
Գյումրին Հայկ Ադամյանի սեւ-սպիտակ լուսանկարներում
Հեռավոր ամերիկյան Բերբանկ քաղաքում ապրող գյումրեցի լուսանկարիչ Հայկ Ադամյանի հետ հանդիպումը վիրտուալ հարթության վրա է: Օգնության է գալիս Skype-ը: Գյումրիում առավոտյան ժամը 11-ն է, օվկիանոսից այն կողմ` կեսգիշերն անց: Բիենալեի մասնակից Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների եւ լուսանկարչի ընկերների համար հրաշալի առիթ է շփվելու Գյումրին իր սեւ ու սպիտակ լուսանկարներում պատկերած եւ այդ առումով անմրցելի Հայկ Ադամյանի հետ:
12 տարի առաջ հարազատ ծննդավայրից ԱՄՆ տեղափոխված լուսանկարչի աչքերում միաժամանակ եւ տխրություն, եւ ուրախություն կարելի է նկատել: Էկրանից այն կողմ հարազատ ու անծանոթ դեմքերը խառնվել են իրար: Հայկը ողջունում է բոլորին`ծանոթ-անծանոթներին:
«Անչափ ափսոսում եմ, որ ձեզ հետ չեմ: Երբ պիտի Բիենալեն սկսվեր, կնոջս ասի՝ լսի, ախր, Լեննագան Բիենալեն է, ես ինչ եմ անում էստեղ, ախր ես էնտեղ պիտի լինեի: Ինձ ասում է՝ գնա, էլ ինչի կսպասես,- Հայկի ձայնում տխուր նոտաներ են հայտնվում,- ես հիմա նախանձում եմ բոլորիդ: Էն աուրան, որի մեջ հիմա դուք ապրում եք, աշխարհի ոչ մի անկունում չեք գտնի, ես որ չեմ գտնում, հավատացեք ինձ: Եթե ինձի հարցնեք, թե որտեղ է լավ, ըստեղ թե էդտեղ, ես կասեմ՝ էդտեղ, ձեզ մոտ: Ես այստեղ ինձ շատ մենակ եմ զգում:Ստեղծագործեք, սովորեք, ձգտեք ավելիին ու փորձեք ինքներդ ձեզ գտնել: Դա շատ կարեւոր է»:
![]() |
![]() |
Skype-ով հանդիպումը Ադամյանի հետ | Արաքսյա Մարգարյանը |
«Հայկ Ադամյանը Գյումրին դասական ձեւով է ներկայացրել,- բացատրում է հանդիպման մասնակիցներից արվեստաբան Արաքսյա Մարգարյանը,- նրա գործերը ամենադասական լուսանկարներն են համարվում Գյումրիում: Իր գործերում կա եւ պոեզիա, եւ յուրօրինակ ոգեղենություն, ինչ որ, ասենք, մյուս լուսանկարիչների մոտ չի նկատվում կամ չի հաջողվում պարզապես»:
![]() |
![]() |
Անձնապես ծանոթ չլինելով լուսանկարչի հետ, Արաքսյան երկար ժամանակ ուսումնասիրելով նրա գործերը` եկել է այն համոզման, որ նա կարողանում է ժամանակը եւ տարածությունը ֆիքսել յուրօրինակ ձեւով:
![]() |
![]() |
«Գյումրին շատերն են լուսանկարել եւ լուսանկարում են, բայց Ադամյան լուսանկարիչը կարողացել է մի փոքրիկ ֆրագմենտ ընդգծելով` այն դարձնել առավել արդիական,- ասում է արվեստաբանը,- Հայկը սիրումէ մարդու հոգեկան աշխարհը ցույց տալ: Մարդուն նոր դիտակետից բացահայտել, այն ինչ անտեսանելի է, շղրաշի տակ եւ չի երեւում: Նա կարողանում է այդ ամենը մաքուր ձեւերի մեջ ներկայացնել: Հայկի գործերը հիմնականում սեւ-սպիտակի մեջ է արված: Գունայինն իներտ է, ձեւի վրա ավելի մեծ ուշադրություն է դարձրած: Հարեւանների հետ կապված շարք ունի Հայկը, հին տիպային մարդիկ են, շատ հրաշալի ձեւով է ներկայացված: Շատ հետաքրքիր տրանսֆորմացիաներ, ֆիգուրատիվ գործեր ունի Հայկը ու ես շատ ափսոսում եմ, որ նա մեր քաղաքում չէ: Նրանից շատ բան կարող էին սովորել մեր ուսանողները»:
Մեկնաբանել