Միշել Փոլադյան. ճանաչենք մեր մեծերին
Նարեկացի արվեստի միությունում արվեստաբան Նելլի Խաչատրյանի համադրմամբ լեզվաբան Միշել Փոլադյանի ցուցահանդեսի բացումն էր: Նարեկացի արվեստի միության ողջ սրահը լեզվաբան Միշել Փոլադյանին էր (1943-2004) նվիրված, որը կոչվում է «Միշել Փոլադյան. փազըլ, դիմանկար»:
Նորություն է հենց ցուցահանդեսի կառուցվածքը, որը նպատակ ունի վերականգնել Փոլադյանի ստեղծագործությունների տարբեր եզրերը:
Ցուցահանդեսը բացվում է հեղինակի ինքնակենսագրական վեպով` ներկայացված ֆրանսերենից հայերեն թարգմանությամբ եւ դոկումենտալ լուսանկարներով:
Հաջորդ մասը կազմում է Փոլադյանի բանաստեղծական ժառանգությունը:
Այս բաժինը շեշտում է այն փաստը, որ Մ. Փոլադյանը 60-ականների սերնդի այն ներկայացուցիչներից է, որ չհրատարակվեց անգամ ձնհալի տարիներին:
Ցուցահանդեսի կարեւոր մասն է կազմում լեզվաբանական բաժինը, որտեղ ներկայացված են Փոլադյանի` ֆրանսերեն եւ հայերեն լույս տեսած աշխատությունները:
Փոլադյանը նաեւ «Մաշտոց» ողբերգության հեղինակն է, որից մեկ հատված ներկայացվեց ցուցահանդեսի բացման ժամանակ:
Ցուցահանդեսի մի կողմում կարելի է տեսնել Փոլադյանի գրքերը, մյուս կողմում՝ նրա լուսանկարները, լեզվաբանի մասին հոդվածները, բեմում՝ Միշել Փոլադյանի աշխատությունները, դիպլոմները, ֆրանսիացի լեզվաբանների եւ ակադեմիկոս Ջահուկյանի` Փոլադյանին տված բարձր գնահատականները…
Ցուցահանդեսի սրահում ներկայացված էին լեզվաբանի գեղանկարչական աշխատանքները՝ կատարված ակվարելի տեխնիկայով:
Արդյունքում ստացվել էր երեկո Միշել Փոլադյանի հետ. այցելուները նրա ներկայությունն զգալու հնարավորություն ստացան:
Լեզվաբան Միշել Փոլադյանին հայաստանյան լայն շրջանակներում չեն ճանաչում, թեեւ իբրեւ լեզվաբան վերջինս անգնահատելի դեր ունի այս ոլորտում եւ արժեքավոր ժառանգություն է թողել նաեւ հայ լեզվաբանության մեջ, սակայն հայրենիքում նրան ճանաչում են նաեւ ավելի շատ որպես 1960-ականների բանաստեղծի եւ Ֆրանսուա Վիյոնի առաջին (նաեւ վերջին) թարգմանչի:
Ցուցահանդեսը կազմակերպել էր արվեստաբան Նելլի Խաչատրյան-Փալադյանը՝ Միշել Փոլադյանի կինը: Վերջինս նշեց, որ այս ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում Մ. Փոլադյանն իբրեւ լեզվաբան ներկայացվի, քանի որ նրան շատերն իբրեւ բանաստեղծ գիտեն, մինչդեռ միջազգային ասպարեզում նա հայտնի է որպես լեզվաբան. դա էր Միշել Փոլադյանի կոչումը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Մ. Փոլադյանի մտերիմները, ովքեր պատմում էին նրա մասին, հիշում նրան:
«Միշել Փոլադյանի հետ ի90-ականներին ենք ծանոթացել: Սորբոնի համալսարանի սանը, մտածող անհատը եկավ Հայաստան՝ հավատով, վստահությամբ լի… Մեր երազանքի տարիներն էին, երազում էինք Հայաստանի մասին, երազում էինք բարձր մշակույթի մասին, բայց հետո հակառակում համոզվեցինք, եւ այս հուսահատությունը միասին ապրեցինք: Այսօր միայն կարող եմ ասել, որ Հայաստանը պատրաստ չէ բարձր մշակույթին: Հիմա անգամ չեն ճանաչում գրական մեծերին, անգամ մեծ արվեստագետներին չգիտեն»,-նշում է Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Նրա խոսքով` Միշել Փոլադյանն եկել էր Հայաստան մեծ երազանքներով, բայց շրջապատվեց չկամությամբ, չարությամբ:
«Նրան չէին ընդունում, քանի որ նա բարձր մտածողություն ուներ, քանի որ հարմարվող, լղոզվող միջավայրի մարդ չէր: Ասես մի լուսավոր մարդ եկել էր հայրենիք, սակայն Հայաստանում նրա համար տեղ չկա: Միշելին փորձում էին անտեսել, անում էին ամեն ինչ, որ նա չերեւա, բոլոր ասպարեզներում նա խնդիրներ էր ունենում»,-ասաց Ա. Ափինյանը:
Հենց սա է նաեւ պատճառը, ըստ Ափինյանի, որ հայկական բուհերում այսօր Միշել Փոլադյանին չեն անցնում: «Միշելը մահացավ Փարիզում. երբ եկա Երեւան եւ այդ մասին հեռաձայնով հայտնեցի նրա ուսանողուհուն, նա չասաց՝ ցավում եմ եւ այլն, նա ուղղակի ասաց. «Ինչպես թե մահացել է, մենք դեռ այնքան հարցեր ունեինք նրան տալու…»»,-պատմում է Ն. Խաչատրյանը՝ նշելով, որ միասին դեռ շատ գործ կար անելու, բազում երազանքներ ունեին անկատար:
Միշել Փոլադյանը լեզվաբան է, սակայն ՆԱՄ-ում ցուցադրվեցին նաեւ նրա գեղանկարչական աշխատանքները:
Քչախոս, դիպուկ ու խորը.այսպես կարելի է մեկնաբանել լեզվաբանի գեղանկարչական աշխատանքները: Դրանք հարազատ են, մտերիմ, անմիջական, եւ նույնիսկ դժվար կարող ես հասկանալ, որ նկարողը մասնագիտական կրթություն չի ստացել:
Լեզվի նման մաքուր, լեզվաբանական մտածողության գեղանկարչական աշխատանքները լիովին կարող էին անգամ ինչ-որ գիրք զարդարել: Ավելացնենք, որ սրահում ցուցադրված յուրաքանչյուր նմուշ սոսկ նմուշ չէ, այլեւ բացառիկ առիթ՝ ճանաչելու, իմանալու ու գնահատելու մեր մեծերից մեկին՝ Միշել Փոլադյանին:
Ցուցահանդեսը բաց է մինչեւ այս ամսվա 25-ը:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել