HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. երկու բանաստեղծ

Ազգային մշակութային ավանդության կառուցման ընթացքին բնորոշ է հակումը՝ իսպառ ազգայնացնելու եւ իդեալականացնելու արվեստագետի եւ հատկապես բանաստեղծի կերպարը, նրան հաղորդելու նվիրական երանգներ եւ հավաքական իմաստ: Այսպես, նրան օժտելով ֆիզիկական գոյության ուրիշ ձեւերով, տալով ուրիշ մարմին. գրքեր, արձաններ, նրա անունը կրող փողոցներ եւ այլն, ըստ էության մոռացվում է նրա երկրային գոյությունը, զրկվում սոցիալական, քաղաքական կազմավորիչ առնչություններից: Ազգային գաղափարաբանության կրոնականությունն առանձնահատուկ ուժով դրսեւորվում է հենց «ազգի մեծերի» կաճառի կառուցման եւ կանոնացման գործում:

Երկրային կյանքի կարճատեւությունն էլ ավելի առասպելական է դարձնում վաղամեռիկ բանաստեղծի՛ կերպարը, հուշում նրա տարաշխարհիկությունն ու մարմին առնելու դիպվածականությունը: Նրա տեղը երկիրը չէ, եւ ըստ այդմ էլ հարկ է պատմուճանել նրան՝ հավիտենության զգեստով ու պարագաներով: Նման մի բան՝ բանաստեղծի կերպարի իդեալականացում, տեսնում ենք Միսաք Մեծարենցին նվիրված Եղիշե Չարենցի բանաստեղծության մեջ (1929թ.), բայց, ազգայնական բացատրությունը համարելով ոչ համոզիչ (նման բացատրության հնարավորություն տալիս է, օրինակ, «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա» պնդումը), ստիպված եմ ենթադրել՝ միանգամայն այլ պատճառներով: Ահա այդ հայտնի տողերը.

                 Մ. Մ.

                 Արյուն է եղել աշխարհում: - Եղել է եղեռն ու կռիվ:
                 Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
                 Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
                 Արե՜ւ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին: -

Փորձենք ուշադիր կարդալ մշակութային տարբեր նշաններով, իրարամերժ հարանշանակություններով հագեցած այս փոքրիկ տեքստը՝ ուշադրություն դարձնելով նաեւ կառուցվածքի վրա: Առաջին երկու տողերը նկարագրում են աշխարհը՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի անհանգիստ աշխարհը: Երկրորդ կեսը՝ երրորդ եւ չորրորդ տողերը, ներկայացնում է «աշխարհից հեռու» գտնվող վայրում (մի գյուղ, մի ուրիշ, մեկուսի աշխարհ, որի մասին, եթե հիշում եք, երազում էր եւ Հ. Թումանյանը. «Լինե՜ր հեռու մի անկյուն») ապրած բանաստեղծին:

Չարենցյան քառատողում «հիվանդ»-ը ոչ այնքան փաստում է մարմնական վիճակը, որքան, ինչպես «հանճարեղ»-ը, բնորոշում բանաստեղծին: Հիվանդությունն, ասես, մի տեսակ օժտվածություն լինի, ինչպես «հմուտ»-ը Թումանյանի մասին ավելի ուշ գրված նմանատիպ քառյակներից մեկի «Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին» տողում: Բայց եթե վերջին դեպքում «հմուտ» եւ «հանճարեղ» բառերը լրացնում են իրար, ապա «հիվանդ»-ը եւ «հանճարեղ»-ը ավելի բարդ, երկիմաստ հարաբերության մեջ են: Իհարկե, երկուսն էլ՝ «հիվանդ պատանի» եւ «հանճարեղ պատանի», անսովոր զուգորդություններ են, իսկ միանալով նույն դարձվածքի մեջ՝ ի ցույց են դնում ճակատագրի բացառիկ բարեհաճությունն ու դաժանությունը...

Այսպիսով, «այս հիվանդ, հանճարեղ» արտահայտության մեջ «հիվանդ»-ը եւ «հանճարեղ»-ը եւ հակադրվում, եւ լրացնում են իրար. հիվանդությունը միաժամանակ եւ արգելք է հանճարի իրագործման համար, եւ ինչ-որ ձեւով բնութագրում է այն՝ դառնալով օժտվածության որոշակի ձեւի բաղադրիչը, սահմանելով բանաստեղծի տեսակը:

Նկատենք, որ հիվանդությունը բանաստեղծի հանճարը հիվանդագին չի դարձնում. սրինգը, արեւն ու գարունը այդ են վկայում: Այսպես հիվադությունը լիովին պարպվում է երկրային պարագաներից, «հիվանդ» անունով ասես ծածկվում է մարմինը. հիվանդությունը հենց փոխաբերված մարմինն է: Զուտ հոգեկանության հանգամանք ստանալով՝ հիվանդ մարմինը վերածվում է բանաստեղծի ուրիշությունը մատնող մշակութային նշանի: Այսպիսով, աշխարհից հեռու լինելը, իրադրության հովվերգականությունը եւ նույնիսկ հիվանդությունը ծառայում են բանաստեղծին երկրային կապերից ձերբազատելուն եւ պատմական իրադրությունից դուրս հանելուն, նրա կերպարի իդեալականացմանը:

Գրությանը բնորոշ է ներքին լարվածությունը, որ արդյունք է նաեւ մի շարք հակադրությունների: Օրինակ՝ հակադրությունը երկու կեսերի միջեւ. առաջին երկտողում համամոլորակային ահեղ պայքարն է եւ պատումի էպիկական ոճը, որը քնարական երանգներ է ստանում երկրորդ մասում՝ պատկերելով գյուղական իդիլիան եւ սրնգահար բանաստեղծին: Բայց որոշակի լարվածություն կա նաեւ յուրաքանչյուր երկտողի ներսում: Առաջինում նկարագրվող վիթխարի ուժերի առճակատումը որեւէ հանգրվանի չի հասնում, հակադրությունը մնում է առկախված: Երկրորդ մասում, մի կողմից, կատարվում է բանաստեղծական արարքի բնականացում. ի՞նչը կարող է լինել ավելի բնական, քան եղեգնյա սրինգ նվագելը, արեւ եւ գարուն երգելը, երբ երգը դուրս է հորդում գրեթե ակամա, իսկ մյուս կողմից՝ «հանճարեղ» եւ «հիվանդ» բառերով բնորոշվող ստեղծագործ անհատը...

Հարց է առաջանում. աշխարհի վայրիվերումներից հեռու, աղետներին ու հեղաբեկումներին անհաղորդ, գարնան ու արեւի երգչի հովվերգական կերպարը որքանո՞վ է համապատասխանում Մեծարենցին: Բանաստեղծի ենթադրվող ժամանակավրեպությունը, որ վերամեկնաբանվում է շեշտակի իդեալականացմամբ. օժտվածության անխառնությունը, արտաքին հանգամանքներով չպղծված եւ հիվանդությամբ սրբագործված հանճարեղությունը, որքանո՞վ է հաշտ Մեծարենցի մեզ ծանոթ պատկերի, առավել եւս՝ նրա ինքնամեկնաբանության կամ բանաստեղծի եւ բանաստեղծության ինչ լինելու մասին նրա պատկերացման հետ, եւ մյուս կողմից՝ հովվերգական երգչի այս կերպարն ինչպե՞ս է առնչվում իրեն՝ Չարենցին, բանաստեղծի նրա ճակատագրին: Իմ վարկածն այն է, որ այս քառատողը թերեւս ավելի շատ բան ասում է Չարենցի մասին, քան հավակնում լինելու Մեծարենցի դիմանկարը, բայց այս մասին՝ հաջորդ գրության մեջ:

Մեկնաբանություններ (2)

Հրաչ
Բրիտանացի քննադատ Թոմփսոնը մի առիթով տրտնջում է, թե անհնար է կանխատեսել, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ անուշադիր ընթերցողը։ Ավելի հեշտ չէ բանից անտեղյակ ընթերցողի դեպքը։ Պարզ չէ, Սվետլանա Արզումանյանը ինչ-որ բան է ակնարկո՞ւմ, երբ գրում է «էքզիստենցիալ», թե՞ պարզապես չգիտի, որ այդ բառը հայերենում ընդունված է գրել «կ»-ով, բայց ակնհայտ է, որ նա տեղյակ չէ, որ 1929-ին (Չարենցի այս քառատողի ստեղծման տարում) դեռ ոչ մի սոցռեալիզմ էլ գոյություն չուներ, ուստի հնարավոր չէր դրանից դուրս «հարթակ ստեղծել»։ Նա չգիտի նաեւ, որ այդ ժամանակ Խորհրդային Հայաստանում Մեծարենցը, կարելի է ասել, բոլորովին անհայտ բանաստեղծ էր, քանի որ նրա առաջին գիրքն այստեղ տպագրվել է միայն 1934-ին (իմիջիայլոց, Չարենցի նախաձեռնությամբ) եւ ուրեմն հնարավոր չէր նրա հեղինակությամբ պաշտպանվել։ Մեկնաբանության հեղինակը ուրիշ բաներ էլ չգիտի, բայց դեմ չէ դասեր տալ «սովետական սերնդի մտավորականներին»։ Տխուր փաստ է, բայց «Սովետից» հետո գրագիտությունը Հայաստանում, մեղմ ասած, չի ավելացել։
Սվետլանա Արզումանյան
Հեղինակը հավանաբար, տեղյակ չի, որ Միսաք Մեծարենցը ապրել է ընդամենը 22 տարի, մահացել ծանր հիվանդությունից՝ թոքախտից և նրան բնութագրող քառատողի մեջ չէր կարող անտեսվել նրա հիվանդությունը: Չարենցը հակադրում է այս հոդվածի հեղինակի պատկերացրած «սոցիալական, քաղաքական կազմավորիչ առնչություններին» էքզիստենցիալը, որով միևնույն ժամանակ Մեծարենցին հակադրում է իր ժամանակի իշխող մարքսյան գաղափարախոսությանը, և այդ հակադրությամբ իր համար էլ սոց. ռեալիզմից դուրս հարթակ է ստեղծելում: Այսինքն, նա Մեծարենցի հեղինակությամբ պաշտպանվում է իրեն ուղղված մեղադրանքներից: Սովետական սերնդի մտավորականները չեն պատկերացնում սոցիալականից դուրս այլ կոնտեքստներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter