
Լեռնային վազքի առաջին հայկական առաջնությունը Արագածի գագաթին (լուսանկարներ)
Ավարտվեց լեռնային վազքի` skyrunning-ի (բառացի երկնային վազք) Հայաստանի առաջին մրցաշարը, հայտնի են հաղթողները տղամարդկանց և կանանց բոլոր տարիքային խմբերում:
Չեմպիոն դարձավ 21 ամյա լեռնագնաց Լևոն Մովսիսյանը, ով տարածությունը հաղթահարեց 1 ժամ 35 րոպեում, կանանց համար հատուկ սահմանված տարածություն չկար, նրանք վազքը մեկնարկեցին տղամարդկանց հետ, առաջինը եզրագիծ`գագաթ հասավ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը:
Skyrunning-ը, աթլետիկայի և ալպինիզմի տարրեր պարունակող մարզաձև է, որը սկիզբ է առել Եվրոպայում: Մրցաշարի բարդությունն այն է, որ մեկնարկն, ըստ միջազգային կանոնակարգի, պետք է տեղակայաված լինի ծովի մակարդակից առնվազն 2000 մետր բարձրության վրա. Հայաստանում մեկնարկը մոտ 3000 մետր բարձրության վրա էր` Արագած լեռան վրա` լճի մոտ, իսկ եզրագիծը, որն, ըստ նույն կանոնակարգի, պետք է տեղակայված լինի մեկնարկից առնվազն 900 մետր բարձրության վրա, գտնվում էր Արագած լեռան հյուսիսային գագաթում:
Մասնակիցների թվում կային բազմաթիվ արտասահմանցիներ, ինչպես նաև վետերան լեռնագնացներ, ովքեր համառ պայքար էին մղում ավյունով լեցուն և հաղթական տրամադրված երիտասարդների հետ:
Մրցաշարը կազմակերպել էր Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզահամալիրի աջակցությամբ, ֆեդերացիայի փոխտնօրեն Սուրեն Դանիելյանը հայտարարեց, որ մրցաշարը ամենամյա է լինելու և նպատակ ունի Հայաստանում տարածել այս մարզաձևը, հայտնաբերել ուժեղագույն մարզիկներին և առողջ ապրելակերպ քարոզել: Նշենք նաև, որ հաղթողները, բացի պատվոգրերից, ստացան նաև դրամական պարգև. ընդհանուր մրցանակային ֆոնդն, ըստ տարիքային խմբերի, կազմում էր 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 500 դոլարը ստացավ հաղթողը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել