HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Վարդան Այվազյանին կքննե՞ն Գևորգ Մհերյանի սպանության գործով

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր զարմանքն է հայտնել Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի` իր դեմ 37537978 դոլարի վճարման պահանջով վճռի վերաբեյալ տարածված տեղեկատվության առնչությամբ: Նաև ասել է, թե այդ դատական գործընթացը սկսվել է դեռևս 2008 թ., ինքը «երկիրը փրկել է թալանից»: Իր զարմանքն է հայտնել, որ վճռի մասին իմացել է համացանցից, ասել է, թե մինչ այդ պահը չի ստացել որևէ վճիռ, առաջին հերթին փորձելու է ծանոթանալ դրան, ինչից հետո միջոցներ է ձեռնարկելու:

Ըստ Վ. Այվազյանի` այն ժամանակ լինելով ՀՀ բնապահպանության նախարարը, ինքը կասեցրել է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի լիցենզիան, քանի որ այդ ընկերությունն իր պարտավորությունները չէր կատարել:

Հիշյալ ՍՊԸ-ն կետ առ կետ հերքել է Վ. Այվազյանի ասածները (օրինակ` «Ընկերությունը շարունակաբար Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաև վճիռի վերաբերյալ: Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով` 2012թ. հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին և օգոստոսի 15-ին, Այվազյանի` Երևան, Ալեք Մանուկյան 10, բն. 16 և Չարենցավան, 6-րդ թաղամաս, 22 շենք, բն. 13 հասցեներով, և ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը: Դատական գործով միայն 2012թ. ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում»), արդարացումները` իր պարզաբանմանը կցելով հերքումը հիմնավորող փաստաթղթերի պատճեններ:

Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ կա նաև մեկ այլ ու, թերևս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` այդ հակամարտությանը 2008-2009 թվականներից տեղյակ են եղել նաև և առայժմ դեռ չպարզված դերակատարում ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, դեռևս չպարզված հանգամանքներում սպանված Գևորգ Մհերյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը 2008 թ. նոյեմբերի 20-ին Գ.Մհերյանին մի նամակ է ուղարկել` գրելով «Վանը (Վան Գրիգորյան.- Ա. Հ.) ուղարկել է այս նամակը ինձ մեր խոսակցությունից հետո: Հենց ստանաս, տեղյակ պահիր: Աշոտ»:

Անգլերենով գրված այդ նամակը վերաբերում է Վ. Այվազյանին, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին, արբիտրաժային գործընթացին: Վ. Գրիգորյանը խնդրել է կազմակերպել հեռախոսազրույց Արմենի (Արմեն Գևորգյանի.- Ա. Հ.) կամ այլ անձի հետ, ով կնշանակվի նրանց կողմից: Հետաքրքիր է` Ա. Գևորգյանը Վ. Այվազյանի կողմի՞ց է հանդես եկել: Առավել ուշագրավ է նամակի վերջաբանը. «Ես քեզ չեմ խնդրում ներգրավվել բանակցություններին, ընդամենը փոխանցիր այս ինֆորմացիան, գտիր անձ, որը կաշխատի ինձ հետ, և առայժմ զսպիր քո անձնական զգացմունքները ինչքան որ կարող ես: Շնորհակալություն»: Ո՞ւմ նկատմամբ անձնական զգացմունքները, եթե ոչ` Վ. Այվազյանի, ու, բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչն է նախադրյալ հանդիսացել անձնական զգացմունքների համար, որ Գ. Մհերյանից նման բան է խնդրվել:

Գ. Մհերյանի սպանությունից 2 ամիս առաջ` 2008 թ. դեկտեմբերի 2-ին, Աշոտ Պողոսյանը Գևորգ Մհերյանին մեկ այլ նամակ է ուղարկել, որտեղ նշված է բնապահպանության նախարարության` իրենց կողմից ոսկու և այլ հանքավայրերի շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի չստորագրման մասին, իսկ վերջում` «Խնդրում եմ օգնես»: Ո՞ւմ կամայականություններից, անօրինություններից: Ի դեպ, Գ. Մհերյանն այդ ժամանակ արդեն ՀՀ ոստիկանապետի տեղակալն էր:

2009 թ. հունվարի 27-ին Արմեն Գևորգյանին, իսկ փետրվարի 1-ին (փոխոստիկանապետի սպանությունից 2 օր առաջ) Գևորգ Մհերյանին Աշոտ Պողոսյանն ուղարկել է ICC-ի (Միջազգային առևտրի պալատի) նյութերը` նշելով, որ զանգահարելու է նրանց` խոսելու համար:

Առանձնապես չենք զարմանա, եթե պարզվի, որ Գ. Մհերյանի սպանության գործի շրջանակում վերոնշյալի հետ կապված վարկածն ընդհանրապես չի քննվել, Վարդան Այվազյանն էլ հարցաքննության չի կանչվել, թեև, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, իրավապահներին վերը շարադրվածի մասին հայտնի է եղել:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter