
Ամերիկահայ բարերարը օգնում է ծերանոցի բնակիչներին (վիդեո)
Գյումրու տուն-ինտերնատի 160 բնակիչների համար այս անգամ հաճելի անակնկալ էր պատրաստել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի տրամադրած 300 կտոր հագուստն ու հիգիենայի պարագաները տրամադրվեցին ինտերնատում ապրող ծերերին: «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը նշեց, որ Է. Մադաթյանի հետ իրենք աջակցության ծրագիր են իրականացնում հիմնականում անօթեւան, տնակներում ապրող բնակիչների համար, սակայն որոշեցին ուշադրությունից դուրս չթողնել նաեւ ծերանոցը:
«Եթե համարենք, որ նրանք եւս անօթեւան են, ու նրանց խնդիրը լուծում է պետությունը, որպեսզի մարդիկ դրսում չմնան, այս պարագայում մեր քայլն արդարացված է,- նկատեց Վահան Թումասյանը,- Էլվիս Մադաթյանն ունի տարբեր բարեգործական ծրագրեր, սակայն հիմնական ու մեծ ծրագիրն իրականացնում է Գյումրիում»: Էլվիս Մադաթյանը ծնունդով Աբովյան քաղաքից է: Համագործակցությունը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հետ սկսվել է մեկ տարի առաջ:
«Մեր տեղադրած վիդեոպատմություններն են նրան հուզել ու դրանից հետո է, որ նա որոշեց ծրագիր անել անօթեւանների համար: Սա շատ մարդկային քայլ է: Զարմանալին ինձ համար այստեղ ուրիշ բան է: Տեսեք՝ մարդն Աբովյանից է, բայց ծրագիր է անում գյումրեցիների համար: Նույն այդ Գլենդել քաղաքում մենք ունենք մեծահարուստներ Գյումրի քաղաքից, սակայն դեռ որեւէ շարունակական ծրագիր նրանց կողմից իրենց հարազատ քաղաքում չի իրականացվում: Լավ կլիներ, եթե դրսում գտնվող մեր ներուժը միավորվեր, դրանից կշահեր միայն այստեղի հայը»:
Մեկնաբանել