են բնակչություն չունես, քեզ որպես ի՞նչ օգնենք: Շատ մեղք է փոքր բնակչություն ունեցող գյուղը»,- ասում է 270 բնակիչ ունեցող Ծաղկաշատի գյուղապետը:

Ծաղկաշատ գյուղը գտնվում է Ալավերդի քաղաքից 12 կմ հեռավորության վրա` Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին: Անտառապատ է Ծաղկաշատը. գյուղը շրջապատված է մոտ 5500 հա անտառով. «Անտառներին են մեր նախնիներն ապավինել և բնակություն հաստատել Ծաղկաշատում»,- ասում է գյուղապետը:

Գյուղ գնացող ճանապարհները քարուքանդ են ու գրեթե անանցանելի: Ալավերդի քաղաքի երթուղային տաքսիների վարորդները Ծաղկաշատ ուղևոր տանելու մասին լսել անգամ չեն ուզում: Ծաղկաշատցիները գտնում են, որ եթե գյուղի ճանապարհները կարգավորվեն, երիտասարդությունը գյուղից չի հեռանա:

Հետխորհրդային տարիներին Ծաղկաշատի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի, գյուղամիջյան և գյուղ եկող ճանապարհների խնդիրները չեն լուծվել: Գյուղի աղքատության ու անուշադրության խորհրդանիշը Ծաղկաշատի գյուղապետարանի անհրապույր ու կիսխարխուլ շենքն է, որի վրա, կարծես ի նշան դժգոհության, չի ծածանվում ՀՀ դրոշը: Ըստ գյուղապետ Հրաչիկ Պարանյանի՝ Ծաղկաշատում ամենածանրը դպրոցի խնդիրն է, քանի որ 9-11 դասարաններում սովորելու համար գյուղի երեխաները քաղաք են գնում: Դպրոցում սովորում է 14 աշակերտ: 

Հրաչիկ Պարանյանն ասում է, որ Ծաղկաշատում աշխատատեղի խնդիրը լուծված է: Ծաղկաշատցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ գյուղում 560 խոշոր եղջերավոր անասուն կա: Գյուղապետը գտնում է, որ մինչև 2013 թ. հունվարի 1-ը խոշոր եղջրավոր անասունների թվաքանակը էականորեն կնվազի:

«Խոտի խնդիրն էր դժվար, մի 70-80 տոկոսով ապահովվել էր, բայց դեռ խոտհարքներում հունձ է արվում: Այս տարի խոտը շատ սակավ էր»,- ասաց գյուղապետը և դժգոհեց կաթի շուկայական գներից: Ծաղկաշատի անասունները դեռ Ստեփանավանի Աղլաղան սարում են. «Աղլաղանում մեկ լիտրը կաթը 80 դրամով են գնում մեր գյուղացիներից: Ջրի մեկ լիտրի արժեքը 150 դրամ է: Կաթը ջրի գին էլ չունի: Դրա համար էլ 25 ծաղկաշատցի գնում է Թեղուտում աշխատելու, որ կարողանա ապրել»:

Ծաղկաշատի գյուղամիջյան ճանապարհներին տիրոջ իրավունքով շրջում են գյուղի հսկա խոզի մերունները, որոնց բկլիկ գոճիները կրնկակոխ հետևում են մայրերին` կաթով ծանրացած կրծքերի պտուկներից ամեն գնով կախվելու համար: Գյուղապետն ասում է, որ վերջին տարիներին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր Ծաղկաշատում չեն գրանցվել: Խոզաբուծությունն էլ, թեև գյուղում նոր է սկսվել, արդեն զարգանում է:

«Մեր անտառներում գիտե՞ք՝ ինչքան շատ կաղին կա: Մեր խոզերը հիմնականում սնվում են անտառների կաղնով, ու դրա համար նրանց միսը շատ համով է լինում»,- ասում է ծաղկաշատցի Ռուբեն Թանդիլյանը:

Գյուղը 100 հա սեփականաշնորհված և 30 հա պահուստային վարելահող ունի: Դրանք օգտագործվում են որպես խոտհարք: Գյուղին սահմանակից՝ պետական ֆոնդի հողերից լրացուցիչ 500 հա հող է հատկացվել ծաղկաշատցիներին:

«Այսինքն՝ Ծաղկաշատում ազատ կարելի է շատ մեծ ծավալով անասնապահությամբ զբաղվել»,- ասում է Հրաչիկ Պարանյանը:

Խորհրդային տարիներին գյուղի վարելահողերում ցորեն և գարի է աճեցվել: Այժմ վարելահողերի չմշակելը Հրաչիկ Պարանյանը բացատրում է ոռոգման ջրի բացակայությամբ: Ծաղկաշատում տարիներ շարունակ ծառացած է խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Գյուղացիներին խմելու ջրի միակ «մատակարարը» գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրի բարակ ծորակն է:

Լոռու մարզպետարանի կողմից այս տարի հաստատվել է «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը: «Այս ծրագրով և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, ծաղկաշատցի Վալերի Մեջլումյանի աջակցությամբ ջրի խնդիրը լուծվում է»,- Տիգրոյի թալում թափված խողովակները ցույց տալով՝ ասում է Հրաչիկ Պարանյանը: Ջուրը բերվում է գյուղի Չոբանաց թալի լեռնային աղբյուրներից և արդեն միջև Տիգրոյի թալեն 3 կմ ջրագիծ է կառուցված: Ջրագծի փորձարկումները կատարել են, ջրագիծով վայրկյանում 3 լիտր ջուր է հոսում:

Գյուղապետը գտնում է, որ նորակառույց ջրագծի ջրով գյուղացիները կարող են ոռոգել նաև վարելահողերը: Նա ասում է, որ անլուծելի խնդիրներ չկան ու եթե ջրի խնդիրը լուծվում է, հաջորդաբար առաջնային է դառնում գյուղ մտնող ճանապարհի հարցը:

«Վալերի Մեջլումյանը խոստացել է ջրագիծն ավարտելուց հետո անմիջապես սկսել գրունտային ճանապարհի հարցը»,- տեղեկացնում է գյուղապետ Պարանյանը: Վերջինս հավատացնում է, որ ամեն տարի գյուղ եկող ճանապարհի վրա որոշակի աշխատանքներ են կատարվում, ինչը, երբ անձրեւները դադարեն, կարվի նաեւ այս տարի: Ըստ Հրաչիկ Պարանյանի՝ արդեն հոկտեմբերի վերջին Ծաղկաշատը նորմալ ճանապարհ կունենա:

Գյուղապետը գյուղի գազաֆիկացման հարցն առաջնային չի համարում. «Դրա լուրջ կարիքը չկա. օգտվում ենք բալոններից: Մեզ համար առաջնահերթը ջրի և ճանապարհի խնդիրն է»:

Հրաչիկ խոսքերով՝ Ծաղկաշատի այս տարվա բյուջեի նախատեսված եկամուտները կկազմեն 8,9 միլիոն դրամ: Վերջին տարիներին Լոռու մարզպետարանի վարչական հանձնաժողովի կողմից Ծաղկաշատի գյուղապետարանի բյուջետային եկամուտների հավաքագրման և ծախսերի ստուգումներ չի անցկացվել:

Գյուղապետ Հրաչիկ Պարանյանն ասում է, որ Ծաղկաշատի նման գյուղերին պետք է ուշադրություն դարձնել և գյուղը դարձնել անասնապահութայն կենտրոն: Նա կարծում է, որ կառավարության կողմից Հայաստանի մեծ և փոքր գյուղերում անասնապահության զարգացման առումով պատշաճ ուշադրության դեպքում է միայն հնարավոր հայ զինվորի ճաշի սեղանին ու մայրաքաղաքի բնակչությանը, արտասահմանից բերված անորակ գոմեշի և այլ մսատեսակների փոխարեն, մատուցել հայրենական, այդ թվում նաև Ծաղկաշատի հյութեղ խոտով սնված տավարի ու անտառների կաղին կերած խոզի էկոլոգիապես անաղարտ միսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter