HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ դիտարկումներ` դեսպանի հայտարարության շուրջ

«...Բացի այդ, կարևոր է, թե ինչ իրավիճակ է կոմպակտ բնակեցված տարածաշրջանում` Սամցխե-Ջավախեթիայի (նկատի ունենալով Ջավախքը- խմբ.)»: «-Հայոց պատմությունն ուսումասիրելունն ի՞նչն է խանգարում, եթե տունը նստի և ինտերնետով պատմություն ուսումնասիրի,- լրագրողներից մեկի հարցին հարցով պատասխանեց դեսպանը» (Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյան, www.slaq.am, 03.06.11):

Հասարակությունը միտված է կարծելու, որ յուրաքանչյուր փոփոխություն իր հետ բերելու է դրական տենդենցներ: Պարոն Հ. Մանուկյանին նոր դեսպան նշանակելուց հետո Վրաստանի հայկական շրջանակներում նույնպես հույս արթնացավ, որ առկա բազում հիմնահարցեր, այդ թվում` հայաբնակ Ջավախքինը, իրենց գլոբալ հարթությունների մեջ ունենալու են սկզբունքային տեղաշարժեր: Սակայն դատելով դեսպանի վերոբերյալ դիրքորոշումներից` դժվար է արդեն մտածել այդպես:

Մատնանշենք, որ Հ. Մանուկյանի նշյալ դիրքորոշումը բոլորովին չի համապատասխանում վիրահայության և ջավախահայության` հայոց պատմության դասաժամերը պետական ուսուցման ծրագրերում ներառելու մասին արդեն երկարամյա պահանջներին կամ, ավելի ճշգրիտ, ամբողջովին հակասում է դրանց: Սրանով շարունակվում է ջավախահայության պահանջները մի կողմ թողած` վերջիններիս ինչ-ինչ «խորհուրդներ» տալու` ՀՀ պաշտոնական - ոչ պաշտոնական շրջանակներում առկա ավանդույթը:

Դեսպանը մի՞թե չի գիտակցում, որ այս դեպքում խոսքը ոչ թե հայոց պատմությամբ հետաքրքրվող ջավախքցի Բարդուղիմեոս պապիկի կամ ասպնջակցի օրիորդ Թևզաձեի խնդրանքի մասին է, որոնց, իրոք, կարելի է նման` Երևան չգալ-հասնելու խորհուրդ տալ, այլ խնդիրը դպրոցականների կազմակերպված ուսուցման շրջանակներում բարձրաձայնվող հիմնահարցի մասին է: Իհարկե, այս դեպքում Ջավախքից քիչ թե շատ տեղյակ մարդու համար դեսպանի խորհուրդը կառաջացնի դառը ժպիտ:

Ի վերջո, «Սամցխե-Ջավախեթիա» տերմինի օգտագործումն այն պայմաններում, երբ վրացական կողմը բացեիբաց հայտարարում է «Ջավախք»-ի չգոյության մասին, նշանակում է անտեղյակ լինել իրավիճակից:

Ուր է տանելու այս միտումը. երբ վրացական կողմը արգելեց գրքերի, պատմության դասագրքերի ներմուծումը Ջավախք, մենք հայտարարեցինք` ոչինչ, pdf-ներ կան աշխարհում, արգելվեց ուսուցիչների վերապատրաստումը, մենք հայտարարեցինք` ոչինչ, Քութայիս ու Բաթում կա աշխարհում, մերժում են հայերենին իրավական կարգավիճակի շնորհումը, ասեցինք` ոչինչ, թող հայությունը գնա, սովորի վրացերենը (դեսպանությունը մինչ օրս գոնե հայտարարություններով անգամ ընթացք չի տվել ՀՀ նախագահի 2009 թ. սեպտեմբերի 2-ին արած «հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու» մոտեցմանը), հիմա էլ` ոչինչ, հայերս հնարամիտ ազգ ենք, ինտերնետի տեղ գիտենք: Հետաքրքիր է` մինչ օրս Ջավախքում մեկը չկա՞ր, որ գլխի գցեր այս միամիտ 150.000 ժողովրդին, թե ինտերնետ կա, բան կա, էսքան տարի էս ժողովուրդն ինչո՞ւ է գլուխ կոտորում, պահանջում, զարմանալ կարելի է:

Իսկապես, հայրենական ԱԳՆ-ի «ինտերնետ-համակարգը» շշմեցուցիչ հաջողություններ է գրանցում. շուտով ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանն էլ երևի մի նամակ-ցուցում կստանա այն մասին, որ կա ինտերնետ, և վերջինս հեշտ ու հանգիստ կարող է իր հայրենի գանձացիների, այդ թվում` ծնողների ու հարազատների հետ շփվել ինտերնետով: Հարցը լուծված է:

Այս զավեշտական զարգացումները բխում են այն իրողությունից, որ հայրենական պաշտոնյաները բոլորովին հեռու են խորապես ընկալելուց և հասկանալուց վրացական ծրագրված քաղաքականության բուն էությունը, չգիտեն Վրաստանի պատմությունն ու նրա զարգացման ուղին, չեն տիրապետում վրացական էթնիկ առանձնահատկություններին և այլն: Հետևաբար, ՀՀ նախագահն ինչքան էլ փոփոխություններ կատարի դեսպանների շրջանակներում, նման իրավիճակների պակաս չի զգացվելու:

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter