HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երիտասարդ պատգամավորները համեստ եկամուտներ ունեն, իսկ ինչ կունենան 5 տարի հետո

Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը բիզնես ունի եւ հավելյալ եկամտի աղբյուր: Շատերը պատգամավորի մանդատն օգտագործում են որպես «տանիք»` իրենց բիզնեսը զարգացնելու համար եւ նրանց ամենեւին էլ պետք չէ խորհրդարանի «ձանձրալի» աշխատանքն ու ժամանակի անիմաստ կորուստը: Այս տեսանկյունից դեռեւս առանց բիզնեսի ու հավելյալ եկամուտի են մնացել առաջին անգամ ընտրված երիտասարդ պատգամավորները: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի եկամուտները, դրամական միջոցներն ու անշարժ գույքը` գրեթե կասկած չունենալով, որ 5 տարի անց նրանցից շատերի դրամական միավորի կողքին մի քանի զրոներ են ավելանալու, էլ չենք խոսում անշարժ գույքի ու արժեթղթերի եւ այլ ներդրումների մասին:

Սամվել Ֆարմանյան (ՀՀԿ). Մինչեւ պատգամավոր ընտրվելը Սամվել Ֆարմանյանը զբաղեցրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: ԿԸՀ ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրում, Ս. Ֆարմանյանը նշել է, որ համատեղ սեփականության իրավունքով Երեւանում ունի 96.36քմ եւ 117.5քմ մակերեսով 2 բնակարան, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 0.1200 հա հողամաս:

Պարզվում է` Սամվել Ֆարմանյանը ավտոմեքենա չունի, ոչ էլ թանկարժեք իրեր:

Որպես եկամուտ Սամվել Ֆարմանյանը 2012թ. մարտի 1-ի դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 7 մլն 480 հազար 221 դրամ, իսկ Հանրային ռադիոյից` 1 մլն 729 հազար 570 դրամ: Նորընտիր պատգամավորի հաշվեհամարին մարտի 17-ի դրությամբ առկա է եղել 10 հազար դոլար:

Նշենք, որ ԱԺ պատգամավորի պաշտոնում Սամվել Ֆարմանյանի աշխատավարձային տարեկան եկամուտը չի գերազանցելու 3.5 մլն դրամը, ինչը պատգամավորի համար գրեթե կրկնակի ֆինանսական կորուստ է:

Արփինե Հովհաննիսյան (ՀՀԿ). Այս պատգամավորը ոչ տուն ունի, ոչ թանկարժեք իրեր, ոչ էլ տնտեսած դրամական միջոցներ, իսկ միակ շարժական գույքը 2008թ. արտադրության «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան է:

Մինչեւ պատգամավոր ընտրվելը Արփինե Հովհաննիսյանի ֆինանսական եկամուտները գոյացել են երկու աղբյուրից: ԵՊՀ-ից դասախոսության համար ստացել է 1 մլն 425 հազար 870, իսկ Ազգային ժողովից (ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր,-հեղ.)` 2 մլն 952 հազար 370 դրամ:

Լեւոն Մարտիրոսյան (ՀՀԿ). Նա մինչեւ խորհրդարան մտնելը եղել է ՀՀ նախագահի օգնականը: Լեւոն Մարտիրոսյանը Երեւանի Սայաթ-Նովա փողոցում ունի 90 քմ մակերեսով բնակարան: Նա էլ այս տարվա մարտի 1-ի դրությամբ ոչ ավտոմեքենա ունի, ոչ արժեթղթեր ու այլ ներդրումներ, ոչ էլ թանկարժեք իրեր: Նախագահի օգնականի պաշտոնում վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 956 հազար 500 դրամ, իսկ մարտի 19-ի դրությամբ հաշվեհամարին ունեցել է ընդամենը 895 հազար դրամ:

Նաիրա Կարապետյան (ՀՀԿ). Մինչեւ պատգամավորի պաշտոն զբաղեցնելը Ն. Կարապետյանն աշխատել է ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարությունում որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու:

Նաիրա Կարապետյանը Երեւանում ունի 93 քմ մակերեսով մեկ բնակարան: Նրա միակ եկամուտը եղել է աշխատավարձը` 2 մլն 880 հազար դրամ: Մարտի 19-ի դրությամբ Ն. Կարապետյանն ունեցել է 3 մլն 100 հազար դրամ:

Վահան Բաբայան (ԲՀԿ). Նա մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է գործազուրկ, հետեւաբար ոչ դրամական միջոցներ է ունեցել, ոչ էլ եկամուտ: Վահան Բաբայանի միակ ունեցվածքը Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում ընդհանուր համատեղ սեփականությամբ ունեցած 161.7 քմ շինությունն է եւ 0.22 հա հողամասը:

Էլինար Վարդանյան (ԲՀԿ). Աշխատել է «Առաջին հիպոթեքային  ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ում որպես իրավաբան-ֆինանսական դիտարկումների մասնագետ:

Էլինար Վարդանյանը Երեւանում ունի 72.5 քմ մակերեսով  բնակարան եւ ուրիշ ոչ մի անշարժ եւ շարժական գույք: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա ապրիլի 1-ի դրությամբ «Գլոբալ լիֆտ կոմպլեկտ» ՍՊԸ-ից ստացել է 660 հազար դրամ աշխատավարձ, 6 մլն դրամ էլ նույն ընկերությունից ստացել է որպես շահաբաժին:

Էլինար Վարդանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը ունեցել է ավտոմեքենա, որը վաճառել է 1.5 մլն դրամով: Ապրիլի 2-ի դրությամբ պատգամավորն ունեցել է 26 մլն դրամ եւ 15 հազար 300 դոլար:

Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ). Բացի պատգամավոր լինելուց, Տ. Ուրիխանյանը նաեւ ԲՀԿ մամուլի պատասխանատուն է, իսկ մինչ այդ, նրա աշխատանքի մասին հայտարարագրում տեղեկություն չկա:

Տիգրան Ուրիխանյանը Երեւանում ունի 84.47 քմ մակերեսով բնակարան, ինչպես նաեւ 1999թ. արտադրության «Չեռոկի կլասիկ» մակնիշի ավտոմեքենա: Նա մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, փոխարենը ապրիլի 2-ի դրությամբ հաշվեհամարին առկա է եղել 10 հազար դոլար:

Դավիթ Քոչարյան (ԲՀԿ). Մինչեւ պատգամավոր ընտրվելը Դավիթ Քոչարյանը ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունում աշխատել է որպես մաքսային տեսուչ:

Նա Հրազդանում ուի 2 բնակարան, 2 ոչ բնակելի տարածք եւ 3 հողամաս: Նշված անշարժ գույքերի մակերեսների մասին պատգամավորը հայտարարագրում նշումներ չի կատարել:

Դավիթ Քոչարյանն ունի նաեւ 3 ավտոմեքենա` «Տոյոտա Լանդ Կռազեր Պռադո-2.7», «Տոյոտա Պռադո V4-2.7» եւ «ՈւԱԶ 3962» մակնիշի:

Դավիթ Քոչարյանը ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 864 հազ 320 դրամ աշխատավարձ, իսկ ապրիլի 2-ի դրությամբ հաշվեհամարին ունեցել է 19 մլն դրամ եւ 130 հազար դոլար:

Կարեն Բոթոյան (ՕԵԿ). 29-ամյա պատգամավորը մինչեւ ԱԺ-ում հայտնվելը զբաղեցրել է «Եվրոպա» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալի պաշոնը: Նա ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա ու արժեթղթեր, փոխարենը հայտարարագրել է 18 մլն 100 հազար դրամ արժողության կահույք:

Կարեն Բոթոյանը վերջին մեկ տարվա ընթացքում, որպես եկամուտ 993 հազ. 400 դրամի աշխատավարձ է ստացել «Եվրոպա» ՍՊԸ-ից: Պատգամավորին 37 մլն դրամ եւ 10 հազար դոլար էլ նվիրել է նրա հայրը` Հովսեփ Բոթոյանը:

Ապրիլի 3-ի դրությամբ Կ. Բոթոյանի հաշվին եղել է 37 մլն դրամ եւ 10 հազար դոլար:

Մեկնաբանություններ (1)

es em
ba txamardkanc dzerqer@ ur en?)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter