HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը քառօրյաներից դուրս. պատգամավորները շինարարության մեջ են (վիդեո)

Ազգային ժողովի քաօրյաների ավարտից հետո խորհրդարանում միայն լսվում է որոշ պատգամավորների օգնականների ծիծաղի բարձր ձայները, որոնք հավաքվում են սուրճի սեղանի շուրջ եւ սկսում իրենց «կանացի խոսակցությունները»: Շատ քիչ պատգամավորներ կան, որոնք իրենց աշխատանքը, Ստրասբուրգ  ու այլ եվրոպական քաղաքներ գործուղումներ գնալուց բացի, քառօրյաներից դուրս պատկերացնում են նաեւ խորհրդարանում:

ԱԺ կանոնակարգ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ»:

Իհարկե, պատգամավորների մեծամասնությունը մասնակցում է նիստերին, հատկապես այն նիստերին, երբ ամեն գնով պիտի օրինագիծ անցկացնեն: Հանձնաժողովի նիստերին էլ սովորաբար մասնակցում են, սակայն դրանք լինում են երկու շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած ժամանակահատվածում պատգամավորներն անտեսում են օրենքի այն պահանջը, որ պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) եւ կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ:

Բացի քառօրյաներից` որեւէ մեկը չի տեսել, օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանին կամ Սամվել Ալեքսանյանին, որ նրանք խորհրդարանի իրենց աշխատասենյակում լինեն:

Պատգամավորներից ոմանք կահավորված սենյակը նույնպես իրենց նպատակների համար են ծառայեցնում, ասենք՝ երբ նիստերի դահլիճում ձանձրանում են օրենքի քննարկումներից, իրար «աչքով են տալիս» ու հավաքվում են ինչ-որ մեկի սենյակում ու վիսկի են խմում, քիչ անց միջանցքում տարածվում է խորովածաքյաբաբախառը բույրեր: Այդ ընթացքում պատգամավորների օգնականները դռան մոտ հսկում են, որպեսզի հատկապես լրագրողները չկարողանան ներս մտնել սենյակ եւ ականատես լինեն «պատգամավորական խրախճանքին»: Օգնականներն արդեն անգիր արած խոսքեր ունեն՝ «շեֆի մոտ մարդ կա» ու դրանով կանխում են անցանկալի անձանց մուտքը «դեպքի վայր»:

Սովորական օրերին պատգամավորները նույն խրաճխանքը կազմակերպում են, օրինակ, գործընկեր Սամվել Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ կենդանի երաժշտության հնչյունների ներքո, որտեղ ոչ օգնականներ կան, ոչ էլ լրագրողներ: Պարզից էլ պարզ է, որ պատգամավորները ռեստորանը չեն փոխարինի Ազգային ժողովի իրենց աշխատասենյակով, այդ իսկ պատճառով չեն հաճախում աշխատավայր: Քանի որ նրանց աշխատաժամանակը նորմավորված չէ, հետաքրքրվողներին հենց «Փարվանայից» կամ «Հարսնաքարից» կարող են լուրջ տոնայնությամբ ասել, որ իրենք գործուղման մեջ են, կամ հանդիպում են իրենց ընտրողների հետ:

Շատ պատգամավորներ իրենց հանգիստը լիարժեք անցկացնելու համար նույնիսկ իրենց նախաձեռնությամբ պատուհաններն են փոխել, որպեսզի աղմուկն իրենց չճանգարի, կահույք են գնել, օրինակ՝ բազմոց, սառնարան, փափուկ աթոռներ եւ այլն:

Այս օրերին ԱԺ-ում նիստեր չկան, պատգամավորները զբաղված են իրենց անձնական, ավելի ճիշտ՝ բիզնեսի գործերով ու նպատակահարմար չեն գտնում հաճախել աշխատավայր: Խորհրդարանում, երեկ օգականների բարձր ծիծաղից բացի, պատգամավոր Վահե Հակոբյանի աշխատասենյակից լսվում էր ականջ ծակող ձայներ. պատգամավորը վերանորոգում է իր աշխատասենյակը: Շինարարը, քրտիքնը սրբելով, պատգամավորի աշխատասենյակի մարնահարթակն էր հարթեցնում, որ դրանից հետո անցնի պատերի վերանորոգմանը:

Վահե Հակոբյանը ֆինանսական խնդիրներ չունի, նա միլիարդատեր է եւ կարող  իրեն թույլ տալ նույնիսկ ամեն օր փոխել իր աշխատասենյակի ե'ւ կահույքը, ե'ւ պատերի գույնը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱԺ-ն չի պաշտպանում/ներկայացնում երկրի-ազգի շահերը,որովհետև այն ազգի կողմից ՉԻ ընտրվում: Բոլորն էլ գիտեն այս պարզ ճշմարտությունը: Իսկ մարդիկ, երբ տեսնում են,որ ընտելով բան չի փոխվում,անցնում են,ի վերջո, հեղափոխության: Սա բոլոր երկրներում է այսպես: Երբեմն նույնիսկ ՄԵԿ մարդ է արել այսպիսի հեղափոխություն: Ուստի ՀՀ-ի (և Արցախի) օլիգարխային իշխանությունները ինչքան էլ որ նախօրոք մշակված ԱՐՏԱԳԱՂԹԻ ԾՐԱԳԻՐ ունենան, միևնույնն է. չի օգնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter