Տո գիտությու՛ն էլ, սպո՛րտ էլ…
Սպորտի համար գիտաշխատողի խելքն իրենը չի… Շատ վաղուցվանից: Նույնիսկ մի անգամ, «ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախալի պահը» հարցին պատասխանել էր՝ «Էն որ Իշտոյանը Կիեւին գոլ խփեց…»:
Էս ամառն էլ ամառվա պես շոգ ա, բայց էլ Եվրոպայի առաջնությու՜ն, էլ Օլիմպիադա՜…Բայց արի ու տես՝ գիտաշխատողի Հ1-ը ցույց չէր տալիս ու նա համառորեն անտենան չէր սարքում: Կարողանում էր, բայց չէր սարքում:
Չէր սարքում, որովհետեւ Հ1-ով վարչապետը հաճախ է ասում «գիտելիքահենք»…Իսկ «ինքը էդ խոսքը չի սիրում…»: Էլ չի սիրում…, որովհետեւ արդեն գիտի, որ փուչիկ է, սուտ է: Դե եթե նախընտրական ժամանակաշրջան լիներ, էլի կհամակերպվեր՝ էդ ժամանակ համարյա «դիփ խաբում ին ու խաբվում ին»: Բայց էս 4 տարի է՝ նախընտրակա՞ն է, որ մեր ջահել, ռոք սիրող վարչապետը անընդհատ էդ բառն ասում է, ու սայլն էլ տեղից չի շարժվում: Եթե, օրինակ, ասեր «վաղը ձյուն է գալու»՝ էդքան չէր նյարդայնանա գիտաշխատողը: Բայց որ իրենց ոլորտից է սկսում… Դե քիչ է ստանում՝ բարձրաձայն ասելու համար անհարմար զգալու չափ գումար, պատահում է՝ պարտքեր էլ է անում, աշխատանքից հետո էլ, եթե բախտը ժպտում է, մեկ-մեկ «լեւի» գործեր է անում: Թե ինչու՞ գործից դուրս չի գալիս, ուրիշ տեղ աշխատանք փնտրում՝ էն, երկիրը չլքողների պես, ասում է. «Բա որ բոլորս թողնենք, գնանք ո՞նց կլինի…»: Ու սպորտի համար խելքն իրենը չի…
Էս Օլիմպիադան էլ ցույց տվեց, որ սկի սպորտահենք էլ չենք, չնայած որ սպորտին ավելի լավ են նայում, մտքերի գիրկն ընկավ գիտաշխատողը: Ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես, ե՛ւ լուսաբանությունների քանակով: Բայց դե ամբողջ աշխարհում է այդպես՝ լավ մարզիկը լավ գիտնականից «պոպուլյար» է ու ավելի է վաստակում: Օրինակ, էն Բեքհեմը: Էնքան խաղալ չգիտի, ինչքան թիթիզ-միթիզ բաներ անելով, իրեն գովազդելով` միլիոններ է վաստակում: Դե երեւի էդպես էլ պիտի լիներ՝ սպորտը շոու է: Շոու բիզնեսի նման էլ սպորտում «աստղեր» են դառնում ու աստղաբաշխական գումարներ աշխատում: Մինչդեռ, գիտնականները, երբ «աստղերն» անդարդ քնած են լինում, աստղաբաշխական համբերությամբ ու նվիրվածությամբ նոր աստղեր են հայտնաբերում:
Բայց մեկ ա՝ սպորտն ուրիշ ա… Որքա՜ն մեծ է լինում նրա համախմբող ազդեցությունը, որքա՜ն են բարիանում ու դարդները մոռանում մարդիկ, երբ, ասենք, մեր ֆուտբոլի հավաքականը հաղթում է կամ մերոնք օլիմպիական մեդալ են նվաճում: Այդ ժամանակ նույնիսկ ՀՀԿ-ականը ՀՀՇ-ականի գրածին է «լայք» տալիս եւ հակառակը: Դեռ հին ժամանակներից բացառիկ պետական ուշադրության են արժանացել Օլիմպիական խաղերը: Խաղերին մասնակցել են երկրների թագավորները, նրանց ընթացքում դադարեցվել են պատերազմները:
Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես: Ժամանակին լավ է ասել Պյեռ դե Կուբերտենը: Բայց գիտությունը էնքան զենք ու զինամթերք հայտնագործեց, որ պիտի պատերազմեցվեր, ու սպորտը համաշխարհային 2 պատերազմների ժամանակ վախից ինքը մի կողմ քաշվեց:
Իսկ գիտությունն՝ ինքը, հե՛նց տեղով «օ՜» է: Օ՜, սպորտն էլ առանց գիտության շատ առաջ չէր գնա (սպորտային բժշկության գծով պրոֆեսոր Ռաֆիկ Թորոյանի հետ հարցազրույցը կարդալուց հետո համոզվել էր, որ միայն մարզիկներին մրցումներին պատրաստելն արդեն իսկ լուրջ գիտություն է): Սկսած մարզահագուստից ու ամենապարզ մարզագույքից, վերջացրած Ֆորմուլա 1-ի «բոլիդներով», իրենց սուբյեկտիվ գործոնի ձեռքը կրակն ընկած մրցավարներին փոխարինող 1000 ու մի սարքավորումներով, մրցումների հեռարձակումով ու հազարավոր կիլոմետրեր հեռու, բազմոցին նստած դրանց հետեւելու հնարավորություն ապահովող հեռուստացույցներով (իրենց պուլտերով հանդերձ)՝ բոլորը գիտության ու նրա հետ զարգացող տեխնոլոգիաների շնորհքն են: Բա խթանիչները… «Չի կարելի» խթանիչներն ու որոշ «հապաղման ժամանակ» անց նրանց «հայտնաբերումը»: Կասպերսկիաբար:
Ի վերջո, եթե գիտությունը չլիներ, ո՞նց էինք իմանալու, թե Մարիա Շարապովայի արձակած հոգեցունց տնքոցները քանի դեցիբել են:
Հայերեն «однако» ո՞նց էր է՜…
Սպորտը գրավիչ բան է, շատ գրավիչ՝ մրցակցություն, ազարտ, հույզեր, պոռթկումներ, էմոցիաներ, արցունքներ, հիասթափություններ, Վիվարո-ներ…, բայց մի բան պարզ է՝ սպորտով երկիրը երկիր չես սարքի:
Տնտեսության զարգացում ակնկալող երկիր ունենալու համար մեր Ջերմուկն ու Բջնին, ծիրանն ու խաղողը, Գառնին ու Գեղարդը, ֆուտբոլն ու շտանգեն, բնության հերն անիծելով ընդերքը դուրս տանելն ու «բուծիկների» «բուծումը» բացահայտորեն բավարար չեն: Անհրաժեշտ է ունենալ … դե որ տեղը գալիս ա՝ «շաքար» բառը ո՞նց չօգտագործես, իրոք գիտելիքահենք տնտեսություն:
Ո՞նց չբացես Գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն, ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 27 -ի նիստի N 20 արձանագրային որոշման հավելված փաստաթղթի «Տեսլականը եւ առաքելությունները» գլուխը: Ո՞նց կարելի է առանց սրտի թրթիռի ընթերցել.
«Գիտության ոլորտի զարգացման տեսլականը՝
2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտալիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է»:
Տեսլական ունենք՝ աշխարհը չունի…
Այսինքն՝ 2020 թ. էլ պատերազմի մեջ չենք լինելու, էլ շրջափակման մեջ չենք լինելու, բոլոր ոլորտներում պրոբլեմներ չեն լինելու, ու, հետեւաբար, ըմբռնում ցուցաբերելու կարիք չի լինելու կամ գիտությանը նորմալ ֆինանսավորելու համար էլ ուրիշներից կտրելու հարկ չի լինելու, «Մարս» գործարանն էլ ռուսներից հետ առած ենք լինելու, ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն էլ ինքնալուծարվելու է… Ինքնստինքյան՝ մի 4 հատ էլ օլիմպիական ոսկի ենք ունենալու ու եթե, Աստված մի արասցե, Իսպանիայի հետ ֆուտբոլից ոչ-ոքի խաղանք՝ ազգային խայտառակություն է լինելու:
Էս մեր «Տեսլական»-ը «առեղծվածային» ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի հետ կապ չունի, չէ՞…
Հա, իմիջիայլոց, Լոնդոնի Օլիմպիական խաղերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ սպորտում առաջատար են տնտեսապես հզոր երկրները՝ ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, ռազմավարական դաշնակից… Այնպես որ, նաեւ սպորտային հաջողությունները բազմապատկելու համար է անհրաժեշտ ունենալ զարգացած տնտեսություն: 21-րդ դարում էլ, եթե նաֆթ ու գազ չունես, առանց գիտությանը եւ տեխնոլոգիաներին զարկ տալու անհնար է կառուցել «տեսլական»-ում նկարագրած երկիրը:
Բա շախմատը… Բա ո՞նց է լինում, որ դեռեւս «ոչ գիտելիքահենք» երկիր լինելով հանդերձ, շախմատում աշխարհում առաջատարների մեջ ենք: Որովհետեւ, դեռ վիճելի հարց է՝ շախմատը սպո՞րտ է, թե գիտություն: Աշխարհի 9-րդ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանը իրեն հատուկ ճշգրտությամբ տվել է այս հարցի պատասխանը. «Շախմատն ըստ ձեւի խաղ է, ըստ բովանդակության արվեստ, իսկ խաղին տիրապետելու առումով՝ գիտություն»: Այս պահին էլ մեր հավաքականը Ստամբուլում արվեստասպորտագիտականորեն Բանգլադեշի հետ է խաղում: Բանգլադեշը Հարավ-արեւմտյան թաղամասի հետ կապ չունի, չէ՞… Դե եթե կապ չունի՝ ուրեմն շախմատը սպորտ է…
Սպորտ է նաեւ էն պատճառով, որ մերոնց՝ հաղթանակած վերադառնալիս, ծաղիկներով ու զուռնա-դհոլով ենք դիմավորում: Հաջողություն մեր շախմատիստներին: Բայց եկեք մի անգամ էլ դպրոցական միջազգային օլիմպիադաներից մեդալներով վերադարձող մեր պատանիներին այդպես դիմավորենք էլի… Պե՛տք ա… Ախր արմատապես փոխվել է վերաբերմունքը գիտելիքի, արվեստի, մշակույթի հանդեպ: Մի 30 տարի առաջվա հարգանքի ու ակնածանքի փոխարեն ծաղրի, արհամարանքի ու, լավագույն դեպքում, խղճահարության են արժանանում այդ ոլորտի մարդիկ: Էն ժամանակ երեխաների մեծամասնությունն ասում էր, որ մեծանամ՝ օդաչու՛ եմ դառնալու, տիեզերագնա՛ց, բժի՛շկ, գյուտարա՛ր եմ դառնալու: Իսկ հիմա՞…: Եթե, օրինակ, մեր օրերում նկարահանվեր «Միմինո» ֆիլմը՝ ի՞նչ բառեր պիտի գրեր սցենարիստը, Արտիստի կերտած հերոսի այս բառերի փոխարեն՝
-Что ты хочешь...Если женщина каждый день артиста видит, академика видит, космонавта видит, Иштояна видит, может вот так потрогать, ты кто такой для нее?
Գիտաշխատողը փորձեց տխուր մտքերը հեռու վանել ու հասկանալ, թե ինչի՞ց է, որ սպորտի համար խելքն իրենը չի: Գուցե նրա համար, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Նիլս Բորը նաեւ շատ հայտնի ֆուտբոլային դարպասապահ է եղե՞լ: Թե՞, նրա համար, որ Բրազիլիայի հավաքականի 80-ականների ավագ, երջանկահիշատակ «դոկտոր» Սոկրատեսը իրականում եղել է բժիշկ ու նաեւ փիլիսոփայության դոկտոր: Կամ միգուցե, որ Ուսեյն Բոլտը՝ աշխարհի ամենաարագ մարդը, ունի ակնհայտորեն «տեխնիկական» ազգանու՞ն: Չկարողացավ… Բայց էդ ընթացքում մի բան ուրվագծվեց իր համար՝ ոնց որ «տեսլականամետ» եմ դառնում, հը՞…
Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հունաստանի՝ ներկայիս խորը ճգնաժամի մեջ հայտնվելու պատճառ է հանդիսանում 2004 թ. Աթենքում կայացած Օլիմպիական խաղերից հետո առաջացած ֆինանսական ճեղքվածքը: Իրենց «տեսլականը»՝ ամեն գնով Հունաստանում Օլիմպիական խաղեր անցկացնելը, սխալ դուրս եկավ…
Հիմա հռետորական հարցը՝ գիտությու՞ն, թե սպորտ: Տո գիտությու՛ն էլ, սպո՛րտ էլ: Բայց գիտությունը՝ հազար անգամ առավել, քան սպորտը, երկրին է պետք: Երկիրը գիտությանը չի պահում, ու արդյունքում՝ ես էլ գիտությամբ ի՛նձ չեմ կարողանում պահել… Բայց իրավունք ունեմ, չէ՞, ես էլ մի բան վայելելու… Վե՛րջ: Ես գնացի…
Ես գնացի նայելու էլ-կլասիկոն…
Հ.Գ. Դե Մոդրիչն արդեն Ռեալում է, բայց Մոդրիչը հեչ, է՜… Մախաչկալայի «Անժին» Մադրիդի «Ատլետիկոյին» 68 մլն եվրո է առաջարկել Ռադամել Ֆալկաոյի համար… Բայց Ֆալկաոն մերժել է՝ կիսաձայն ասելով՝ «Ոչ միայն փողիվ…»:
29-ը օգոստոսի, 2012 թվական, քաղաք Աշտարակ, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտավան, ժամը XX անց XX րոպե՝ ընթանում է էլ-կլասիկոն՝ Մադրիդի «Ռեալը» Բարսելոնի «Բարսելոնի» դեմ՝ խաղի 5-րդ րոպեն է՝ հաշիվն է 0:0 հոգուտ ոչ-ոքի։ :)
Ստեփան Գյոզալյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել