HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի վերսկսման գինն Ադրբեջանի համար

Ալեքսանդր Քանանյան 

18 տարի անց դյուրին չէ լիարժեքորեն գնահատել հրադադարի հաստատման նախաշեմին՝ 1994 թ. ուշ գարնանն արցախյան ռազմաճակատում տիրած դրությունը: Միջազգային փորձագետների կարծիքով եռամյա թեժ մարտական գործողություններից հետո հակամարտող կողմերը հասել են համակողմանի ուժասպառման այնպիսի մակարդակի, որ լայնածավալ ռազմական գործողությունների շարունակությունն այլևս գործնականում անհնարին էր: Թեև որոշ հայ փարձագետներ նույնպես հակված են հաստատելու վերոհիշյալ տեսակետն, այնուամենայնիվ, բոլորն են խոստովանում են, որ հրադադարն ավելի անհրաժեշտ էր հենց ադրբեջանական կողմին, որը 1994 թ. ձմռանը նախաձեռնած լայնածավալ հարձակողական գործողությունների տապալումից հետո կանգնել է ողջ ռազմաճակատի քայքայման հերթական վտանգի առջև: Միաժամանակ, հայ փորձագետների մեծամասնությունը բացահայտ կամ անուղղակի ափսոսանք է հայտնում, որ հրադադարի կնքման պահին հայկական կողմը չի հասցրել իրականացնել անհրաժեշտ տարողության պատժիչ հակահարձակողական գործողություններ՝ սպասվելիք երկարաժամկետ հրադադարի համար հնարավորինս նպաստավոր ռազմաշխարհագրական շփման գիծ ապահովելու համար: Ռազմական անվտանգության և բնաշխարհագրական դիրքային համապատասխանության տեսանկյունից հրադադարի արդի գիծն ամբողջացած չէ մարտակերտյան ու հորադիզյան հատվածներում, ինչպես նաև՝ Մռավի լեռնաշղթայի որոշ ջրբաշխ բարձունքները չվերահսկելու առումով:

Ինչևէ, անցած 18 տարիների ընթացքում հրադադարի ներկա գիծն ու դրանից բխող դիրքային իրողությունները հակամարտության գոտում ուժերի փոխհավասարակշռության պահպանման կարևորագույն երաշխիք էին: Սակայն, որքան էլ նպաստավոր ու ամուր լինեն հայկական զինված ուժերի պաշտպանական դիրքերը, միևնույն է, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերասանձազերծման վտանգը մշտապես առկա է: Այս վտանգը ծագում է ոչ միայն ու ոչ այնքան հարևան երկրում մոլեգնող հայատյացության ու ռևանշիզմի մթնոլորտից, որքան հայ-ադրբեջանական կնճռի անավարտ հանգուցալուծման պատճառով: 1994 թ. հրադադարն, ընդամենը, արձանագրել է 1991-1994 թթ. Ադրբեջանի կրած ծանր ռազմական պարտության տարածքային հետևանքները: Սակայն, քանի դեռ Ադրբեջանը չի ենթարկվել համակարգային և համապարփակ անշրջելի ռազմական պարտության, Հայաստանի համար այն շարունակելու է լինել ռազմական սպառնալիքի ու ցեղասպանական ոտնձգությունների աղբյուր: Պատմական օրինաչափությունները վկայում են, որ էթնոտարածքային ու քաղաքակրթական նման խորության հակամարտությունների դեպքում իրադրային կիսավարտ լուծումները միանգամայն ժամանակավոր են: Երկարարաժամկետ կայունությունն ու խաղաղությունը հնարավոր է ապահովել միմիայն անհանդուրժող ռևանշիստ պետության հարձակողական նկրտումների պատերազմական ջախջախման և կանխարգելիչ ռազմաքաղաքական զսպման պարագայում:

Նավթարդյունաբերությունից ստացվող խոշորածավալ եկամուտներն Ադրբեջանի ղեկավարության ու հասարակության շրջանում հայերի դեմ ռազմական ռևանշ իրականացնելու նոր հույսեր են առաջացնում: Ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանը «ջնջելու» մասին պաշտոնական հոխորտանքները և հրադադարի գծում աճող լարվածությունը վկայում են, որ Ադրբեջանն առաջին իսկ «պատեհ» առիթի դեպքում կրկին դիմելու է ռազմական արկածախնդրության: Թեև ընթացիկ հետախուզության տվյալները շատ կարևոր են՝ հակառակորդի գործողությունները կանխատեսելու համար, ակնհայտ է, որ պատերազմը վերսկսելու Բաքվի որոշման հիմքում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված առարկայական նախադրյալներից բացի կարող են ընկած լինել նաև սուբյեկտիվ կամ խիստ անհատական բնույթի այլևայլ գործոններ: Ուստի, անկախ բոլոր հավանական կանխատեսումներից ու հաշվարկներից, Հայաստանը պետք է ամեն օր պատրաստ լինի պատերազմի վերսկսմանը:

Սակայն, Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հաջողության համար բավական չէ գիտակցել մի օր պատերազմի վերսկսման անխուսափելիությունը կամ պատրաստ լինել կասեցնել հակառակորդի հարձակողական ոտնձգությունները: Բոլոր դերակատարներն ու արտաքին ուժի կենտրոնները պետք է քաջ գիտակցեն, որ պատերազմի վերսկսման դիմաց Ադրբեջանի վճարելիք ռազմաքաղաքական գինը լինելու է ագրեսոր երկրի համակարգային ջախջախումը և հայոց պաշտպանական դիրքերը Կուր գետին հասցնելը: Մինչ օրս հնչել է միայն ռազմական գործողությունների վերսկսման ի պատասխան ԼՂՀ անկախության ճանաչման «սպառնալիքը»: Մեծ գրագիտություն չի պահանջվում հաստատելու, որ պաշտոնապես հայտարարված սույն սպառնալիքը, մեղմ ասած, լուրջ չէ. Արցախն՝ արդի սահմանների մեջ արդեն իսկ լիովին հայապատկան է և այդպիսին մնալու է բոլոր դեպքերում՝ բացառությամբ Ադրբեջանի կողմից գրավվելու միանգամայն անիրատեսական վարկածի:

Հաշված օրերի ընթացքում ադրբեջանական հարձակման կասեցումից հետո «միջազգային հանրության» անվան ներքո հանդես եկող համաշխարհային ուժի կենտրոնները փորձելու են լրջագույն ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ մեզ պատժիչ հակահարվածի հրամայականից հետ պահելու և հակամարտության գոտի «խաղաղապահ ստորաբաժանումներ» մտցնել հաջողեցնելու համար: Հայաստանը, թե՛ հանրության, և թե՛քաղաքական դաշտի մակարդակով պետք է հենց այսօր՝ առանց դույզն իսկ ուշացնելու հասկացնի, որ Ադրբեջանի կողմից ցեղասպանական ագրեսիայի վերասանձազերծումը պարտադրաբար հանգեցնելու է անվերապահ ռազմաքաղաքական պատժի՝ հայության համար անվտանգության առավեագույն հնարավոր համակարգի հաստատման միջոցով: Ակներև է, որ հիշյալ համակարգի բնաշխարհագրական հիմնարար առանցքը՝ Կուր գետն է:

http://www.artsakhtoday.com/?p=25090

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter