Փարավոնների ժառանգության հետաքրքիր մանրամասներ. նոր բացահայտումներ Լուքսորում
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ, կահիրեաբնակ հնագետ-եգիպտագետ Հուրիկ Սուռուզյանը նոր մանրամասներ է հայտնել փարավոնների 18-րդ դինաստիայի փարավոն Ամենհոթեպ 3-րդի (Ք.ա. 1390-1352 թթ.) թաղման տաճարի պեղումներից:
«ԻԿՕՄՕՍ/Հայաստանը» տեղեկացնում է, որ Հուրիկ Սուրուզյանի արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Ք.ա. 21-11 դդ. Եգիպտոսի մայրաքաղաք հռչակված Թեբեի այն մասում, որը գտնվում է այժմյան Լուքսոր քաղաքի արևմտյան ծայրին:
Հնագիտական արշավախմբի խնդիրը ինչպես տաճարի, այնպես էլ պեղումներով բացված գտածոների վերականգնումն ու պահպանությունն է:
Արշավախումբը հայտնաբերել է Ամենհոթեպ 3-րդի ալեբաստրե (հատիկավոր գիպս) արձանը (կոլոս)` թաղման տաճարի 3-րդ հենասյան մոտ` Կոմ էլ-Հեթաննում: Արձանից երևում է, որ Ամենհոթեփ 3-ը նստած է և կրում է Նեմեսի գլխազարդ, կարճ ծալավոր շրջազգեստ, ունի թագավորական մորուք:
Եգիպտոսի Հնությունների հարցերով պետական նախարար Զահի Հավասը հայտարարել է, որ արձանը Մեմնոնի կոլոսի հյուսիսային զույգն է, և հնարավոր է, որ այս 2 արձանն էլ փլուզվել է երկրաշարժից, սակայն դրանց մնացորդները դեռ տեսանելի են Նեղոսի ողողատների հնագիտական շերտերում:
Երկու արձանի գահերից մեկի հետնամասը հայտնաբերվել էր դեռևս նախորդ պեղումների ժամանակ, և դրա մասնակի տեսքը հրատարակվել է: Պեղումներով հետզհետե հայտնաբերվող մյուս մասերը հետագայում թույլ կտան ամբողջացնել արձանը, որը մոտ ապագայում կվերականգվի իր սկզբնական տեղում:
Զ. Հավասը Ամենհոթեպ 3-րդի դեմքը նկարագրել է որպես թագավորական դիմանկարների գլուխգործոց. այն ունի նշաձև աչքեր` շեշտված կոսմետիկ միջոցներով, կարճ քիթ և լայն շուրթերով մեծ բերան` սահմանագծված սուր եզրերով: Արձանը շատ լավ է պահպանված և ունի 1,2 մ բարձրություն: Չնայած մեծ չափերին` դեմքը համաչափ և չափազանց լավ է քանդակված:
Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմ. գիտ. դոկտոր Հուրիկ Սուրոզյանը գտածոն գնահատում է առանձնակի կարևոր` եգիպտական արվեստի և քանդակագործության, ինչպես նաև տաճարի պատմության տեսանկյունից: Որպես քանդակի բացառիկ օրինակ` կոլոսը կատարված է ալեբաստրով` Միջին Եգիպտոսում հայտնի Հաթնուբի քարհանքի քարով, որը հազվադեպ է օգտագործվում արձաններ կերտելիս: Կոմ Էլ-Հեթաննից գտնված զույգ արձանները եզակի են նաև իրենց լավ պահպանվածության և չափերի առումով:
Տաճարի մեծ բակի կենտրոնական մասի քարտեզագրման և մաքրման ժամանակ Հ. Սուրուզյանի արշավախումբը հայտնաբերել է աստվածության գլուխը` քանդակված գրանիտ-դիորիտե ժայռակտորի մեջ: Գլուխը ունի 28,5 սմ բարձրություն և ներկայացնում է տղամարդ աստծուն, որը կրում է զոլավոր կեղծամ: Հյուսած մորուքի մի մասը պահպանվում է ծնոտի տակ:
Տաճարի մեծ դահլիճում ևս հայտնաբերվել է Ամենհոթեպ 3-րդի կարմիր կոթողը, որը վերականգնել է արշավախումբը` ամբողջացնելով հայտնաբերված մեծ ու փոքր 27 բեկորը: Վերականգնված կոթողն ունի մոտ 7,40 մետր բարձրություն, որը կազմում է նախնական կոթողի բարձրության 4/5-րդ մասը:
Կոթողի վերականգնված մասը ներկայացնում է 2 տեսարան` Ամենհոթեպ 3-րդին և նրա կնոջը` թագուհի Տիեին, որոնք նվիրատվություններ են անում Ամոն-Ռա և Սոկար աստվածներին: Կոթողի մնացած մասը զարդարված է 25 տող հիերոգլիֆներով, ուր թվարկում են Թեբեի մեծ աստվածներին Ամենհոթեպ 3-ի նվիրած տաճարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել