HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Հովսեփյան. «Հուսով եմ, որ ֆուտբոլում կլինեմ»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանն իր հարազատ «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքի միջոցով դիմել էր իր երկրպագուներին, գործընկերներին եւ հայտարարել մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին: Սարգիս Հովսեփյանը մեծ ֆուտբոլում է արդեն 24 տարի, Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ամենաշատ հանդիպումները` 131 խաղ եւ խփել է 2 գոլ:

Դժվա՞ր է տրվել որոշումը:

Շատ դժվար, բայց ինձ թվում է, որ ճիշտ որոշում է: Յուրաքանչյուր գործից պետք է հեռանալ ճիշտ ժամանակին, որ լավ հիշողություններ մնան, իսկ ֆուտբոլից պետք է հեռանալ նաեւ լավ մարզավիճակում: 

Երկա՞ր եք մտածել որոշումը կայացնելուց առաջ:

Երկու օր: Դժոխային երկու օր պահանջվեց այդ որոշումը կայացնելու համար: Այժմ ավելի հեշտ է, քան որոշման կայացման պահին: Տատանվում էի. ճիշտ եմ անում, թե ոչ: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվեցի հենց այս պահին այդ որոշումը կայացնելու համար: 

Տարիներ առաջ, երբ վերադարձար Ռուսաստանից, կարծու՞մ էիր, որ այսպիսի կարիերա կանես Հայաստանում:

Իհարկե ոչ: Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես կդասավորվի կյանքը: Դա անհնար է: Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց: Երկար տարիներ աշխատեցի, կարծում եմ հաջող աշխատեցի:

Ինչպե՞ս Սարգիս Հովսեփյանը դարձավ նոր ժամանակների լեգենդար պաշտպանը:

Ես չեմ կարծում, որ ես լեգենդար ֆուտբոլիստ եմ: Ես ուղղակի արել եմ իմ գործը: Փորձել եմ անել հնարավորինս լավ թե մարզումների ժամանակ, թե խաղադաշտում: Աշխատել եմ ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով: Իրականում երկրպագուն է որոշում`դու լավ ես խաղում, թե` վատ: Երբևէ չեմ մտածել լեգենդար լինելու մասին, քանի որ 24 տարին մեկ անթարթի պես է անցել:

Չե՞ս ափսոսել, որ տարիներ առաջ տեղափոխվել ես Հայաստան:

Ոչ մի վայրկյան չեմ ափսոսել: Իհարկե Ռուսաստանում շատ ավելի լավ էր այն ժամանակ, ավելի մեծ ֆուտբոլ էր, բայց չէի կարողանում հարմարվել, որովհետև ես հայ եմ ու միշտ ձգտում էի վերադառնալ: Երբ գալիս էի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու, ինձ համար շատ դժվար էր լինում վերադառնալ, ուզում էի ավելի շատ մնալ հայրենիքում:

Երբեւէ մտածե՞լ էիր, որ կդառնաս Հայաստանի ազգային հավաքականի ամենաերկարակյաց ֆուտբոլիստը:

Ոչ, չէի մտածել: Ես մտածում էի միայն իմ խաղի մասին, Հայաստանին, մեր ազգային հավաքականին օգուտ տալու մասին: Երբեք չեմ մտածել, որ այսքան երկար կխաղամ: Ես միշտ մտածել եմ միայն տվյալ խաղի մասին:

Դու, փաստորեն, խաղացել ես Հայաստանի մի քանի սերունդների հավաքականներում, տարբեր սերունդների ֆուտբոլիստների հետ: Ո՞ր հավաքականն ինչով է առանձնացել քեզ համար:

Յուրաքանչյուր հավաքական է առանձնանում: Տարբեր ֆուտբոլիստներ են խաղացել, տարբեր մտածելակերպով, բայց ներկայիս հավաքականն, իրոք շատ է տարբերվում մյուսներից, որովհետև ավելի նպատակասլաց է հաջողության հասնելու գործում: Մյուս հավաքականներում էլ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կային, բայց այն ժամանակ չստացվեց միասնականանալ և արդյունք ցույց տալ: Այսօր հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներ են, որոնց մեծ նպատակն է հասնել լուրջ արդյունքների: Շատ լավ թիմ է ստեղծվել, բոլորը մեկ գործ են անում, ամեն մեկը գիտի, թե ինչ պետք է անի, եւ լավ են անում իրենց գործը:

Ո՞ր խաղն է ամենահիշարժանը եղել:

Երևի այս վերջին Եվրոպայի ընտրական փուլի մրցաշարի հանդիպումները: Չեմ կարող մոռանալ, որովհետև այդպիսի թե գեղեցիկ ֆուտբոլ, թե այդպիսի արդյունք ոչ մի հավաքական ցույց չի տվել: Երկրպագուն բացի արդյունքից նաեւ գեղեցիկ խաղ է նախընտրում դիտել, չնայած ես որպես պրոֆեսիոնալ կարող եմ ասել, որ ամենակարևորն, այնուամենյանիվ, երեք միավորն է: 

Իսկ վատ հիշողություննե՞ր:

Չեն կարող վատ հիշողություններ լինել: Եղել են հաղթանակներ, եղել են պարտություններ: Դրանով է ֆուտբոլը հմայիչ: Պարտություններն էլ են օգուտ տալիս: Մտածում ես բացթողումներիդ մասին, մտածում ես ինչպես շտկել, որ մյուս խաղն ավելի լավ խաղաս:

Դու նաեւ գոլերի հեղինակ ես: Որեւէ մեկը կառանձնացնե՞ս:

Այդքան շատ գոլ չեմ խփել, բայց ինձ համար ամենահիշարժանը Բելգիայի հավաքականին խփած գնդակս է: Կարծում եմ գեղեցիկ գոլ ստացվեց, արժանի է, որ հիշողությանս մեջ մնա: 

Որպես ազգային հավաքականի ավագ ի՞նչ կասես երիտասարդ ֆուտբոլիստներին:

Ինչ կարողացել եմ, ես խաղերիս ընթացքում փոխանցել եմ երիտասարդներին: Այժմ այնպիսի հավաքական ունենք, որ տղաներն ամեն ինչին շուտ սովորում են ու ասելու կարիք չկա: Թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս ամեն ինչ ընկալում են: Զուտ որպես խորհուրդ` թող փորձեն զերծ մնալ վնասվածքներից: Ես իրենց միայն հաջողություն եմ ցանկանում: Ես ուզում եմ նաեւ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ում հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության եւ գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին` ի դեմս Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել իմ հարազատ ակումբում եւ իմ ազգային հավաքականում:

Ինչո՞վ է զբաղվելու Սարգիս Հովսեփյանը:

Ճիշտն ասած դեռ չեմ որոշել: Կհանգստանամ մի քիչ: Հուսով եմ, որ ֆուտբոլում կլինեմ:

Տղայիդ տեսնու՞մ ես քո դերում:

Չեմ կարող ասել: Դեռ 12 տարեկան է: Ցանկանում եմ տեսնել, իհարկե: Պրոֆեսիոնալ տեսակետից գուցե չեմ կարող ասել` կկարողանա ֆուտբոլ խաղալ, թե ոչ, բայց ցանկությունս մեծ է: Մարզիչները, ովքեր հետևել են տղայիս, ասում են, որ կարող է առաջադիմել: Տեսնենք, թե ինչպես կլինի: Ես երկու ձեռքով կողմ եմ, որ նա ֆուտբոլ խաղա և ինչու ոչ` կարողանա ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականում: Հետաքրքիր կլինի գնամ մարզադաշտ եւ տեսնեմ, թե ինչպես է խաղում որդիս: 

Դու հավաքականում աշխատել ես տարբեր մարզիչների հետ: Ո՞վ է ավելի մեծ ազդեցություն թողել քեզ վրա:

Բոլորն էլ շատ մեծ ազդեցություն ունեցել են, բոլորից էլ աշխատել եմ լավ ունակությունները վերցնել: Այն ժամանակ մարզիչները մի տեսակ ուրիշ էին, այժմ կառավարումն ավելի պրոֆեսիոնալ է: Նախկինում մարզիչները իրենց կարող էին թույլ տալ բարձր տոներով խոսել ֆուտբոլիստի հետ եւ այլն: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Վարդան Մինասյանն անչափ զուսպ անձնավորություն է: Նա խոսել գիտի ֆուտբոլիստի հետ: Նա էլ է նշում բոլոր թերությունները, բայց այնպես է դա անում, որ ֆուտբոլիստը հասկանա: Այսօր պրոֆեսիոնալ մոտեցում կա, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր: Վարդան Մինասյանի աշխատանքով, անշուշտ, տպավորված եմ, քանի որ մենք նրա ղեկավարությամբ ենք հաջողությունների հասել: Նա է մեզ հաղթելու էմոցիաներ տալիս:

ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter