HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». երկու ամսում 5 վիրահատություն տարած կինը դատարանում պայքարում է բժիշկ Օկոևի դեմ

«Մոր և մանկան առողջության պահպանման» ՓԲԸ-ում կատարած վիրահատության հետևանքով իր պնդմամբ, հաշմանդամ դարձած Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի բողոքով դեռ մի քանի ամիս առաջ մեկնարկած դատավարությունը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Աշտարակ քաղաքի բնակչի հայցը մտել է դատաքննական փուլ, իսկ այս գործով վերջին դատական նիստում հարցաքննվել է երկու ամսում 5 վիրահատություն տարած կնոջ ամուսինը: Երիտասարդ կնոջ փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հայացք»-ին փոխանցեց, որ Նունե Մաղաքյանի ամուսնու հարցաքննությունից հետո դատաքննությունը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 18-ը:

Աշտարակ քաղաքի բնակչուհին դատարանում հայտնել է, որ երկու ամսում հինգ անգամ ենթարկվել է վիրահատության, իսկ վերջում հեռացրել են նրա երիկամը և փոխպատվաստել իբրև միզուղի: Երիտասարդ կնոջ փաստաբանի խոսքով` վիրահատության ժամանակ պրոֆեսոր Գեորգի Օկոևը, չիմանալով, թե ինչ վիճակ է, առանց կնոջը և անգամ նրա հարազատներին նախապես տեղյակ պահելու, հեռացրել է Նունե Մաղաքյանի արգանդը` իր հավելումներով:

Այնուհետև պարզվել է, որ վիրահատելուց հետո կարել են հիվանդի միզածորանը, իսկ դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է և իրենց հնարավորություններից դուրս է նրան օգնելը: Մարգարյան ծննդատնից կնոջը տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել բուժել, իսկ այնուհետև տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ նա ենթարկվել է ևս երեք վիրահատության:

Նշենք, որ երիտասարդ կինը և նրա ամուսինը կարծում են, որ բժշկական կենտրոնում Նունե Մաղաքյանի օրգանիզմում փորձեր են կատարվել` փոփոխելով միզածորանի դիրքը, իսկ արված մյուս բոլոր վիրահատությունների նպատակը եղել է կնոջ երիկամը սեփականելը, որը հեռացնելուց հետո այն հարազատներին ցույց չեն տվել:

Նունե Մաղաքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հայացք»-ին հայտնեց, որ այս պահին գործում կա փորձագիտական 3 եզրակացություն, որոնցից 2-ն այլ բանի մասին են վկայում, 1-ը` լրիվ այլ: Բանն այն է, որ Նունե Մաղաքյանի առողջական վիճակի հետ կապված կա գերմանական ընկերության փորձագիտական եզրակացություն, որը, փաստաբանի խոսքով, փաստացի ապացուցում է, որ բժիշկ Օկոևը սխալ բուժում է իրականացրել: Սակայն գործում կան նաև տեղական 2 ընկերությունների դատաբժշկական եզրակացություններ, որոնք արդեն բացառում են բժշկի կատարած սխալի հավանականությունը: Փաստաբանը կասկած չունի, որ դատարանը հենց հայկական ընկերությունների փորձաքննության արդյունքներով էլ կառաջնորդվի, սակայն պնդում է, որ իրենք անցնելու են դատական բոլոր ատյաններով և պահանջելու են երիտասարդ կնոջ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter