HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեքիաթ` Ֆուտբոլստանում ապրող Մարադոնայի ու Ռոնալդինյոյի մասին

Այսօր` ժամը 18.00-ին, Անգլիական այգում (Սունդուկյանի անվան թատրոնի մոտ) տեղի կունենա Արփի Ոսկանյանի «Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը։ Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի մասին պատմող գիրք չէ, այլ ժամանակակից, պատկերազարդ հեքիաթ։

Հեքիաթի սյուժեն հետևյալն է. «Կա մի երկիր, որտեղ միայն ֆուտբոլի երկրպագուներ են ապրում։ Այս երկրի բնակիչներն ու թագավորն այնքան ֆուտբոլասեր են, որ իրենց երկիրն անվանում են Ֆուտբոլստան։ Ֆուտբոլստանում են անցկացվում ամենակարևոր առաջնություններն ու ֆուտբոլային հանդիպումները։ Այստեղ են գտնվում ամենամեծ ու ամենաժամանակակից մարզադահլիճները։ Բայց Ֆուտբոլստանի հավաքականը միշտ ամենավերջին տեղն է զբաղեցնում բոլոր առաջնություններում։

Թագավորի միակ հույսն այն է, որ թագուհին արու զավակ կունենա, անունը կդնեն Պելե, արքայազնը մեծ ֆուտբոլիստ կդառնա ու կփրկի հավաքականի պատիվը։ Սակայն թագուհին ունենում է աղջիկ, ում այնքան էլ հարմար չէր կոչել Պելե։ Երկար մտորելուց հետո թագավորն ու թագուհին որոշում են դստերը մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի պատվին կոչել Մարադոնա, քանի որ այս անունն ավելի բարեհունչ են համարում աղջկա համար։

Երբ գալիս է Մարադոնայի ամուսնության ժամանակը, թագավորը Ֆուտբոլի աշխարհի առաջնություն է կազմակերպում՝ արքայադստեր համար փեսացու ընտրելու նպատակով»։

Իսկ հեքիաթի շարունակությունից կարելի է իմանալ, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Ռոնալդինյոն։

Շնորհանդեսի ժամանակ հեղինակը կներկայացնի հեքիաթը և կընթերցի հատվածներ։ Կխոսեն նաև խմբագիրը, գրքի ստեղծմանը մասնակցած այլ մարդիկ։ Հետո ակնկալվում է քննարկում՝ հրատարակչական խնդիրների շուրջ. հեղինակը կպատմի գրքի շուկա մուտք գործելու իր անհաջող փորձի և այդ ոլորտում առկա խոչընդոտների մասին։

«Այնուհետև բոլորով կգնանք խաղը դիտելու»,- հայտնում է «Մարադոնան և Ռոնալդինյոն» հեքիաթի հեղինակ-հրատարակիչ Արփի Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter