HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. «ժամանակի շունչը»

Մշակութային ավանդության նկատմամբ Եղիշե Չարենցի հարաբերությունը կարելի է բնորոշել որպես բարդ, հակասական, չընդհատվող երկխոսություն: Առավել բացահայտ ձեւով դա կատարվում է այս կամ այն ստեղծագործողին (Տերյան, Թումանյան եւ ուրիշներ) վերաբերող կամ նրան ուղղված բանաստեղծությամբ կամ գրության մի հատվածով, ինչպես նաեւ շարունակական անդրադարձով «ի՞նչ է բանաստեղծությունը», «ո՞րն է բանաստեղծի կոչումը» եւ հարակից հարցերի: Հրապարակային ինքնաներկայացման մոնումենտային ոճը («Ե՛ս եմ` նաիրցի մի հսկա պոետ»), բանաստեղծին ուղղված` «ժամանակի շունչը» դառնալու կոչը եւ հասարակության ու մշակույթի հեղափոխական փոխակերպման բանաստեղծական հանձնառությանն առնչվող մնացած ամեն բան, կազմում են ստեղծագործողի սահմանման մի կողմը: Մյուսը անընդհատ, անդադար վերադարձն է հին ու նոր գրական ավանդությանը` ոչ միայն հայ, այլեւ ռուս, արեւմտյան ու արեւելյան, դրա վերաքննության ու յուրացման ջանքը:

Նրա համար ավանդությունը ինքնին հասկանալի, անխնդրահարույց ձեւով տրված մի բան չէր, ինչպես բանաստեղծություն գրելը չէ՛ր ինքնաբուխ արարք: Ե՛ւ ավանդության, ե՛ւ իր ժամանակի գրականության հետ նմանության եւ տարբերության, հարազատության եւ հեռավորության քննությունը միաժամանակ ինքնաանդրադարձի, ինքնագնահատման ձեւ էր, որ կարող էր ընդունել տարբեր շեշտեր` երբեմն հասնելով երկմտանքի ու խորին անվստահության: Եթե, ասենք, «Տաղարան»-ում («Աշուղ Սայաթ-Նովի նման` ես երգ ու տաղ պիտի ասեմ») «երգ ու տաղ ասելու» անմիջական արարքի նկատմամբ հեռավորություն է հաստատվում «ինտոնացիոն չակերտների» օգնությամբ (օգտագործելով Մ. Բախտինի արտահայտությունը), ապա մեկ ուրիշ դեպքում, դիմելով Ա. Իսահակյանին, փաստվում է նրան կրկնելու անհնարինությունը. «Արդեն ցնորք է անհնար` / Ունենալ երգ այնքան նաիվ, / Որ հմայե երեխային, / Եւ ծերունու սրտում մնա»: Մյուս կողմից, օրինակ, Մայակովսկուն նվիրված տողերում (1937թ.), որոնց կվերադառնամ քիչ անց, հեղափոխության երգչի բանաստեղծական ճակատագրի համար ափսոսանքն ու ցավը կարող է հասցեագրվել եւ իրեն` Չարենցին:

Այս առումով` օգտակար է հիշել Թոմաս Ս. Էլիոթի պարզաբանումը բանաստեղծի եւ գրական ավանդության փոխհարաբերության մասին: Նա նկատում է, որ թեեւ բանաստեղծը անհատ ստեղծագործող է, նա աշխատում է ավանդության մեջ, որը չի կարող պարզապես ժառանգվել, այլ կարող է միայն ձեռք բերվել մեծ աշխատանքի գնով: Ընդ որում` ավանդությունը ներառում է պատմական զգացողությունը, որը, ըստ նրա, անփոխարինելի նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, ով շարունակում է լինել բանաստեղծ քսանհինգ տարեկանից հետո: Իսկ պատմական զգացողության մեջ մտնում է ոչ միայն անցյալի անցյալության, այլեւ նրա ներկայության ընկալումը: Ըստ այդմ` բանաստեղծը ստեղծագործում է ոչ միայն իր սերնդի, այլ ամբողջ գրականության համատեքստում (Էլիոտի համար դա Եվրոպայի ողջ գրականությունն էր` ստեղծված Հոմերոսից ի վեր), որն էլ նրան թույլ է տալիս հասու լինել ժամանակի մեջ իր տեղին եւ իր` ժամանակակից լինելուն:

Վերադառնալով «Երկու բանաստեղծ» գրության մեջ քննարկված քառատողին եւ Մեծարենցին` նկատենք, որ իր «Ծիածան» ժողովածուի մասին նրա «Ինքնադատութեան փորձ մը» հոդվածը (‎1906թ.), թեեւ բոլորովին տարբեր ձեւով, ի ցույց է դնում բանաստեղծի նույն ինքնագիտակից աշխատանքը, ինքնաանդրադարձի նույն արարքը` շատ հեռու արեւի եւ գարնան երգչի հովվերգական պատկերից: Ասածս այն չէ, թե Չարենցը ինչ-որ ձեւով խեղաթյուրել է Մեծարենցի կերպարը, այդ թվում` փաստական մակարդակում. Մեծարենցն իր ստեղծագործական կյանքը հիմնականում ապրել է Պոլսում, ոչ թե գյուղում: Ինձ հայտնի չէ նաեւ, թե արդյոք Չարենցը գիտեր, որ, ինչպես գրում է բանաստեղծի առաջին կենսագիր Թորոս Ազատյանը, Մեծարենցն իսկապես վարժ սրնգահար էր: Կարծում եմ, որ Մեծարենցի` որպես ուրիշ բանաստեղծի կերպարը, Չարենցի մոտ իդեալականացված է ըստ անհրաժեշտության` ստեղծելու համար ցայտուն հակադրություն սեփական ճանապարհի, սեփական ընտրության եւ ուրիշ բանաստեղծական ճակատագրի միջեւ:

Այս տեսանկյունից վերանայված` Չարենցի քառատողի երկու կեսերի միջեւ նախորդ գրության մեջ հիշատակված հակադրությունը կարելի է մեկնաբանել որպես հակադրություն «աշխարհ»-ի, որն ակնհայտորեն բանաստեղծ Չարենցի տեղն էր (իր ժամանակին, իհարկե), եւ «աշխարհից հեռու»-ի միջեւ, որտեղ ենթադրաբար գտնվում էր Մեծարենցը: Ուրեմն, առաջին հայացքից «հեռու»-ն, չվերաբերելով միայն տարածական հեռվությանը, ավելի շատ խոսում է ժամանակից դուրս գտնվելու մասին, բայց միեւնույն ժամանակ կարող է նշանակել եւ ուրիշ բանաստեղծ, ուրիշ բանաստեղծություն` ոչ այնքան մերժելի, որքան անմատչելի, անհնարին:

Հնարավորություն չունենալով մանրամասն քննարկել «սրինգ»-ը, նրա հարուստ, բազմաշերտ թեման ե՛ւ Չարենցի, ե՛ւ հատկապես Մեծարենցի ստեղծագործության մեջ, նշեմ միայն, որ իր ողջ իմաստային բազմազանությամբ հանդերձ` այն կարող է նույնացվել բանաստեղծության որոշակի տեսակի կամ նույնիսկ «բուն» բանաստեղծության հետ: Կյանքի վերջում` Վլադիմիր Մայակովսկուն նվիրած բանաստեղծության մեջ հանդիպում ենք «նույն» սրնգին. «Դու կամեցար ներբողել նոր տներ ու նոր գոմեր` / Խեղդելով սրինգը քո մեջ – սիրո, ցնորքի…»: Երկխոսություն ենթադրող բնութագրական ձեւով, ո՛չ առաջին անգամ, Չարենցը դիմում է իր համար հարացույցային նշանակություն ունեցող գրեթե տարեկից բանաստեղծի ճակատագրին, թեեւ սրինգը զուգորդվում է ոչ թե արեւի ու գարնան, այլ սիրո եւ ցնորքի հետ:

Որոշակիորեն պարզեցված ձեւով կարելի է ասել, որ աշխարհում լինելու, ժամանակի շունչը դառնալու եւ նման այլ հրամայականներ ենթադրում են քաղաքականապես հանձնառու հրապարակային խոսք, որը տեղ չի թողնում սրնգի համար, բացառում է ոչ միայն անձնական ապրումն ու անխառն բնապաշտությունը, այլեւ հասարակական-քաղաքական պարտադրանքներից շատ թե քիչ ազատ բանաստեղծությունն առհասարակ: «Կամերային երաժշտություն» հոդվածում Թեոդոր Ադոռնոն, հակադրելով այն հրապարակային երաժշտության բոլոր ձեւերին, մեկնաբանում է (գերմանական) կամերային երաժշտությունը որպես սոցիալական ազդակներից ու ճնշումներից, ինչպես նաեւ սոցիալական նպատակներից գրեթե ազատ երաժշտություն, որն առավելագույն չափով մոտ էր մաքուր երաժշտության իդեալին: Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հիվանդ Հյոլդեռլինը ֆլեյտա էր նվագում: Եւ այդ փաստը համարելով բնութագրական Հյոլդեռլինի բանաստեղծության համար, ավելացնում է, որ նրա ողջ քննարերգության մեջ ինչ-որ ձեւով զգացվում է կամերային երաժշտության ոգին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter