
Արտոնված թալանն ու «խելոք» դատավորներից մեկը
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը 2010 թ. նոյեմբերին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և հայտնել, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը, չարաշահելով Էդմոնդ Խուդյանի և տասնյակ գնորդների (հիմնականում սփյուռաքահայ) վստահությունը, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի և ընկերության մասնակից Ղևոնդ Ղալումյանի հետ մեկտեղ օտարել են ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի և 33/1 հասցեի 13 հարկանի շենքերի տարածքները, գրպանել են միլիոնավոր դոլարներ, Սպանդարյանի հարկային տեսչության պետի գիտությամբ չարամտորեն խուսափել են շուրջ $1.000.000 հարկեր վճարելուց և ընկերությանը սնանկացրել են:
2011թ. մայիսի 3-ին կանխամտածված սնանկության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով ձևականորեն հարուցվել է թիվ 83159711 քրեական գործը:
Տասնյակ դիմումներ են ուղղվել բոլոր պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, սակայն ՊԵԿ-ի և դատախազության համաձայնեցված գործողությունների, իսկ ավելի ստույգ` անգործության պայմաններում առայսօր քրեական գործով ոչ միայն կասկածյալներ չկան, այլ նաև` շարունակվել է արտոնված թալանը և վերջին մեկ տարվա ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանն արդեն ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և դատարանի օժանդակությամբ, կեղծ պահանջների դիմաց, ստացել է «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի շուրջ $2.000.000 արժողությամբ վերջին տարածքները:
Այս գործով դատական նիստերը վերածվել են ֆարսերի: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դատական նիստը նորից հետաձգեց: ՊԵԿ-ի քննչական վրաչության ավագ քննիչ Տիգրան Հարությունյանn արդեն երրորդ նիստն է` դատարան չի գալիս եւ որեւէ բացատրություն չի ներկայացնում դատարանին: Դատավոր Մխիթար Պապոյանն էլ «խելոք-խելոք» հետաձգում է դատական նիստերը, կարծես ոչինչ չի եղել, կարծես այդ նրան` որպես դատավորի չեն արհամարհում: Էդմոնդ Խուդյանի փաստաբանները որոշել են սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ խոսել տարիներ շարունակ կատարվող ապօրինությունների մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել