HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդիներից մեկը կնոջն է սպանել, մյուսը` հորը

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում արտառոց դեպք է գրանցվել: Ըստ ոստիկանության հաղորդագրության' Կախակն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Ռուբեն Ցականյանը սպանել է հորը' 1959 թ. ծնված Միխայել Ցականյանին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռուբեն Ցականյանը տանը, հոր անվամբ գրանցված «ԻԺ» տիպի որսորդական հրացանի խզակոթով և փողով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին: Ռուբենը ձերբակալված է:

Կախակնի բնակիչները «Հետքին» պատմեցին, որ Միխայել Ցականյանը խմիչքի հետ սեր ուներ և հաճախ էր հարբած տուն գալիս: Երեկ էլ հարբած տուն է գնացել, սկսել է վիճաբանել կնոջ հետ, իսկ որդին' Ռուբենը փորձել է պաշտպանել մորը:

Գյուղացիների պատմելով' Միխայելը «չոբան մարդ էր», ոչխար էր պահում: 5 երեխա ուներ: Միխայելի ավագ որդին էլ մոտ երկու ամիս առաջ իր կնոջն է սպանել և հիմա անազատության մեջ է, իսկ բանտարկված որդու երկու երեխաներին խնամել է տատը: «Մի տղեն նստած է, մի տղեն էլ հիվանդ է, բանակ էլ չգնաց: Մորը խփելուց' ինքնապաշտպանության համար մորն է տեր կանգնել»,- պատմեց գյուղացիներից մեկը:

Ըստ Կախակնի բնակիչների' ամուսինը հաճախ էր կնոջը «նեղում», երեկոները հարբած տուն էր գնում, «կպնում» կնոջը, իսկ կինը «խելոք» կին էր ու հանդուրժում էր ամեն ինչ: «Ոտքերը բոբիկ, ճղված կալոշներով սարն է գնացել, անասուն է պահել, որ էդ 5 երեխին պահե, էդ մարդն էլ խմիչքի հետ սեր ուներ, իրիկունը գնում կռիվ էր անում, էդ խեղճ կինը մեկ էս պատի տակ, մեկ էն պատի տակ էր մնում»,- պատմում է Կախակնի բնակչուհին:

Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանությունը, որը կատարվել է առանձին դաժանությամբ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter