HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏԻՄ ընտրությունների «պերճանքն ու թշվառությունը»

Երեկ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայք, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում համայնքապետի եւ ավագանու ընտրություններ էին: 

Արագածոտն

Աշտարակում 4745 քվեով քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Արմեն Անտոնյանը: Նրա մրցակիցներ ՀՀԿ-ական Ռուշան Մկրտչյանը եւ անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը համապատասխանաբար ստացել են 683 եւ 4227 ձայն:

Ապարանում քաղաքապետ է վերընտրվել Գոռ Աբրահամյանը: Նա միակ թեկնածուն էր եւ ստացել է 2871 ընտրողի աջակցություն: Թեկնածուին դեմ է քվեարկել 176 ապարանցի:

Ագարակ գյուղում համայնքապետի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Վահան Խաչատրյանը: Նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած 991 ընտրողից 596-ը: Նրա մրցակից` գործարար Արմեն Հարությունյանը ստացել է 394 ընտրողի աջակցությունը: Նշենք, որ «Հետքի» լրագրողն այս գյուղում հետեւել է համայնքապետի եւ ավագանու ընտրություններին: Գյուղում լարված իրավիճակ էր, սակայն բարեբախտաբար միջադեպեր չգրանցվեցին, բացառությամբ այն դեպքի, երբ Վահան Խաչատրյանի կողմնակիցները, արդյունքները հրապարակվելուց հետո, երաժշտության ներքո հաղթանակ էին տոնում, իսկ անհայտ քաղաքացու ահազանգով ժամանած ոստիկանները սկսեցին կոպիտ արտահայտություններով ցրել հավաքված երիտասարդերին:

Լուրեր էին պտտվում, որ ոստիկաններին հրավիրել էին Արմեն Հարությունյանի կողմնակիցները: Ընտրությունն ընթանում էր գյուղի դպրոցում: Քանի որ Արմեն Հարությունյանը գործարար էր եւ իր շրջապատն էլ «ջիփավորներն» էին, նրա կողմնակից երիտասարդները, նայելով փողոցի մի հատվածում կայանած հակառակորդ թեկնածուի կողմնակից ավտոմեքենաներին, որոնց մեծ մասը սովետական արտադրության էին, ծաղրում էին, թե` տեսք մեր ավտոմեքենաներին էլ, իրենցն էլ: Այդպիսով նրանք փորձում էին սրել իրավիճակը:

Հանձնաժողովի նախագահ Հրաչ Աղաբեկյանը նույնպես Արմեն Հարությունյանի կողմնակիցն էր: Նա ակնհայտ արհամարհական վերաբերմունք էր ցույց տալիս «Հետքի» լրագրողի նկատմամբ` հասկացնելով, որ նրա ներկայությունը ցանկալի չէ իր համար: Նա փորձում էր հնարավորինս «պակասեցնել» Վահան Խաչատրյանի ձայները: Քվեաթերթիկի վրա գրչի չնչին շեղումը համարում էր անվավեր: Միայն լրագրողի ներկայությունն ու հանձնաժողովի անդամների ճնշման ներքո էր քվեարկության դնում իր համար անընդունելի քվեաթերթիկը: Տեսնելով, որ իր մեթոդը չի գործում` սկսեց հոգեբանորեն ճնշել հանձնաժողովի անդամներին: ՀՅԴ-ն ներկայացնող հանձնաժողովի անդամին հեգնանքով ասաց, թե նա ՀՀԿ-ի կողմից է եւ նրա օգնությամբ է վիճարկելի քվեաթերթիկները վավեր համարվում:

Բացի այդ, հանձնաժողովի նախագահին բացարձակ չէր հետաքրքրում, թե քվեախուց քանի հոգով են մտնում: Մի քանի անգամ փորձեցինք նրա ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, սակայն նա անտարբերություն էր ցույցաբերում: Նրա գործողությունները հավանաբար հավանության էին արժանանում թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանի կողմից, քանի որ Հ. Աղաբեկյանն անընդհատ հեռախոսազանգերի մեջ էր:

Բյուրական համայնքում երեկ ամենալարված վիճակն էր: Այստեղ գործող համայնքապետը ձայների զգալի տարբերությամբ պարտվեց միակ մրցակցին` Զարզանդ Բաբայանին: Համայնքապետ Հրաչիկ Ավագյանը ստացել է 723 քվե, իսկ մրցակիցը` 1816: Ինչպես բյուրականցիներն էին ասում, պայքարն ընթանում էր գումարի մեջ, թե ով ամենաշատը կծախսի: Երկու թեկնածուներն էլ գումարի պակաս չունեին:

Ի դեպ, այս գյուղում ոստիկանների պակաս էլ չէր զգացվում: Այստեղ էին նույնիսկ կարմիր բերետավորները:

Կոտայք

Աբովյանի համայնքապետ է վերընտրվել Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը: Նա ստացել է 10186 քվե, իսկ անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը`  1778:

Ծաղկաձորում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը` ստանալով 646 քվե, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովիկ Հակոբյանը` 248:

Եղվարդում միակ թեկնածուն ՀՀԿ-ական Նորայր Սարգսյանն էր: Նա 5385 ձայնով ընտրվել է:

Գեղարքունիք

Վարդենիս քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը` ստանալով 3346 քվե, իսկ մրցակիցը`Աշոտ Մարտիրոսյանը` 2195: Ճամբարակում եւ Սեւանում միակ թեկնածուներ Յուրա Ավալյանն ու Ռուդիկ Ղուկասյանը համապատասխանաբար` 2701 եւ 7203 ձայն, իսկ Գավառում 5350 քվեով քաղաքապետ է վերընտրվել Գուրգեն Մարտիրոսյանը: Մյուս 3 թեկնածուներից` ստացած ձայներով ամենամոտը եղել է Դիմիտրի Իսպիրյանը`1159 քվե:

Վայոց Ձոր

Եղեգնաձորում պայքարում էին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուները, որտեղ ձայների զգալի տարբերությամբ հաղթել է ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը`ստանալով 2329 քվե, իսկ մրցակից Սիրեկան Բաբայանը` 1966: Վայքում հաղթել է ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը: Նա ԲՀԿ-ական թեկնածուի`Բաբա Բաբայանի նկատմամբ ունեցել է 1024 քվեի առավելություն, իսկ անկուսակցական Թարո Ավետյանի նկատմամբ տարբերությունը եղել է ընդամենը 82:

Տավուշ

Դիլիջան քաղաքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սանթրոսյանը` ստանալով 4688 քվե, իսկ մրցակիցներ` ԲՀԿ-ական Ժորա Սահաբալյանն ու Գուրգեն Հարությունյանը` համապատասխանաբար` 2824 եւ 428 քվե:

Բերդում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Անդրանիկ Շառյանը պարտվել է իր իսկ կուսակից Հարություն Մանուչարյանին: Գործող քաղաքապետ Շառյանը ստացել է 1065, իսկ կուսակից Մանուչարյանը` 2825 քվե: ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանի օգտին, ով մասնագիտությամբ բժիշկ է, քվեարկել է 741 մարդ:

Նոյեմբերյանում հաղթել է ՀՀԿ-ն. Վանուշ Ամիրաղյանը ստացել է 1670 քվե, իսկ անկուսակցական Քաջիկ Անանյանը` 1425:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter