HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպեց ԵԽ կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության հետ: Առաքելության ղեկավար Անրի Ֆերալը փոխվարչապետին խնդրեց պատվիրակության անդամներին ներկայացնել ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները:

Փոխվարչապետը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի կողմից Հայաստանի կառավարության հրավերն ընդունելու համար: Նա կարեւորեց  դիտորդական առաքելության իրականացումը` նկատելով, որ դա առաջին հերթին ԵԽ  գործընկերներին հնարավորություն կտա համոզվել, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունները կատարվում են, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, եւ ընտրությունից ընտրություն ընտրական գործընթացներն ավելի են կատարելագործվում: «Տարվա ընթացքում ՏԻ մարմինների բոլոր երեք ընտրություններն անցակացվել են կազմակերպված, ժողովրդավարական սկզբունքներին ու  Ընտրական օրենսգրքում ամրագրված ընթացակարգերին համապատասխան եւ մրցակցային պայմաններում»,-նշեց փոխվարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ նոր ԸՕ-ում կատարված  սկզբունքային փոփոխություներին` նշելով, որ դրանք ուղղված են  եղել ընտրական գործընթացների մասնակիցների պատասխանատվության բարձրացմանը: Մասնավորապես խոշոր համայնքներում ավելացվել է ավագանու անդամների թիվը,  մեծացվել է կուսակցությունների դերը. կուսակցություններին եւս ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու հնարավորություն է ընձեռվել:

Փոխվարչապետի խոսքով` բոլոր թեկնածուները մինչեւ ընտրությունները եւ դրանց  ընթացքում հավասարապես ունեցել են սահմանված  հնարավորությունները` ինչպես առաջադրվելու, գրանցվելու, այնպես էլ քարոզչություն իրականացնելու առումով: Քարոզչության սահմանափակման հետ կապված բողոքներ կամ դժգոհություններ  չեն եղել: Բավականին սուր մրցակցություն է եղել ինչպես համայնքի ղեկավարների, այնպես էլ ավագանու անդամների թեկնածուների միջեւ:  Քվեարկության օրն  անցել է բավական հանգիստ, առանց որեւէ լուրջ միջադեպի,  ընտրությունների արդյունքները նույնպես ամփոփվել են օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:

Փոխվարչապետը նկատեց, որ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ընդհանուր առմամբ 8 դեպքում: Բոլոր տեղերում կատարվել է վերահաշվարկ, եւ  հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների հետ որեւէ էական տարաբերություն չի բացահայտվել:

Ընտրությունների օրը ստացված ահազանգերը գրանցվել են իրավապահ մարմինների կողմից,  դրանցից որոշների  մասով  ուսումնասիրություններ են կատարվում, եւ փաստերը հաստատվելու դեպքում` կլինեն համարժեք գնահատականներ:

Ընտրացուցակների առումով եւս  խնդիրներ չեն արձանագրվել: «Եթե 3-4 տարի առաջ ընտրությունների ժամանակ հիմնականում մատնանշվում էին ցուցակների անլիարժեքության, քարոզչության եւ ընտրությունների  անցկացման ժամանակ անհավասար պայամանների, ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված խնդիրներ, ապա այսօր  նշված գործընթացներում խնդիրներ չեն արձանագրվել: Սեպտեմբերի 9-ին ընտրությունները տեղի են ունեցել գործող օրենսդրությանը համապատասխան, եւ լիահույս եք, որ  նույն մոտեցումներով կանցկացվեն սեպտեմբերի 23-ի ընտրությունները»,-նշեց փոխվարչապետը:

Նա նաեւ պատասխանեց ընտրական գործընթացի վերաբերյալ պատվիրակության անդամների հարցերին:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությունն ընդլայնված կազմով կհետեւի նաեւ սեպտեմբերի 23-ի ընտրությունների ընթացքին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter