HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում ցուցարարները պահանջել են ազատ արձակել Վահագն Չախալյանին

Այսօր Ախալքալաքում կայացավ ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները և պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։  

Ցույցի նախաձեռնող` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի միջոցառումները շարունակվելու են։ Եթե այս ակցիան որևէ արդյունք չտա, դաշինքի անդամները մտադիր են սեպտեմբերի 28-ին առավել մեծ հավաք կազմակերպել:  

Ցույցի վերջում ընդունվեց կոչ` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ 

Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ազատ արձակելու ջավախահայության կոչը Վրաստանի նախագահ Սիխեիլ Սաակաշվիլիին 

Ջավախքի հայ բնակչությունը, խստորեն դատապարտելով Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքի փաստերը, իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Վահագն Չախալյանը գտնվում է բանտում:

Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝ նա  խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: 

Ջավախքի հայ բնակչությունը խորապես համոզված է, որ Վահագն Չախալյանի դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն և շինծու են, նրա դեմ դատավճիռը՝ անարդար: Վահագն Չախալյանը այսօր բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ հետևողականորեն իր ձայնն էր բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և կրոնական օրինական իրավունքների:

Վահագն Չախալյանի դեմ այս աղաղակող անարդարությունը և նրա բանտում գտնվելը Ջավախքի հայ բնակչության շրջանում օր-օրի խորացնում է Վրաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության, վրդովմունքի և դժգոհության տրամադրությունները։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Ջավախքի հայ բնակչությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դրսևորել բարի կամք և անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին:

Միայն այս քայլով Վրաստանի իշխանությունները կարող են գործնականում ցույց տալ Վրաստանի ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին, որ իրապես մտահոգված են երկրում օրինականության և արդարադատության հաստատման խնդրով և վճռակամ են ուղղելու անցյալում տեղ գտած սխալները:

Ընդունվել է Ախալքալաքում 2012թ. սեպտեմբերի 23–ի ցույցի մասնակիցների կողմից 

Մեկնաբանություններ (1)

SONA
ՍԻՐԵԼԻ ՎԱՀԱԳՆ ՄԵՆՔ ՔՈ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԵՆՔ ՔԵԶՆՈՎ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՊԱՀԱՊԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter