HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«ԳԱԼԱ»-ն` շուտով նաև Վանաձորում

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը պատրաստվում է հանրապետական լրատվամիջոց դառնալ: Ընդլայնում է գործունեությունը. գրասենյակներ է հիմնում հանրապետության խոշոր քաղաքներում, հավաքում է աշխատողներ, որ ապահովի լրատվություն ամբողջ  Հայաստանից: Այս տարվա մարտին հիմնել է Երևանի գրասենյակը` 12 հոգանոց աշխատանքային թիմով, որտեղ նույնքան էլ լրագրողի կարիք կա:

Երևանի գրասենյակում մայրաքաղաքի լրագրողներն են աշխատում, որոնց մասնագիտական հմտությունների  վերաբերյալ «ԳԱԼԱ»-ի տնօրեն Վահան Խաչատրյանն այնքան էլ բարձր կարծիքի չէ: «Պետք է մի քիչ անկեղծ խոսեմ, մայրաքաղաքի լրագրողները  չեն կարողանում աշխատեն այնպես, ինչպես որ մերոնք: Կամ այստեղ կա արդեն ձևավորված որոշակի ոճ, կամ կան ինչ-որ սկզբունքներ, որոնցով մերոնք թրծվել են և պահում են այդ սկզբունքները»,- ասում է գործատուն: Այս առումով մայրաքաղաքում «ԳԱԼԱ»-ն դժվարությունների է հանդիպել և Երևանի գրասենյակի աշխատանքն սկսել է սեփական կադրերով մինչև մայրաքաղաքից լրագրողներ ներգրավելը, որոնց մի մասն էլ, չկարողանալով աշխատել «Գալայի» սկզբունքերով, կամովին է հեռացել:

Առհասարակ, Վահան Խաչատրյանի խոսքով, կադրերի խնդիրն ամենաբարդն է. «Հայաստանի շուկայում անկախ, օբյեկտիվ  վերլուծությունները չեն գնահատվում, պահանջարկ չկա վերլուծությունների, մնում են պատվեր կատարողները: Իսկ մեզ պետք  են որոշակի սկզբունքներ ունեցող, անկախ մարդիկ, որևէ թևի չհարող, ովքեր սովոր չեն պատվեր կատարել, այլ փորձում են առանց  խմբագրության, ինքնախմբագրության և գրաքննության լուրջ լրատվություն մատուցել»,- ասում է «ԳԱԼԱ»-ի տնօրենը:

Վերջինս նշում է մի քանի մասնագիտական առանձնահատկություն, որոնցով «ԳԱԼԱ»-ի լրագրողները  տարբերվում են օրինակ երևանյան լրատվամիջոցների լրագրողներից: «Այն նյութերը, որ տեսնում ենք երևանյան լրատվամիջոցներով, դրանք լրագրողին զարգանալու հնարավորություն չեն տալիս,- ասում է Վ. Խաչատրյանը,- օրինակ, մեր լրագրողները երբեք չեն տալիս նյութ մեկ ասուլիսով: Եթե լրագրողը ասուլիս է լուսաբանում, անպայման ուրիշ կարծիքներ էլ` 2-3 սինխրոնով նյութ պետք է պատրաստի»:

Գյումրեցի լրագրողները պատմել են, որ երբ ակտիվություն են դրսևորել երևանյան ասուլիսների ժամանակ` հարցեր ուղղելով բանախոսին, երևանցի գործընկերները զարմացել են, թե ինչու են նրանց հետաքրքրում այդ հարցերը: Կամ` երևանյան տարբեր լրատվամիջոցներից «ԳԱԼԱ» տեղափոխված լրագրողները, Վ. Խաչատրյանի խոսքով, սովոր են «կոնկրետ  ուղղությամբ» աշխատել:

«Խմբագրի կողմից լրագրողի առաջ կոնկրետ խնդիր է դրված: Երևանի մեր կոլեգա լրագրողներին, որոնք տարբեր կայքերից են եկել, նայած ով որտեղից, ասել են` պետք է գրես այսինչ թեմայով»,- պատմում է Վ. Խաչատրյանը` նշելով, որ նման պայմաններում նույնպես լրագրողը չի կարող զարգանալ: Իսկ «ԳԱԼԱ»-ում թեմատիկ, ժանրային, բովանդակային որևէ սահմանափակում չկա, ինչը Վ. Խաչատրյանի գնահատմամբ, բիզնեսի տեսանկյունից էլ է ավելի արդյունավետ: Լրագրողները միանշանակ ազատ են թեմայի ընտրության հարցում, չկան նաև, այսպես կոչված, «արգելված» թեմաներ: Ավելին, «ինչ պիտի նկարենք» հարց տվող լրագրողը, տնօրենի ասելով, անմիջապես  հեռացվում է աշխատանքից: «Եթե լրագրողը չգիտի, թե ինչ պիտի ինքը նկարի, ուրեմն պետք չէ ինքը մեզ,- ասում է Վ. Խաչատրյանը,- խմբագիրը եթե լրագրողին առաջարկեց  թեմա, եթե ինքը լրագրողի պարտականությունը վերցրեց իր վրա, ուրեմն մեկն էլ պետք է, որ խմբագրի պարտականությամբ զբաղվի: Խմբագիրը իրավունք չունի լրագրողին խորհուրդ տա, թե ինչ նկարի»:

«ԳԱԼԱ»-ում խմբագրում չկա, չկա նաև խմբագիր: Մի քանի տարի առաջ այդ հաստիքը հանվեց, և նրան փոխարինեցին լրագրողները` հերթափոխով: Արդյունքում յուրաքանչյուր լրագրող պատրաստի խմբագիր դարձավ, քանի որ ինքն էր խմբագրում իր նյութը: «ԳԱԼԱ»-ի վերլուծական հաղորդումներից «Արխիվի մեկ օրը» նույն սկզբունքով է պատրաստվում` դարձյալ լրագրողների հերթափոխով:

«Հատուկ է մտածված, որ չլինեն թույլ կամ ուժեղ լրագրողներ: Բոլոր լրագրողների վրա դրված է պարտականություն` լինել ուժեղ: Եվ եթե ժամանակին ոմանք  հրաժարվում էին, չէին ուզում մասնակցել անել այդ հաղորդմանը, որովհետև բարդ հաղորդում է, որոշակի վերլուծություն է պետք, ապա հետագայում հասանք նրան, լրագրողները հմտացան և հասկացան, որ իրենց ուժերի մեջ է»,- պատմում է Վ. Խաչատրյանը:

«ԳԱԼԱ»-ն արդեն 2 հեռուստաընկերություն ունի` Գյումրիիում և Երևանում` տարբեր տեխնիկասարքավորումներով, բայց հեռուստաեթերը դեռևս 1-ն է` Գյումրիինը: Ինչպես Վ. Խաչատրյանն է վստահեցնում, «ԳԱԼԱ»-ն չի կարող համագործակցել երևանյան հեռուստաընկերությունների հետ. «Քանի որ հեռուստաընկերությունները կառավարվում են մեկ կենտրոնից, որևէ երևանյան հեռուստաընկերություն ցույց չի տա այն, ինչը որ մենք ենք արտադրում: Եթե պատրաստ լինեին այդ կարգի բան ցույց տալու, ուրեմն իրենք էլ կարող էին պատրաստել և ցույց տալ, իմաստը ո՞րն է, որ մեզնից վերցնեն»:

Առաջիկայում «ԳԱԼԱ»-ն գրասենյակ է բացելու նաև Վանաձորում, և նույն խնդիրն այս դեպքում էլ է առաջանում: Եթե Վանաձորի 4 հեռուստաընկերություններից որևէ մեկը համաձայնի ընդունել «ԳԱԼԱ»-ի առաջարկը, վերջինս սիրով կհամագործակցի, գոնե եթերաժամանակ կգնի նրանցից: Նման պայմանավորվածություններ դեռևս չկան: «Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկը մեզ վճարովի եթեր տա: Մենք շահագրգռված ենք, որ ունենանք եթեր Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Երևանում: Բայց դատելով հեռուստաընկերությունների ոճից, որ ունենք Հայաստանում, կարծում եմ, որ որևիցե մեկը մեզ հետ չի համագործակցի»,- ասում է «ԳԱԼԱ»-ի տնօրենը` համոզված, որ Բաղրամյան 26-ից` նախագահական նստավայրից, պարզապես կարգելեն դա:

Բայց, անկախ եթերից, «ԳԱԼԱ»-ն լրատվական գործունեություն կծավալի հանրապետական մասշտաբով: Այսպես, նախկինում էլ 5 տարի շարունակ «ԳԱԼԱ»-ն լրատվություն է ապահովել մայրաքաղաքից:  Հիմա աշխատանքի կազմակերպման ձևն է փոխվել: Եթե նախկինում շաբաթը 2-3 անգամ նկարահանող խումբ էր գնում Գյումրիից Երևան և շաբաթական 10-12 նյութ պատրաստում, հիմա  տեղում պատրաստվում և օրական 4-5 նյութ է ուղարկվում Երևանից: Նույն ռեպորտաժները և «ԳԱԼԱ»-ի եթերով են հեռարձակվում` Գյումրիիում, և տեղադրվում galatv.am կայքում: Նախկինում որպես լրատվություն ապահովող էլեկտրոնային թերթ կայքը չէր գործում: Հեռուստատեսային ռեպորտաժներն էին տեղադրվում, այն էլ ոչ բոլորը: Այժմ  օպերատիվ լրատվություն է ապահովում` տեքստային և տեսանյութերով:

«ԳԱԼԱ»-ի ընդլայնումը միջազգային որևէ ֆոնդի հետ կապ չունի: Արդեն 5 տարի է` «ԳԱԼԱ»-ն նույնիսկ գովազդ չունի իր եթերում: 2005-ին հիմնադրվելով`  հեռուստաընկերությունը կարճ ժամանակում առաջատար դիրք գրավեց երկար տարիներ շուկայում գործող հեռուստաընկերությունների կողքին նաև գովազդային դաշտում: Բայց 2007-ից հայտնի դեպքերի պատճառով (Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելուց հետո) անհավասար մրցակցության մեջ հայտնվեց մյուս հեռուստաընկերությունների հետ: «Երբ մի տասնյակ գովազդատու 3 օրվա ընթացքում դադարում են քեզ հետ աշխատել, պետք է գտնես ինչ-որ միջոցներ՝ հեռուստաընկերությունը պահելու համար»,- ասում է Վ. Խաչատրյանը: Հեռուստաընկերությունը հիմնելիս գործարարությամբ էր զբաղվում, մի քանի փոքր արտադրություններ ուներ այն ժամանակ:  2007-2008-ի խնդիրներից հետո ստիպված ամբողջ կապիտալը Հայաստանից  դուրս հանեց և բիզնես ծավալեց արտերկրում`այստեղ թողնելով միայն հեռուստաընկերությունը: Արտերկրում ունեցած բիզնեսի շնորհիվ էլ Վ. Խաչատրյանն այսքան ժամանակ կարողացել է պահել «ԳԱԼԱ»-ն:  Հիմա ընդամենը 2-3 գովազդ կա «ԳԱԼԱ»-ի եթերում, որոնք Վ. Խաչատրյանին պատկանող օճառի գործարանի գովազդներն են:

«Ուրիշները վախենում են մոտենան մեր հեռուստաընկերությանը на расстоянии пушечного выстрела: Մեր եթերում գովազդ չկա, որովհետև նախագահականից կամ այլ տեղից, հավանական է` նախահագահականից, խստիվ արգելված է հեռուստաընկերությանը գովազդ տալ»: «ԳԱԼԱ»-ն դրամաշնորհային ծրագրերից քիչ է օգտվում, Վ. Խաչատրյանի խոսքով, ինքը խուսափում է դրամաշնորհներով աշխատելուց: «Երբ որ դու աշխատում ես գրանտային ծրագրերով, դու մի տեսակ լճանում ես, թեմայից  դուրս ես գալիս, չես կարողանում ճիշտ կոմնորոշվել շուկայում: Որպես բիզնեսմեն` գերադասել եմ շուկայում շուկայի կանոններով աշխատել և հաջողության եմ հասել»: «ԳԱԼԱ»-ում վարձատրությունը գործարքային սկզբունքով է, ամեն ամսվա 1-ին և 10-ին: «Ազատ մտածող և սկզբունքներ ունեցող մարդը պետք է գնահատվի: Որակով նյութերը բարձր են գնահատվում և հավելյալ վճարվում են: Նպատակն այն է, որ լրագրողը ոչ թե քանակի հետևից գնա, այլ որակի»,- վճարման սկզբունքն է բացատրում Վ. Խաչատրյանը: Անցած ամիս «ԳԱԼԱ»-ում ամենացածր հոնորարը եղել է 80 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter