HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարութունը կփոխվի

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ ուշագրավ երկխոսություն է ծավալվել վարչապետ Տիգրան Սարգսյանի և ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի միջև:

Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։

Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և մենք ամեն ինչ կանենք դրանք արագ լուծելու համար, այլ այստեղ իրականում խնդիրը վարչարարության շուրջ ձևավորված նորմերի հետ է, որտեղ ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետևանքները։ Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետև կարող են չկատարվել։

Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում։

Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ։

Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը։

Վաչե Գաբրիելյան - Ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն։

Տիգրան Սարգսյան - Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը և պարոն Սարգսյան, պատրաստեք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր ևեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Վաչե Գաբրիելյան - Պարոն վարչապետ, մենք ունենք նաև միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վերափոխել ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջարկող գնումների հաշվառման գործառույթը՝ գնումների մոնիթորինգի իրականացման գործառույթով, որը հնարավորություն կտա վեր հանել հնարավորին շատ դրույթներ և ընթացքում միջամտել, եթե խնդիրներ լինեն, կազմակերպել, որպեսզի գնումների վերաբերյալ հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն հրապարակի գնումների տեղեկատուում, ձեռք բերել պայմանավորվածություն էլեկտրոնային գնումների համակարգը մշակող կազմակերպության հետ և շտկել համակարգում ներկայում առկա խնդիրները, որի շնորհիվ կկարողանանք շրջանակային համաձայնագրերով գնումներ իրականացնել էլեկտրոնային Armex համակարգի միջոցով՝ արդեն հունվարից, ինչպես նաև իրականացնել հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հետ, քանի որ դա իրենց իրավասությունների ոլորտն է։ 
Միաժամանակ մենք իրականացնում ենք ուսումնասիրություններ մի շարք ոլորտներում և կան տեղեկատվություններ, որոնց վերաբերյալ կարող ենք խնդրել Ձեր նախնական հանձնարարականը։

Տիգրան Սարգսյան - Կոնկրետ ո՞ր ոլորտների մասին է խոսքը գնում։

Վաչե Գաբրիելյան - Օրինակ՝ առողջապահության ոլորտում դեղորայքի ձեռքբերման հետ կապված նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովն էր ուսումնասիրություն իրականացրել։ Նախորդ տարի մենք ունեինք դեպք, երբ դեղերի մոտ 2.5 միլիարդանոց պատվեր կար և սխալ բնութագրում կար, որի հետևանքով կոկրետ Ինսուլինի պարագայում եթե այդ բնութագիրը թողնեինք, ապա մեկ ձեռնարկություն կամ մեկ արտադրող կարող էր հաղթել մրցույթը։ Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մրցույթը վերահայտարարվեց, որի հետևանքով ընդհանուր նախատեսված գումարը նվազեց մոտ կես միլիարդ դրամով։

Տիգրան Սարգսյան - Այսինքն, մենք տնտեսեցինք կես միլիարդ դրամ միայն մեկ մրցույթից։

Վաչե Գաբրիելյան - Այո, այդքան գումար էր նախատեսված, եթե չմիջամտեինք, ապա կլիներ 2.5 միլիարդի ծախս։

Տիգրան Սարգսյան - Բոլոր նախարարներին. հաշվի առեք, այսուհետև ճիշտ գնումների կազմակերպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն։ Սխալ մրցույթի հայտ հրապարակել, որի արդյունքում ի սկզբանե հայտնի է, թե ով է հաղթելու, կոնկրետ այս օրինակը նշանակում է, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսուհետև նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետև ամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter