HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:

Հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել` շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում` այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:

Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են Հայրենիքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ Հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին` շարունակել իրենց աշխատանքներով կարևոր օժանդակություն բերել Հայրենի երկրին և նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդին և առաջնորդ Սրբազան Հորը` թեմական կյանքն արդյունավետ կազմակերպելու և նոր ձեռքբերումներ արձանագրելու համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter