«Ուղղակի խայտառակություն է». վարչապետը հանձնարարել է Ազգային գրադարանի նյութերը անհապաղ հանձնել իրավապահներին
Այսօր գործադիրի նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ներկայացրել է Ազգային գրադարանի վերանորոգման ուսումնասիրության նախնական արդյունքները: Նա նշել է, որ ուսումնասիրություններն արդեն իսկ ավարտվել են, ներկայումս ամփոփում են ամբողջ ծավալով։
Ըստ ուսումնասիրության` Ազգային գրադարանը կառուցվել է 1937 թվականին, 2005 թվականին կազմվել է հիմնանորոգման աշխատանքների նախագիծ-նախահաշիվ։ Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2008 թվականին և ավարտվել 2011 թվականի դեկտեմբերին` ծախսելով շուրջ 690 մլն դրամ։ Ընդ որում, նախագծային առաջադրանքով նախատեսվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կոնստրուկտիվ միջոցառումներ, որոնք չեն իրականացվել։
Նախագիծը կազմելիս առաջնահերթություն չի տրվել սեյսմազինվածությանը, հաշվի չի առնվել ներքին և արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր։ Հիմնական աշխատանքները կատարվել են սխալ հերթականությամբ, նախընտրությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին։
Հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում նույնպես խախտվել է խնդրի լուծման առաջնահերթությունը, այն է` չապահովելով ջեռուցում, ինչպես նաև օդափոխություն, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, օդափոխման համար նախատեսված գումարներով կատարվել են այլ աշխատանքներ, ջեռուցման համակարգը մինչ օրս չի շահագործվել։
Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ աշխատանքների մի մասը կատարվել է անորակ, ինչպես նաև հակահրդեհային համակարգի տեսակի ընտրությունը կատարվել է ոչ ճիշտ` անտեսելով ազգային գրադարանի պրոֆիլային ուղղվածությունը` CO2-ի փոխարեն ջուր։ Վերը շարադրվածի արդյունքում 2008-2011 թվականներին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվի, ինչպես նաև պետք է պարտադիր իրականացվեն շենքի ուժեղացման աշխատանքներ։
«Ուղղակի խայտառակություն է։ Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, և պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի։ Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ` ուսումնասիրություն կատարել և բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին` ոչ միայն այս դեպքով, այլև ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում։ Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու։ Անհապաղ սկսել աշխատանքները և կոնկրետ այս նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել