Փաստաբանը` ՀՀ արդարադատության խորհրդին. դատավոր Գայանե Կարախանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
Թիվ ԵԿԴ /1417/02/12 քաղաքացիական ործով հայցվոր «Օլիմպ» Արտադրական Կոոպերատիվի, /տնօրեն Լուսիկ Մրյան, հասցե` ք. Երևան Ազատության փողոց 11 շենք բն. 33/, ներկայացուցիչ` փաստաբան Տիգրան Հայրապետյանից
Բ Ո Ղ Ո Ք
Դատավոր Գայանե Կարախանյանի վարքագծի վերաբերյալ
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայց է ներկայացրել դատարան: Նախագահող դատավոր Գ. Կարախանյանի կողմից 22.06.2012թ-ին հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Գտնելով, որ դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ գործը քննվելու դեպքում կխախտվի հայցվորի կողմից անկողմնակալ և անաչառ դատական քննություն ունենալու իրավունքը, ինքնաբացարկի հայտնելու միջնորդություն հայտնվեց դատավորին, քանի որ առկա էին այնպիսի հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած էին հարուցում նրա անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Սակայն դատավոր Գայանե Կարախանյանը առանց որևէ հիմնավորման մերժեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Ցանկանում եմ հակիրճ ներկայացնել այն հանգամանքները, որոնք կարող էին ողջամիտ կասկած հարուցել դատավոր Գ. Կարախանյանի անաչառության և անկողմնակալության մեջ:
Նախ այս նույն կողմերի մասնակցությամբ և նույն գույքի` նախկին ՙՄիլանո՚ խանութի շենքի օտարման հարցերով նույն դատավորը արդեն երկու անգամ գործ էր լսել և երկու անգամն էլ որոշում էր կայացրել ի վնաս գույքի սեփականատիրոջը: Ընդ որում մեկ անգամ գործը քննվել էր առանց սեփականատիրոջ մասնակցության, ով չէր ստացել դատական ծանուցումը, և գործը ավարտվել էր 15-20 րոպեում, որի ընթացքում հնարավոր չէր անգամ արագ թերթել գործի նյութերը:
Մյուս գործով դատավոր Կարախանյանը համառորեն չէր ցանկանում նույն գույքի սեփականատիրոջ հայցը ընդունել վարույթ, /հայցադիմումը վերադարձվեց, միայն վերաքննիչի բեկանելուց հետո այն ընդունվեց վարույթ/, և երեք անգամ մերժվեց հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդությունը, ինչի արդյունքում քանդվեց այն գույքը, որի նկատմամբ ցանկանում էր սեփականություն ձեռք բերել նախկին սեփականատերը: Այսպիսով գործը դեռևս դատարանում չքննված փաստացի դատական պաշտպանությունը դարձավ անիմաստ:
Հարգելի խորհուրդ, անգամ եթե դատավորի այս բոլոր գործողությունները եղել են բացարձակ օրինական և հիմնավոր, միևնույն է, այս հանգամանքների ուժով հայցվոր կողմի մոտ առաջացել են կասկածներ այս գործով նրա անաչառության և անկողմնակալության շուրջ, քանի որ այս հանգամանքները ցանկացած անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող են կասկածներ հարուցել դատավորի ամկողմնակալության վերաբերյալ: Այսպիսով, դատավորը պետք է ինքնաբացարկ հայտներ, որը չի կատարել, հետևաբար դատավորը չի առաջնորդվել օրենքով:
Մյուս կողմից, եթե մի պահ համարենք, որ հնարավոր է, որ Գ. Կարախանյանը կոմնակալ դատավոր է և նա պետք է հեռացվի այս գործի վարույթից, ապա տարօրինակ է, որ հենց ինքն է քննել ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, ինչը մենք համարում ենք օրենքի բացահայտ թերությունը:
Այսպիսով, եթե դատավոր Գ. Կարախանյաը շարունակի նշված գործի քննությունը, ապա կխախտվի նաև Կոնվենցիայի 6/1/ հոդվածով երաշխավորված անձի անկախ և անաչառ դատաքննություն ունենալու իրավունքը: Հայտնի է, որ երբ խոսքը գնում է դատարանի անկախության մասին, Եվրոպական դատարանը հաշվի է առնում ոչ միայն դատարանի փաստացի անկախությունը, այլ նաև այսպես կոչված անկախության արտաքին կամ երևացող էլեմենտը: Այս մոտեցումը նշանակում է, որ անհրաժեշտ է, որ սովորական քաղաքացու կամ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից չլինի որևէ կասկած դատավորի անկախության վերաբերյալ: Երբ առկա են այդպիսի կասկածները, ապա առկա է նաև կոնվեցիայի 6/1/ հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը շատ գործերով նշել է, որ անձի անկախ և անաչառ դատաքննության իրավունքը ենթադրում է, որ ոչ միայն դատաքննությունը պետք է անկախ և անաչառ լինի, այլ այդ անկախությունը և անաչառությունը պետք է տեսանելի լինի /Piersak v Belgium /1982/, Bulur v Austria /1996/:
Ելնելով վերը շարադրվածից` խնդրում եմ կարգապահական վարույթ հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նկատմամբ:
«Օլիմպ» ԱԿ-ի ներկայացուցիչ`
Փաստաբան Տ. Հայրապետյան
18.09.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել