HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես համաներել նախկին հանցագործությունները

2010-ի դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ արվեց այն հիմնավորմամբ, որ իր աշխատասենյակում ենթակային ստորացնելու և ծեծի ենթարկելու համար նկատողություն չէր արել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին: Վերջինս իր արարքի համար, սակայն, ոչ միայն որևէ պատասխանատվության չենթարկվեց, այլև 2012-ի փետրվարին նախագահի կողմից ստացավ արդարադատության գեներալ-մայորի  կոչում:

2011-ին տեղեկատվություն տարածվեց բանակում հնդկական գոմեշի ժամկետանց միս իրացնելու մասին, որից հետո բանակին մսամթերք մատակարարելու ոլորտում հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվեց քրեական գործ: Սկանդալային այս պատմության մեջ շրջանառվում էր հատկապես ՊՆ գլխավոր շտաբի պետի` գնումների և սպառազինության գծով տեղակալ Արշալույս Փայտյանի անունը: Սեպտեմբերի 16-ին հանրապետության նախագահը հրավիրած կառավարության խորհրդակցության ժամանակ գրեթե հաստատեց այդ կապը` նշելով, որ չի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում`գլխավոր շտաբի պետը պարտք է վերցրել մատակարարից: Եվ չնայած ակնհայտ է, որ «պարտքը» պարզապես կարող էր առձեռն վերցրած կանխիկ գումարը, այլ կերպ ասած` կաշառքը լեգալացնելու ձևակերպում լինել, ինչից ակնհայտորեն քրեական հացագործության հոտ է փչում: 2012-ի սեպտեմբերի 6-ին Փայտյանը առանց որևէ պատճառաբանության ՀՀ նախագահի հրամանագրով միայն ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

2012-ի օգոստոսին ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության պետական տեսչությունը հրապարակեց, որ իրենց անցկացրած լաբորատոր ուսումնասիրությամբ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների արտադրած կաթի մեջ հայտնաբերվել է սոդա, որն արգելված հավելանյութ է: Մոտ մեկ շաբաթ անց տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը ասուլիս հրավիրեց` հայտարարելու, որ կատարված երկրորդ հետազոտությամբ այդ ընկերությունների արտադրանքի մեջ սոդա չի հայտնաբերվել: Արդյունքում  հնարավոր չեղավ խախտումներ կատարած ընկերություններին պատասխանատվության ենթարկել, ինչը հաջողվեց փաստորեն միայն պատճառով, որ տեսչությունը, հրապարակելով նախնական ուսումնասիրությունների արդյունքները, այդ ընկերություններին հնարավորություն ու ժամանակ տվեց մինչև պաշտոնական լաբորատոր ուսումնասիրությունները կաթնամթերքի նոր խմբաքանակն արտադրել առանց հավելանյութերի:

2012-ի հունիսին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահանում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործում, սակայն, բացակայում են ռեստորանի տիրոջ` Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերի դետալիզացման արդյունքները, թեև ինքը` պատգամավորը, պնդում է, որ նախաքննական մարմինն այդ աշխատանքը կատարել է: Ավելին՝ չնայած Հայրապետյանը պնդում է, թե իր առանձնատան մոտ կազմակերպված հանրային բողոքի ակցիայի ժամանակ իր ընտանիքի անդամները վախեցել են, որը կարող էր լինել միայն նրանց` այդ պահին տանը լինելու դեպքում, հետո գործից հայտնի է դառնում, որ Հայրապետյանն իր ընտանիքի հետ միասին տևական ժամանակ, ընդհուպ հարսնաքարյան ողբերգության պահին, հանգրվանած է եղել ռեստորանին հարակից Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում, ինչը փաստացի կարող է բացատրել դեպքի ողջ ընթացքում հենց այդ տարածքից Հայրապետյանի կողմից հեռախոսազանգեր կատարելու կամ ստանալու հանգամանքը: Եվ հարցը` արդյոք այս ամենը չի՞ արվել` հանցագործության հետ Հայրապետյանի ուղղակի կապը բացառելու համար, մնում է անպատասխան:

2012-ի  օգոստոսի 24-ին Գյումրու առայժմ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր թայֆայով դեբոշ է սարքում  քաղաքի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց` դիմելով հրազենի օգնությանը:  Շիրակի մարզի քննչական բաժնում դեպքի կապակցությամբ, սակայն, քրեական գործը հարուցվում է միայն երեք օր անց: Եվ երեք օր էլ պահանջվում է իրավապահներից` Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու և  կալանավորման որոշում կայացնելու համար` փաստորեն լրիվ մեկ շաբաթ տրամադրելով Վարդան Ղուկասյանին` որդու երկրից հանելու և պատասխանատվությունից ազատելու համար:

Բնույթով տարբեր այս իրադարձություններն ու փաստերը միայն առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեն: Դրանց միավորողը ընդհանուր կոռուպցիոն, հովանավորչական, քրեական պատճառահետևանքային կապն է, որը հնարավոր է դարձնում ցանկացած տեսակի քրեական, տնտեսական, վարչական բնույթի իրավախախտում, հացագործություն և չեզոքացնում պատասխանատվության, օրենքի առջև բոլորի հավասարության ելակետային սկզբունքը:    

Ահա այս ընդհանուր խորապատկերին է, որ առանձնակի հմայք են ստանում սեպտեմբերի 16-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավրիրված կառավարության խորհրդակցությունը և դրա ընթացքում նրա  հնչեցրած գնահատականներն ու տված հանձնարարականները:

Ըստ էության, Սերժ Սարգսյանն առաջին անգամ գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ կառավարման համակարգը ուղնուծուծով կոռումպացված է, և որ դրա չեզոքացման կամ գոնե ծավալների փոքրացման ուղղությամբ նրա ղեկավարած իշխանությունը ոչինչ անել այս ընթացքում չի կարողացել: Սակայն նախագահի ելույթի մեխը արած այն հայտարարությունն էր, թե նման դեպքերի հայտնաբերման դեպքում այլևս չեն բավարարվելու միայն պատասխանատուներին ու մեղավորներին աշխատանքից ազատելով և սկսելու են «մեծերին գլխից բռնել»:

Նախագահն, իհարկե, չմանրամասնեց` որտեղ է վերջանում այդ գլուխը` ըստ էության դա թողնելով միայն իր հայեցողությանը: Իսկ որ մեծերին գլխից բռնելը տեղի է ունենալու բացառապես նրա  հայեցողությամբ` նա հասկացրեց հենց նույն խորհրդակցության ժամանակ, երբ հանձնարարեց ազգային անվտանգության ծառայությանը և գլխավոր դատախազությանը` լրջորեն զբաղվել իր վերահսողողության ծառայության կողմից պետական գնումների և այդ նպատակով իրականացվող մրցույթների ոլորտում կատարած ստուգումների, ուսումնասիրությունների արդյունքներով: Փաստորեն նախագահը երկու համակարգերին հրահանգ է տալիս ոչ ավել ոչ պակաս զբաղվել իրենց բուն գործառույթներով` հանցագործությունները բացահայտելով, ինչից կարելի է եզրակացնել, որ եթե նա այդ հրահանգը չտար, ոչինչ տեղից չէր շարժվելու: Որ այդպես էլ լինելու էր, ապացուցում է թեկուզ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեությունը: Արդեն տարիներ շարունակ այս կառույցը տարբեր գերատեսչություններում պետական հսկայական միջոցների աննպատակ վատնման, յուրացման փաստեր է հայտնաբերում, սակայն իրավապահները դրանք ոչ մի կերպ նկատել չեն ցանկանում: 

Բայց սա դեռ հարցի միայն մեկ կողմն է: Երկրորդ կողմն այն է, թե ինչու է նախագահը հանձնարարում դատախազությանն ու ազգային անվտանգության ծառայությանը զբաղվել միայն այդ հարցով, այն դեպքում, երբ մինչ այդ էլ տեղի էին ունցել սկանդալային իրավախախտումներ, որոնցից ակնհայտորեն կոռուպցիայի, հովանավորչության հոտ է գալիս, ինչպես վերոնշյալ դեպքերը:

Երբ նախագահը խոսում է հետայսու միայն աշխատանքից ազատմամբ պատժելով չբավարարվելու մասին, միանգամից տպավորություն է ստեղծվում, թե սրանով փակվում է նախկինում կատարված այդ հանցագործությունների կամ զանցառությունների թեման, ինչը հավասարազոր է դրանց նկատմամբ ամենաբարձր մակարդակով յուրօրինակ համաներում հայտարարելուն:

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ «մեծերին գլխից բռնելու» կամ «աշխատանքից ազատմամբ չբավարարվելու» հավաստիացումները ևս հովհարային բնույթ են ունենալու և գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքից ազատվելով չբավարարվելու նոր հանձնարարականով նոր համաներում իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Գուցե նախագահն իսկապես տրամադրված է ամեն ինչ մաքուր էջից սկսել: Ի վերջո սա էլ տարբերակ է: Սակայն դրան հավատալուն գոնե այս պահին հասարակությունը պատրաստ չէ: Որպեսզի այդ հավատը նախագահը ներշնչի հանրությանը, նախ պետք է պատասխանի այն հարցին, թե ինչու, երբ առողջապահության նախարարին հանձնարարում է կարգավորել դեղերի շուկան, նույնը չի անում, ասենք` բենզինի, շաքարավազի, բուսական յուղի և այլ շուկաների պարագայում, որոնք գտնվում են Հայաստանի մի խումբ օլիգարխիկ կլանների ու ընտանիքների բացառիկ տնօրինման շրջանակում: Կամ ինչո՞ւ է նա Վճռաբեկ դատարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսում միայն արդարադատություն իրականացնող պաշտոնատարների անպատժելիության անթույլատրելիության, իրավական միասնական պրակտիկայով առաջնորդվելու մասին, և ոչ մի խոսք չի ասվում արդարադատության ոլորտի ամենալուրջ ու հիմնական գերխնդիրը լուծելու` դատական իշխանության գրեթե կատարյալ անկախության ապահովման մասին: Ի վերջո ակնհայտ է, որ առանց անկախ դատական համակարգի գործարկման և քաղաքական կամքի  դրսևորման, ինչքան էլ ուժեղ հարվածես սեղանին, կառավարությանը քավության նոխազ սարքես, միևնույնն է, հարցերը չեն լուծվելու:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter